«Հրապարակ»․ Դաշտում ազդեցիկ դերակատար է հայտնվել, ով խառնել է բոլորի խաղաքարտերը

«Հրապարակ»․ Դաշտում ազդեցիկ դերակատար է հայտնվել, ով խառնել է բոլորի խաղաքարտերը

Sat, 07 Mar 2026 12:45:00 +0400


Խորհրդարանական ընտրություններին մնաց երեք ամիս, սակայն դեռևս քաղաքական վերադասավորումների փուլը չի ավարտվել, չնայած արդեն իսկ պարզ է, թե որ ուժերն են հիմնականում մասնակցելու ընտրություններին և ինչ միավորումներ են լինելու: Այնուամենայնիվ դեռևս կան քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք մինչ այս պահը փնտրտուքի մեջ են և դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ֆորմատով մասնակցեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին: Ի՞նչ ծրագրեր ունի «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: «Հրապարակը» զրուցել է Ն. Նորիկյանի հետ:

– Առաջիկա ընտրությունների հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք, պատրաստվո՞ւմ եք մասնակցել: Կարծես վերադասավորումների փուլը ավարտվում է, հստակեցվել են ընտրություններին մասնակցող ուժերը, դաշինքները և այլն:

– Ամենայն հավանականությամբ հենց այս ամսվա վերջին կուսակցությունը կգումարի համագումար և այդ ընթացքում կտանք բոլոր հարցերի և որոշումների պատասխանները, այդ թվում` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին կխոսենք, այս կամ այն ուժի հետ մասնակցելու, կամ չմասնակցելու մասին: Այս պահին չունենք որևէ վերջնական որոշում: Բնականաբար տարբեր հարթություններում ու ձևաչափերում քննարկումներ են ընթանում, առանձին քաղաքական ուժերի հետ, կուսակցությունների հետ, այս պահին որևիցե որոշում չունենք, սակայն այս ամսվա վերջին մենք կհրապարակենք մեր դիրքորոշումը առաջիկա ընտրություններին մասնակցելու մասով:

– Մենք տեղեկություն ունենք, որ բանակցություններ են գնում, պատրաստվում եք ընտրություններին մասնակցել` Էդմոն Մարուքյանի, Վարդան Ղուկասյանի` Դոգի և Սամվել Բաբայանի հետ:

– Մարուքյանի և Վարդան Ղուկասյանի հետ որևէ բանակցություն անգամ չեմ ունեցել, իսկ Սամվել Բաբայանի հետ ունեցել եմ շփումներ, բայց որոշում` որպես այդպիսին, կամ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Որոշակի քննարկումներ են եղել ընդհանուր քաղաքական պրոցեսների մասին, սակայն միավորվելու մասին որոշում չունենք:

– Իսկ հնարավո՞ր է Դոգի, կամ Մարուքյանի հետ, ինչու չէ` Սամվել Բաբայանի հետ հետագայում միավորվեք:

– Ես նման հեռանկար չեմ տեսնում: Ոչ մեկի հետ այս պահին հեռանկար չեմ տեսնում: Սամվել Բաբայանին շուտվանից եմ ճանաչում, բայց դա չի նշանակում, որ նման պլաններ ունենք:

– Իսկ կա՞ն ուժեր, որոնց հետ պատկերացնում եք ձեր համագործակցությունը:

– Քննարկումներ կան, սակայն այդ մասին կխոսենք առաջիկայում` կուսակցության համագումարից հետո:

– Իսկ մենակ մասնակցելու դեպքում հույս ունեք հաղթահարե՞լ անցողիկ շեմը:

– Շատ դժվար է ասելը, սակայն տեսնենք, թե ինչ կլինի: Մենք չունենք որոշում, ինտենսիվ քննարկումների փուլ է, վերլուծում ենք: Անկեղծ ասեմ` քաղաքական դաշտում դերակատար է հայտնվել, ով բավականին ազդեցիկ է ու հեղինակավոր, նա բոլոր խաղաքարտերը իրար է խառնել: Խոսքը` Սամվել Կարապետյանի մասին է: Կարապետյանը ունի լրջագույն համախմբում իրականացնելու պոտենցիալ, եթե ֆուտբոլային տերմինով ասեմ, ապա այս քաղաքական խաղում նա ունի հնարավորություն խաղալու ոչ թե սեփական թիմով, այլ` հավաքական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է Sat, 07 Mar 2026 08:45:00 +0400 Իշխող կուսակցությունում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով