Բռնապետի գաղտնի թղթապանակը

Բռնապետի գաղտնի թղթապանակը

Sat, 07 Mar 2026 22:45:00 +0400


N թվականին, երբ Հայաստանում սկիզբ առած «Սրբազան արժեքների միաբանություն» ուխտի գործունեությունն սկսել էր իր անվանը համապատասխան պտուղներ տալ, եւ, օրինակ, արդարամտությունը կարծես դարձել էր մարդ արարածի կենսաբանական էություն, անհատական, հասարակական ու համընդհանուր կենսահայեցողություն ու կենսակերպ, իսկ Հայաստանը նաեւ դրա շնորհիվ վերականգնել էր նույնիսկ պատմական արդարությունը, հանկարծակի լուրեր տարածվեցին, որ հայտնաբերվել է անհետացած Բռնապետի գաղտնի արխիվը, որը որոշակի լույս կարող էր սփռել Բռնապետի թե՛ անհասկանալի ու անբացատրելի, նույնիսկ առեղծվածային թվացող գործողությունների ու արարքների, թե՛ նրա խիստ տարօրինակ, անըմբռնելի եւ անմեկնելի թվացող գաղափարների ու սկզբունքների վրա, ինչը թերեւս ավելի կարեւոր էր։

Սկզբում արխիվի պարունակության մասին լուրերն այնքան անորոշ ու հանելուկային էին, որքան Բռնապետի անհետացման երեւույթն ինքնին։ Սակայն այդ անորոշությունն աստիճանաբար փարատվեց այս ու այն կողմից տարածվող համառ պնդումներով, թե հայտնաբերվածն ընդամենը մի թղթապանակ է, որի պարունակությունը բնավ էլ այնքան հանելուկային չէ, ինչպես թվացել էր սկզբում։
Ըստ այդ լուրերի՝ թղթապանակն ընդամենը մի հավաքածու էր, որտեղ ընդգրկված էին Բռնապետի ամենահավատարիմ մարդկանց ու հետեւորդներին վերաբերող նյութեր, որոնց միջոցով Բռնապետը խոստանում էր հավատարմության դեպքում պարգեւատրել նրանց, իսկ անհավատարմության կամ այլ անհրաժեշտության դեպքում սպառնում էր շանտաժի ենթարկել եւ ապագա անխուսափելի պատժի ուրվականով ստիպել ցմահ հավատարիմ մնալ իրեն։ Այլ կերպ ասած՝ այդ թղթապանակն ընդամենը «դոսյեների» կույտ էր, որոնց միջոցով Բռնապետը փորձում էր տարածել ու հաստատուն պահել իր միահեծան իշխանությունը։

Պիտի ավելացնել, սակայն, որ այդ «դոսյեները» խոսում էին ոչ միայն դրանց տերերի մասին, այլեւ վեր էին հանում Բռնապետի հոգու խորքում կուտակված բնավորության թաքուն գծերը, որոնցից հիմնականները թերեւս սադոմազոխիստական հակումներ էին կամ անլիարժեքության եւ մեծամոլության բարդույթների անհաշտ ու անանց բախում, կամ ինքնասիրահարվածության եւ ինքնարհամարհանքի մոլեգին դրսեւորումներ, կամ մարդատյացության եւ անձնատյացության խրախճագին անհագություն, կամ հասարակությունը պառակտելու եւ իրականների ու թշնամականների բաժանելու հիվանդագին տենդ, կամ բացասական լիցք արտածելու անդիմադրելի մղում, կամ երեսպաշտություն ու կեղծապատիրություն, կամ պաթոլոգիկ ստախոսություն, կամ աջ ու ձախ թույն ու թարախ թափելու բնածին հայհոյամտություն, կամ անհագ որկրամոլություն, կամ անթաքույց ու թաքուցյալ ցինիզմ, կամ նմանատիպ ու բազում այլ հատկություններ, որոնց պատկերը, ինչպես ասվեց, անուղղակիորեն արտացոլված էր գաղտնի թղթապանակում։

Հետաքրքիր է, որ Բռնապետի ամենամեծ սպառնալիքներից մեկը հանգում էր առանց իրեն ապագայով վախեցնելուն։ Ընդ որում, նա ոչ միայն պարզ հայտարարում էր, որ իր իշխանության անկման կամ իրենից հրաժարվելու դեպքում նրանց անխուսափելի պատիժներ են սպառնում, այլեւ նշում էր պատժի տեսակներն ու նախազգուշացնում, որ դրանցից նվազագույնը կարող է լինել Անարգանքի սյունը։
Պակաս հետաքրքիր չէր այն, որ Բռնապետը թղթապանակի բազմաէջանոց սեւագրություններում լայն անդրադարձ էր կատարել Անարգանքի սյունին գամելու պատժատեսակի պատմությանը, բերել օրինակներ, թե ինչպես է ծագել այն, ինչ դրսեւորումներ է ունեցել հին ու նոր աշխարհներում, Արեւելքում, Արեւմուտքում, ինչ ձեւերով ու անուններով է հանդես եկել, ինչ նպատակներ է հետապնդել եւ այլն, եւ այլն։

Թեեւ հանրահայտ է, որ Անարգանքի սյունին գամելը եղել է ոչ այնքան ֆիզիկական կամ իրավական պատժատեսակ, որքան հասարակական պարսավանքի միջոցով պատժի ենթարկելու եղանակ, սակայն ուշագրավն այն էր, որ Բռնապետը թեեւ իր գործունեությամբ զրոյի էր հավասարեցրել հասարակական կարծիքի դերն ու նշանակությունը, այդպիսով իսպառ փոշիացրել նաեւ հանրային պարսավանքի ինստիտուտի դերն ու նշանակությունը, բայց իր ենթականերին սպառնում էր հենց այդ ինստիտուտի գործունեության հետեւանքներով, այն էլ՝ վաղուց մոռացության մատնված մի պատժատեսակով վախեցնելով եւ կարծես ակնարկելով, թե գոյություն ունի պատժի մի ոլորտ, որտեղ չի գործում հանցանքի ժամկետանցության իրավաբանական նորմը, եւ ապագան անցյալի հայելին է սոսկ, որտեղ հանցանքը կարող է արտացոլվել նաեւ իբրեւ մեղք ու մեղսագործություն։

Այդուամենայնիվ, թղթապանակի բովանդակության մեջ չափազանց խորամուխ լինելու գայթակղությունից զերծ մնալով ասենք, որ այդտեղ ամենաուշագրավ հանգամանքներից մեկն այն մեթոդաբանությունն էր, որով Բռնապետը դասակարգել էր խոստումների ու սպառնալիքի ենթարկվողներին եւ չափման այն միավորը, որով նա գնահատում էր նրանց։

Գրառումների այս հատվածը նա սկսել էր «Իմ ուժը ձեր ստոր/աքարշ/ության մեջ է» նախադասությամբ։ Ի դեպ, սեւագրերում նա մի տեղ փակագծում լատինական հարցական նշան էր դրել «ստորաքարշություն» բառի կողքին եւ գրել «ստորություն», ասես չէր կողմնորոշվել, թե որ ձեւակերպմանը նախապատվություն տա, հետո միավորել էր այդ երկուսը եւ այնուհետեւ օգտագործել մեր մեջբերած ձեւով։ Բացի այդ, սեւագրություններում Բռնապետն օգտագործել էր եւս մի քանի նմանատիպ աֆորիստիկ արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ, «Ձեր անվտանգությունը Ձեր ստորաքարշության մեջ է» կամ «Փոքրոգությունը գոյապահպանման միջոց է», կամ «Նույնն է պատիժը, եւ նույնն է պարգեւը», կամ «Այս աշխարհում գաղտնիք գոյություն չունի․ գաղտնիք գոյություն ունի միայն նրանց համար, ովքեր չեն ուզում իմանալ այն», ապա եւ՝ «Հիբրիդային խոստումներ ու պարգեւներ», «Հիբրիդային սպառնալիքներ, հիբրիդային շանտաժ, հիբրիդային մեղադրանք» կարծես ուղեցուցային բանաձեւումները եւ այլն, եւ այլն։

Ապա Բռնապետը ներկայացրել էր գնահատման մի բավական հստակ սանդղակ, որտեղ իբրեւ պարգեւի կամ պատժի չափման միավոր օգտագործում էր կարծես տիեզերական չափման միավորի հնչողության հավակնող «ստորաս» անվամբ գնահատման մի միավոր։
Թղթապանակի պարունակությանը քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկի համար գաղտնիք չէր կարող լինել, որ այս «ստորասը» Բռնապետի հորինած չափման միավորն է, բառի պարզ վերլուծությունն իսկ ցույց էր տալիս, որ այն բաղկացած է «ստոր» եւ «աս»-աստիճան բառարմատներից, հետեւաբար՝ նշանակում է «ստորության աստիճան» կամ «ստորաքարշության աստիճան» (այստեղ պարզ էր դառնում, թե ինչու էր Բռնապետը երկմտել նախապատվությունը սրանցից մեկին կամ մյուսին տալու հարցում, սակայն մենք ձեռնպահ կմնանք այն հստակեցնելու փորձերից՝ ընթերցողին թողնելով եզրակացնել, թե վերջին հաշվով ինչի մեջ էր տեսել Բռնապետն իր ուժը՝ ենթակաների ու հետեւորդների ստորությա՞ն, ստորաքարշությա՞ն, թե՞ միաժամանակ երկուսի մեջ, ուստի առաջարկում ենք բռնապետի չափման միավորը մտովի վերծանել այնպես, որ այն նույնպես միաժամանակ արտացոլի երկու տարբերակն էլ՝ «ստոր/աքարշ/աս»)։

Գնահատման այս չափորոշիչը սահմանելուց հետո Բռնապետն իր հետեւորդներին բաժանել էր խավերի, կարելի է ասել՝ կաստաների, եւ յուրաքանչյուրի համար սահմանել «ստորաս»-ի արդեն ընդհանրական աստիճաններ եւ ըստ այդմ էլ սահմանել էր Պարգեւների սյունի կամ Անարգանքի սյունի տեսակներն ու դրանց կիրառման ձեւերը։
Այսպես․

Պաշտոնյաների համար նա սահմանել էր չափման «պաստորաս» միավոր, որը, հասկանալի է, նշանակում էր «պաշտոնյայի ստոր/աքարշ/ության աստիճան»։ Ուժայինների համար սահմանել էր չափման «ուժաստորաս» միավոր, որը նշանակում էր «ուժայինների ստոր/աքարշ/ության աստիճան», սակայն Բռնապետը կարծես գյուտ էր արել եւ, իբրեւ նորություն, սեւագրություններում փորձել էր ավելի հստակ կամ այլիմաստ բացատրել այս միավորը եւ իրեն բնորոշ չարախնդությամբ օգտագործել էր բառի նույնիսկ ռուսերեն տառաձեւը՝ ужасторас, այն էլ՝ գծիկով կամայականորեն բաժանելով երկու մասի եւ վերածելով հայերենում անիմաստ ужас-торас բառի։ Հոգեւորականների համար նա սահմանել էր չափման «հոգեստորաս» միավոր, որն ակնհայտորեն նշանակում էր «հոգեւորականի ստոր/աքարշ/ության աստիճան»։ Մտավորականների համար սահմանել էր չափման «մտաստորաս» միավոր, որը նշանակում էր «մտավորականի ստոր/աքարշ/ության աստիճան»։ Ամբոխի համար սահմանել էր «ամբոստորաս» չափման միավոր, որը, պարզ է` նշանակում էր «ամբոխի ստոր/աքարշ/ության աստիճան»։

Այդպես սահմանված էին նաեւ հասարակության այլ խավերին տրված գնահատականներն ու չափման միավորները, որոնց անդրադառնալն անիմաստ է, որովհետեւ դա կարծես վերջ չունեցող մի շարան էր։ Սակայն ուզում ենք անդրադառնալ եւս մի, մեր կարծիքով՝ բավական ուշագրավ ձեւակերպման, որը նույնպես բավական լույս է սփռում Բռնապետի մտածողության ու նրա իշխանության երկարակեցության գաղտնիքի վրա։ Բռնապետն օգտագործել էր նաեւ «համաստորաս» ձեւակերպմամբ մի գնահատական, որը սկզբում թվաց, թե ինչ-որ համընդհանուր բնույթի գնահատական է, սակայն սեւագրության հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն ընդամենը «հասարակ մարդու ստոր/աքարշ/ության աստիճան» արտահայտության հապավումն է։

Պետք է ասել, որ Պարգեւների սյունին արժանացնելու հիմնավորումներն ու ձեւերը ներկայացնելիս Բռնապետն իր ձեւակերպումներում եղել էր բավական ժլատ ու անտարբեր՝ բոլորի համար սահմանելով մեկ ընդհանուր սանդղակ՝ մեկ ստորասը գնահատելով իբրեւ մեկ պարգեւավճար։

Այլ էր եղել նրա վերաբերմունքն Անարգանքի սյունի հարցում։ Այստեղ նա դրսեւորել էր, կարելի է ասել, իրոք անսանձ երեւակայություն եւ լիովին հագուրդ տվել իր չարախինդ, հիշաչար ու քինախնդիր բնավորությանը։ Այսպես, նա «Անարգանքի սյուն» արտահայտությունը նույնպես վերածել էր չափման միավորի եւ այդ արտահայտությունն այնպես էր հապավել, որ ստացել էր «Անասյուն» ոչ այնքան երկիմաստ բառը (սեւագրություններում նա փոփոխության էր ենթարկել նաեւ այս բառը եւ, յ-ի վրա գիծ քաշելով, ստացել ուղղակի Անասուն, սակայն հետո կարծես ամաչել էր, որ այդքան բութ ու անհասկացողի տեղ է դնում իր հետեւորդներին, եւ վերականգնել էր բառի նախնական տեսքը)։

Բռնապետի գաղտնի թղթապանակի սեւագրություններում հայտնաբերված աղյուսակն ուներ հետեւյալ տեսքը․
Մեկ համաստորասը հավասար է տասը Անասյունի (այսինքն՝ Անարգանքի սյունի)։ Մեկ ամբոստորասը հավասար է երկու համաստորասի, հավասար է քսան Անասյունի։ Եվ շարունակել էր նույն տրամաբանությամբ․

Մեկ պաստորասը հավասար է երեսուն Անասյունի։ Մեկ ուժաստորասը հավասար է քառասուն Անասյունի։ Մեկ հոգեստորասը հավասար է հիսուն Անասյունի։ Մեկ մտաստորասը հավասար է վաթսուն Անասյունի։

Ճիշտ է, այստեղ կարող է առաջանալ Բռնապետի գնահատման միավորները, աստիճաններն ու սանդղակը վիճարկելու գայթակղություն, մասնավորապես, կարող է բնական հարց ծագել, թե ինչու նա իր սանդղակում չէր ընդգրկել իրավապաշտպան հորջորջվող կամ այլեւայլ կազմակերպություններին, խոշոր կամ մանր եղջերավոր անհատներին, մտքով կույրերին, հաստահամառակողներին եւ այլն, սակայն հասկանալի է, որ պետք է արագորեն ազատվել այդ մտքից, քանի որ դա բոլորովին անիմաստ զբաղմունք է, մանավանդ որ վստահ չենք, թե որեւէ մեկը կարող է այս բնագավառում ունենալ այնպիսի հիվանդորեն անսանձ երեւակայություն, ինչպիսին Բռնապետինն էր։

Ասում են, սակայն, որ Բռնապետի գաղտնի արխիվում դեռ կան չհայտնաբերված շատ թղթապանակներ, որոնցից մեկում նա, հայտնի հեղինակի հայտնի հերոսի օրինակով, ինքնադատաստանի եւ ինքնախոշտանգման է ենթարկում ինքն իրեն եւ ինքնակամ գամվում Անարգանքի սյունին, սակայն այս խոսակցությունները դեռ փաստացի ապացույցներ չունեն։ Բացի այդ, դա կարող էր խաբկանք ստեղծել, որ Բռնապետի մեջ արթնացել է խիղճը կամ զղջումը, կամ նման մի բան, ինչը, սակայն, խիստ անհավանական էր Բռնապետի բնույթի համար, մանավանդ որ չէին հայտնաբերվել գնահատումների այն սանդղակն ու միավորների այն քանակը, որոնցով այդ դեպքում պիտի ինքն իրեն չափորոշած լիներ նա։

Ճիշտ է, այս երկրորդ թղթապանակի գոյությանը հավատացողները պնդում էին, թե չհայտնաբերված թղթապանակում Բռնապետի ինքնաստորասներն ուղղակի միտում են անսահմանության եւ չափման իսկապես տիեզերական միավորների, իրենք նույնիսկ փորձել են ինքնուրույն չափել նրա ստորասների քանակը եւ հանգել են նրան, որ մեկ Բռնաստորասը հավասար է ուղիղ վեց հարյուր վաթսունվեց ստորասի, իսկ Բռնապետն իրեն ինքնադատաստանի է ենթարկում ոչ թե իր սխալի գիտակցումից կամ արթնացած խղճի թելադրանքով, ոչ էլ, առավել եւս, իր իրավացիությունն ապացուցելու մղումից, այլ գիտակցելով, որ ինքը գործի է դրել մի այնպիսի մեխանիզմ, որի աշխատանքը հնարավոր չէ կանգնեցնել, եւ այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել, ինչպես հնարավոր չէ կանգնեցնել կամ փոխել իրերի բնական ընթացքը, սակայն այս պնդումները սոսկ ենթադրական էին եւ քննադատության այնքան էլ չէին դիմանում։
Այդուհանդերձ, այսօրինակ պնդումներից առավել հետաքրքիրն այն էր՝ Բռնապետն իբր այդ թղթապանակը վերնագրե՞լ, թե՞ ավարտել է իրեն բնորոշ մի տարօրինակ նախադասությամբ՝ գլխագիր գրելով՝ ԳԵՐՄԱՐԴՈւ ՎԵՐՋԸ ՍՏՈՐԱՄԱՐԴՆ Է, ինչն էլ մենք օգտագործել ենք իբրեւ երկրորդ վերնագիր՝ հուսալով, որ մի օր կհայտնաբերվի նաեւ այդ թղթապանակը, եւ կբացահայտվի դրա բովանդակությունը նույնպես։

Հակոբ Սողոմոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թափառող շները Գյումրիում հարձակվել են փողոցով անցնող կնոջ վրա (տեսանյութ)

Թափառող շները Գյումրիում հարձակվել են փողոցով անցնող կնոջ վրա (տեսանյութ) Sat, 07 Mar 2026 23:33:24…

4 ժամ ago

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա Sat, 07 Mar…

4 ժամ ago

Եթե նման խայտառակություն լիներ իմ ժամանակ, ինձ կուտեին, չէին ների․ Ռոբերտ Քոչարյան

Եթե նման խայտառակություն լիներ իմ ժամանակ, ինձ կուտեին, չէին ների․ Ռոբերտ Քոչարյան Sat, 07 Mar…

4 ժամ ago

Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից

Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից Sat, 07 Mar 2026 23:15:12…

5 ժամ ago

Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ Քոչարյան

Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ Քոչարյան Sat, 07 Mar 2026 23:08:00 +0400 Եթե…

5 ժամ ago

Կարող եմ երրորդ անգամ երկիրը ղեկավարել

Կարող եմ երրորդ անգամ երկիրը ղեկավարել Sat, 07 Mar 2026 23:00:14 +0400 Ես, որպես առաջնորդ,…

5 ժամ ago