«Հրապարակ»․ Սրանք բացի մարդ բռնելուց ու մարդկանց ունեցվածքը խլելուց ոչինչ չեն անում

«Հրապարակ»․ Սրանք բացի մարդ բռնելուց ու մարդկանց ունեցվածքը խլելուց ոչինչ չեն անում

Fri, 06 Mar 2026 22:15:09 +0400


Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է: Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս սարսափելի վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը վաղ առավոտից ցնծության մեջ է: Պարզվում է` իրենք այդքան էլ չէին սպասում եւ 18 տոկոսը մեծ հրճվանք է պատճառել նրանց: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Իշխանավորները ցնծության մեջ են, որ 18 տոկոս ձայն ունեն` ըստ (IRI) հարցումների: Իսկապե՞ս այդ 18 տոկոսն այդքան բարձր ցուցանիշ է և արժե դրա համար այդքան ուրախանալ:

– Նախ ասեմ, որ ես այդքան էլ չեմ վստահում այս հարցումներին, քանի որ հարցումներ իրականացնողները հիմնականում արևմտյան կենտրոններ են, որոնք բացահայտ այս իշխանություններին են պաշտպանում: Ինչ վերաբերում է իշխանության ուրախությանը, ապա կա մի արևելյան ասացվածք` հալվա ասելով բերանդ չի քաղցրանա: Ինչքան ուզում են թող բարձր վարկանիշից խոսեն, հայ հասարակությանն անհնար է խաբել, այլևս անհնար է նախկին-ներկա կռիվներով մարդկանց պարտադրել, այլևս անհնար է ժողովրդին մանիպուլյացիաների մեջ դնել: Քաղաքական ընդդիմադիր նոր ուժ կա, իսկ իշխանությունն ակնհայտորեն վախենում է կորցնել իշխանությունը: Բոլոր ընդդիմադիր, ազգային մտածող, խելացի մարդիկ պետք է գիտակցեն, որ Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուրիցս, մեր բոլորի` հստակ դիրքորոշումից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գլխավորությամբ` Հայաստանն ապագա չունի: Ով ուզում է մնալ առանց ապագայի, թող մնա Նիկոլի հետ, իսկ ով ուզում է ապագա ունենալ, Հայաստան ունենալ, որը կունենա ազգային, պետական կառավարում, պետք է իր խոսքը ասի օրենքով սահմանված կարգով: Առավոտ կանուխ այսքան գրառումներ անելը փաստում է այն մասին, որ իշխանությունը վախի մեջ է:

– Ի՞նչ կարող է անել Փաշինյանը, որ իր վարկանիշը բարձրանա: Թոշակները բարձրացրեց, սահմաններին դեռ չեն կրակում, իսկ միամիտ զանգվածը հավատում է, որ սա այն է, ինչին սպասել է երկար տարիներ….

– Նիկոլ Փաշինյանը մարդկանց ավելի շատ ահաբեկում է` մարդ բռնելով: Մարդկանց են կալանավորում, շառ են անում, այսօր ինչքան մարդ կա բանտերում` լիքը և բոլորը խոսքի համար, բայց ամեն դեպքում հասարակությունն արդեն արթնանում է և հասկանում է, թե ինչ է կատարվում: Ես իշխանությունների գործողություններում տեսնում եմ նյարդայնություն, իշխանության գլխավոր ղեկավարի մոտ ևս տեսնում եմ այդ ամենը: Ակնհայտ է, որ այս մարդիկ վախենում են, որովհետև իշխանությունը կորցնում: Մնացած ամեն ինչ կախված է ընդդիմության աշխատանքից:

– Բայց Ալեն Սիմոնյանն ասում է` մարջ եմ գալիս, որ այս ընտրություններին ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին:

– Ես վերջին անգամ մարջ եմ եկել չորրորդ դասարանում, երբ դեռ երեխա էի, անաչափաս…. ոնց կարելի է նման անլուրջ հայտարարություններ անել: Ո՞վ է տեսել Ազգային ժողովի նախագահը նման հայտարարություններ անի, սա ի՞նչ բան: Տարիներ առաջ էլ մարջ էին գալիս, որ Արցախը լինելու է, հայկական է մնալու, ապագա է ունենալու, ի՞նչ` այսօր Արցախն ունի՞ ապագա…. Դրանք որ ամոթ ունենան, ուղղակի ծպտուն չեն հանի: Սրանք էն ուժն են, որ ասում էին` Արցախն ապագա ունի, բայց հանձնեցին Արցախը, սրանք էն ուժն են, որ ասում էին գերիները 2-3 ամսից կվերադարձվեն, բայց արդեն հինգ տարի է չկա նման բան, սրանք այն ուժն են, որ ասում էին` Արցախը Հայաստան է և վերջ, դրանից առաջ էլ ասում էին` ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց համատարած մարդկանց տուգանում են: Տնտեսությունը պետք է թռիչքաձև աճեր, բայց այսօր հայտարարում են` մե՞նք ենք մեղավոր, որ ժողովուրդն աղքատ է: Էլ ինչ ասես սրանց: Սրանք միայն արտաքին պարտքն են ավելացրել ու Արցախն են հանձնել, թանկացրել են կարմիր գծերի սակագինը, գույքահարկը, ամեն հնարավոր բան…. ավելացրել են տեսախցիկները և համատարած մարդկանց հարկային բեռի տակ են կոխել: Իրենց կյանքի որակը հաստատապես լավացել է, բայց արդյո՞ք ժողովրդի կյանքի որակը փոխվել է: Երկրի անվտանգությունը դարձրել են խոցելի, պետությունը` թուրքական մարիոնետկա, Արցախը հանձնել են, 150 հազար մարդու դարձրել փախստական, ապագան մշուշոտ է, տնտեսական աճ էլ չկա, պարտք են վերցնում` պարտք պարտքի հետևից: 2018-ին ինչքան որ արտաքին պարտք ենք ունեցել, հիմա դրանից երկու անգամ ավել պարտք ունենք:

– Բայց ասում են` տնտեսական աճ կա, ՀՆԱ-ն աճել է և այլն:

– Ես տնտեսագետ չեմ, բայց արհեստավարժ տնտեսագետները առավոտից երեկո խոսում են, թե ինչ է կատարվում իրականում: Սրանք բացի մարդ բռնելուց ու մարդկանց ունեցվածքը խլելուց ոչինչ չեն անում: Սրբազանին խայտառակեցին, հետո ազատեցին, տուն ուղարկեցին, հիմա էդ մարդուց ո՞վ պետք է ներողություն խնդրի: Այստեղ իշխանություն չկա: Հարևան Իրանը պատերազմի մեջ, սրանք ուդարնիկ են նվագում, դա լո՞ւրջ է: Նման իշխանություն որտե՞ղ եք տեսել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի Fri, 06 Mar 2026 18:45:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով