ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի
Fri, 06 Mar 2026 18:45:21 +0400

Չկարողանալով հասարակությանը որեւէ դրական խոստում տալ՝ ՔՊ-ն անցել է բացահայտ շանտաժի եւ սպառնում է, որ եթե մարդիկ իրենց չընտրեն, կլինի պատերազմ: Եթե այս բանաձեւն ավելի բացենք, կստացվի, որ ՔՊ-ի եւ ՔՊ-ականների ասածը հասարակությանը հետեւյալն է․ եթե մեզ չընտրեք, ձեզ, ձեր երեխաներին եւ հարազատներին կսպանեն, լավագույն դեպքում՝ դուք ստիպված կլինեք թողնել ձեր գույքն ու ունեցվածը եւ փախչել երկրից՝ այդ ամենը թողնելով Ադրբեջանին եւ Թուրքիային: Չեք հավատում` տեսեք, թե մեր իշխանության տարիներին ինչ եղավ Արցախի եւ արցախցիների հետ:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այդ շանտաժը ձեւակերպում է այսպես. «Մեր հաղթանակից է կախված խաղաղության շարունակականությունը, մեր հաղթանակից է կախված, թե այն պրոցեսները, որ մենք սկսել ենք ապաշրջափակման, ԹՐԻՓ-ի, էքզիստենցիալ գոյաբանական ճգնաժամից դուրս գալու եւ ի վերջո զարգացման հուն տանելու, էս ամեն ինչը, վստահաբար, կախված է մեր հաղթանակից: Ընդդիմադիր ուժերն այնպիսի առաջարկներ են անում, որոնք որ քանդելու են խաղաղության ճարտարապետությունը»:
Երբ լրագրողները հարցնում են, թե ընդդիմության ինչ առաջարկների մասին է խոսքը, ընդդիմությունն ասում է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ պայմաններով, Կոնջորյանը պատասխանում է. «Ես բացատրում եմ, թե ընդդիմության գործողությունները ոնց կարող են հանգեցնել պատերազմի. մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սահմանազատվի, կա սահմանազատման հանձնաժողով: Եթե ընդդիմությունը դեմ է, Դաշնակցության 004 շրջաբերականով, Դաշնակցությունը, որն այսօր խորհրդարանում առաջին ընդդիմադիր ուժն է, եթե էդ ուժն ասում է, որ ինքը դեմ է սահմանազատմանը, եթե էդ ուժը սահմանազատման պրոցեսի ժամանակ դուրս է գալիս փողոց եւ փորձում է վիժեցնել սահմանազատման գործընթացը, եթե էդ ուժը գնում ա մարզեր եւ մարդկանց ասում ա, որ հեսա էս հողերը տալու են, 16 միլիոն դրամի ծրագրով տներ մի կառուցեք, եւ մարդկանց մի մասը, շփոթմունքի մեջ ընկնելով, իսկապես չի օգտվում էդ 16 միլիոնի ծրագրից, բա դա խաղաղության դեմ արշավ չի՞, բա դա պատերազմի չի՞ մոտեցնում»:
Երբ ընդդիմությունն ասում է, որ պետք չէ միակողմանի զիջումների գնալ Ադրբեջանին, առանց որեւէ փոխզիջման Ադրբեջանին հանձնել Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածքներ, այն դեպքում, երբ Ադրբեջանն իր հսկողության տակ է պահում ՀՀ զգալի տարածքներ, ստացվում է, որ ընդդիմությունը պատերազմ է հրահրում, երբ ընդդիմությունը մարդկանց զգուշացնում է, որ իմաստ չունի բնակարան կառուցել մի տարածքում, որն իշխանությունը վաղը կարող է հանձնել Ադրբեջանին, իսկ նման դեպքեր կան, երբ մարդկանց սեփականությունը հանձնվել է Ադրբեջանին, դրանով պատերազմ է հրահրում: Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի միայն նրա համար, որ Հայաստանի քաղաքացին հրաժարվում է ինչ-որ տարածքում բնակարան կառուցել, ստացվում է, որ ոչ միայն պետությունը, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ իր բոլոր ծրագրերը, այդ թվում՝ բնակարանաշինական, պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ, այլապես Ադրբեջանը պատերազմ կսկսի:
Կոնջորյանի ասածի մեջ ամենակարեւորը «խաղաղության ճարտարապետություն» բառակապակցությունն է, այն կոնցեպտը, որի միջոցով իշխանությունը խաղաղություն է կառուցում, կանխում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Այդ ճարտարապետությունը շատ պարզ ձեւակերպում ունի` պետական եւ անհատական մակարդակում կատարում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկացած պահանջ, եւ նրանք առիթ չունեն պատերազմ սկսելու: Այո, ցանկացած պահանջ, նույնիսկ եթե այդ պահանջները լինեն տրամաբանությունից կամ բանականությունից դուրս: Օրինակ, Կոնջորյանին պետք է հարցնել, որ եթե վաղը Ադրբեջանը պահանջի, որ Հայաստանն իրենց հանձնի Սեւանա լիճը, բնական է, որ ձեր իշխանությունը միանգամից կհամաձայնի, որովհետեւ դա տեղավորվում է ձեր «խաղաղության ճարտարապետության» մեջ, ընդդիմությունը, բնական է, դեմ կլինի դրան, այդ դեպքում դուք ընդդիմությանը մեղադրելու եք խաղաղության ճարտարապետությանը դեմ գնալու եւ պատերազմ հրահրելու մեջ:
Սա այնքան էլ անհավանական կամ հորինված սցենար չէ. քանի դեռ Հայաստանում կա մի իշխանություն, որը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ Ադրբեջանին, կա մի իշխանություն, որի խաղաղության ճարտարապետությունը հիմնված է հպատակության եւ թշնամու բոլոր պահանջները հնազանդորեն կատարելու մեջ, թշնամին կարող է դնել ցանկացած պահանջ եւ հասնել դրա կատարմանը:
Կոնջորյանը եւ Փաշինյանը հայ հասարակության ճակատին դեմ են տվել ադրբեջանական ատրճանակ եւ սպառնում են մեզ պատերազմով, մահով եւ ունեզրկմամբ, եթե մենք չընտրենք իրենց: Ահա թե ինչպես Հայաստանի եւ հայ հասարակության թշնամի Ադրբեջանը դարձել է իշխանության` Փաշինյանի եւ Կոնջորյանի դաշնակիցը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր