Քեն Խաչիկյանի կենտրոնը ֆինանսավորելու է փաստահավաք կազմակերպության աշխատանքը
Sat, 07 Mar 2026 12:15:00 +0400

Հայաստանում ընտրություններից առաջ նոր փաստահավաք կազմակերպություն է գործելու՝ «Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարան», կամ՝ IODA-ն: Մարտի 5-ին տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ այն նպատակ ունի գնահատել ժողովրդավարական պայմանները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Այս նորահայտ կառույցի գործադիր խորհրդի կազմում մի քանի հայտնի իրավապաշտպանների ու փորձագետների անուններ են՝ Քենեթ Ռոթ, որը երկար տարիներ ղեկավարել է հանրաճանաչ «Human Rights Watch»-ը, մարդու իրավունքների ոլորտի ճանաչված ակտիվիստ Սառա Լի Ուիթսոն, Ուիլյամ Բուրդոն՝ հակակոռուպցիոն գործերով հայտնի ֆրանսիացի փաստաբան, Ֆիլիպ Քալֆայան՝ միջազգային իրավաբան, այլք:
«Առաջիկա ամիսներին Հայաստանի ժողովրդավարությունը կանգնած է լինելու լուրջ ստուգողականի առաջ: Խորը քաղաքական բևեռացման, արտաքին միջամտության վերաբերյալ պնդումների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների, լրագրողների, հոգևորականների և այլ այլախոհ ձայների նկատմամբ ճնշումների աճող մտահոգությունների պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք հունիսյան ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին», — նշել է IODA-ի համակարգող Քալֆայանը։ Խմբի առաջիկա պլաններն են 2026 թ. մարտի 7-ից 12-ը Հայաստանում «քաղաքական և քաղաքացիական հասարակության լայն շրջանակ ներկայացնող դերակատարների հետ» խորհրդակցություն անցկացնել, հանդիպել պետական կառույցների՝ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների, ԲԴԽ, ՍԴ, ԿԸՀ, ՄԻՊ ներկայացուցիչների, ԱԺ խմբակցությունների, դատավորների, փաստաբանների, ՀԿ-ների, տարբեր կուսակցությունների, ԶԼՄ-ների, Հայ Առաքելական Եկեղեցու, ԵՄ ներկայացուցիչների, նաեւ տարբեր երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ներկայացնող դիվանագետների հետ:
IODA -ի պաշտոնական կայքէջն ուսումնասիրելով, պարզեցինք, որ այն վերջերս է ստեղծվել եւ որևէ ուսումնասիրություն, կամ գնահատում այլ երկրներում չի իրականացրել: Առայժմ միակ հրապարակումը հայաստանյան ընտրությունների վերաբերյալ սույն ռելիզն է: Ո՞վ է ֆինանսավորվելու «դիտարանի» գործունեությունը: IODA -ի քարտուղարությունից մեզ հայտնեցին, որ նախաձեռնող խումբը դիմել է տարբեր միջազգային կազմակերպությունների, սակայն կառույցը, որը արձագանքել է եւ համաձայնվել է ֆինանսավորել անկախ փորձագետների եւ իրավապաշտպանների գործունեությունը, եղել է «Արդարության եւ Մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»: «Մեր ընթացիկ գործունեությունը ֆինանսավորում է Արդարության եւ Մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը: Իսկ ընդհանրապես, աշխատանքների հետ կապված բոլոր փորձագետները, որոնք ներառված են, թե գործադիր, թե խորհրդակցական մարմիններում, բոլորը Մարդու իրավունքների, ժողովրդավարության, ժողովրդավարական ստանդարտների ապահովման ոլորտում փորձ ունեցող մասնագետներ են: Ոմանք իրենց գործունեության ընթացքում մասնակցություն ունեցել են տարբեր երկրներում ընտրական պրոցեսներին: Ոմանք դիտորդական առաքելություն են իրականացրել, ոմանք Մարդու իրավունքների ոլորտում», – IODA – ի քարտուղարությունից «Հրապարակի» հարցերին պատասխանելով, հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ Աննա Իվանյանը:
Կազմակերպությունը ստեղծված է զուտ հայկակա՞ն ընտրությունները գնահատելու համար: «Այս պահին՝ այո: Իրականում նախաձեռնության հիմնադիրը Ֆիլիպ Քալֆայանն է, սա նրա նախաձեռնությունն է, իսկ թե հետագայում ինչ ընթացք կունենա` կդառնա միջազգային, թե կկենտրոնանա զուտ հայաստանյան գործընթացների վրա, դեռ չենք կարող ասել: IODA – ն չի ենթադրում որևէ իրավական կարգավիճակ, այն փորձագետների ոչ պաշտոնական խումբ է», – ասում է Աննա Իվանյանը: Վերջնական զեկույցը, ըստ քարտուղարության, կներկայացվի ընտրություններից հետո, իսկ մինչ այդ՝ ապրիլին գործադիր մարմնի ներկայացուցիչները կլինեն Հայաստանում, փաստահավաք առաքելությամբ, կհանդիպեն հանրային եւ պետական բոլոր սեկտորների ներկայացուցիչներին, բազմակողմանի եւ օբյեկտիվ գնահատականներ ձեւավորելու համար:
IODA – ի ֆինանսավորողը՝ «Արդարության եւ Մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» /ALC/ ղեկավարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը: Այս կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում: Լայն հանրությանը կազմակերպությունը հայտնի է նրանով, որ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիմնավոր ապացույցներ` առ այն, որ նրանք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Փաստորեն, սա միակ կազմակերպությունն է, որը համաձայնել է գումար տրամադրել միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպանների եւ փորձագետների փաստահավաք աշխատանքին, ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գնահատականների համար:
Հիշենենք՝ իշխանությունը ընտրությունների շեմին մի շարք քայլեր ձեռնարկեց, որոնք ակնհայտորեն թուլացնում են իրեն վերահսկելու ընդդիմության հնարավորությունները: Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարեց, որոնցով սահմանափակեց դիտորդական առաքելությունների գործունեությունը եւ փաստացի բարդացրեց ընտրությունների վերահսկման մեխանիզմները: Այդ թվում ներդրեց անհասկանալի «քաղաքական չեզոքության» չափանիշ, ըստ որի դիտորդների ցանկացած գործողություն, կամ հայտարարություն կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, ֆինանսական թափանցիկության պահանջ դրեց, օտարերկրյա դիտորդների հավատարմագրման ժամկետների սահմանումը խստացրեց եւ այլն: Նաեւ քրեականացվեց բարեգործությունը: Այս քայլերն ակնհայտորեն, ընդդիմադիր դաշտի դեմ էին` «Հայաքվեի», Գոհար Մելոյանի ղեկավարած «Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ -ի, Գագիկ Ծառուկյանի եւ «Տաշիր» հիմնադրամ: Սակայն փաստահավաք առաքելությունները որևեէ կերպ չեն կարող սահմանափակվել: Փաստահավաք գործունեությունն է լինելու գալիք ընտրությունների շրջանում իշխանության վերահսկողության հիմնական մեխանիզմը՝ հանրության, ընդդիմության, քաղաքական եւ հասարակական սեկտորի կողմից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր