Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ

Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ

Mon, 09 Mar 2026 14:45:38 +0400


ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետևյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էինք «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձևակերպումը և ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաև պաշտոնական մակարդակով էր ամրագրված։ Պաշտոնական Երևանի տարբեր կառավարիչներ ընդգծում էին Իրանի հետ «հատուկ հարաբերությունների» կարևորությունը, հանգամանք, որն անգամ ՀՀ-ԱՄՆ միջպետական հարաբերությունների համար արգելանք չէր դիտվում։ Վաշինգտոնն ըմբռնումով էր մոտենում շրջափակված Հայաստանի այդ մոտեցմանը։

Անշուշտ, Իրանի հետ կյանքի ճանապարհի մասին ջերմ հիշողությունը հայ-իրանական ջերմ հարաբերությունների միակ պատճառը չէր։ Իրանը նաև ՌԴ արտաքին քաղաքական և տնտեսական կարևոր գործընկերն էր, իսկ Հայաստանի կախյալությունը Մոսկվայից ահռելի է՝ ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական և տնտեսական առումներով։ Ուշագրավն այն էր, որ չնայած այս ամենին, Մոսկվան հնարավորինս խոչընդոտում էր նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ փաստացի արգելք դնելով իրանական գազատարի խողովակաշարի շինարարության վրա՝ որոշելով անգամ խողովակաշարի տրամագծի չափերը։
Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թեհրանը քանիցս նաև կարգավորման միջնորդություն է ստանձնել։
Փոփոխվող աշխարհակարգը և ավելի ու ավելի թեժացող և խորացող տարածաշրջանային հակամարտությունները, տարաբնույթ պատերազմներն ու ճգնաժամերն արագ փոխեցին աշխարհը, տարածաշրջանը, բայց անփոփոխ մնաց հայերի դիրքորոշումը Իրանի հանդեպ։ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» հայոց համազգային դիրքորոշումը չփոխվեց, թեպետ հարկ էր, որ այն փոխվեր «Իրանի մասին և՛լավ, և՛ ամեն ինչ» մոտեցման։

2020թ․ ղարաբաղյան պատերազմից հետո պաշտոնական Թեհրանը հեզասահ դարձավ Բաքվի նոր գործընկերը՝ կանգնելով Ադրբեջանի՝ «հաղթողի» կողքին։ Իրանի նախկին նախագահ Ռայիսին ողջունեց «Ղարաբաղի ազատագրումը», իսկ 2023թ․ սեպտեմբերյան բախումներից հետո հայտարարեց՝ «Ղարաբաղը, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը»։ Ռայիսիի հայտարարությունը հայերին դառնացրեց, թեպետ ոչ այնքան, որքան Պուտինի դավաճանությունը Արցախին։
Այդ հայտարարությունից մեկ տարի անց Ռայիսիի ուղղաթիռը, Ադրբեջանից Իրան ուղևորվելիս, առեղծվածային ավիաաղետի ենթարկվեց։ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանը Ալիևի հրավերով 2025թ․ հունիսին մասնակցեց բռնազավթված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Պետություններին առաջնորդում են ազգային, պետական շահերը, այժմ նաև՝ սեփական իշխանությունն իրենց երկրներում անխոցելի պահելու ձգտումները։ Իրանը, իհարկե, դարձավ Զանգեզուրի միջանցքի ձգտումների կասեցման ջատագովը, սակայն բանավոր սպառանալիքներից այն կողմ չանցավ։

Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվեց, թեպետ չնվազեց հայերի երախտագիտությունը Իրանի հանդեպ։ Թեհրանին Հայաստանում ամեն ինչ ներվեց։ Նաև՝ հայ ժողովրդի համար թանկ Արցախի կորստից հետո Թեհրանի ոգևորիչ հռետորաբանությունը։ Թեհրանը չգիտակցեց հայկական Արցախի կարևորությունը հենց Իրանի համար։
2025թ․ ամռանը Թեհրանը միացավ Ստամբուլի հռչակագրին, որի տեքստում Բաքուն ընդգրկել էր «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը՝ պահանջելով Հայաստանից «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։
Չնայած այս ամենին՝ այժմ Հայաստանում միամտաբար և պարզամտորեն շատերն են սպասում, որ Իրանը կհարձակվի Ադրբեջանի վրա և բռնազավթված Արցախն ու Նախիջևանը կվերադարձնի հայերին։ Ինչպես սպասում էին, որ ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության կողմ Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, թույլ չի տա Արցախի հանձնումը, առավել ևս՝ հայաթափումը։
Եվ հիմա Իրանը ռմբակոծվում է 2020թ․ պատերազմի ժամանակ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված և ՀՀ թշնամի Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող Իսրայելի և Հայաստանի հետ TRIPP նախագծած Վաշինգտոնի կողմից։ Նեթանյահուի մարդասպան վարչակարգը ռմբակոծում է նաև քաղաքացիական անձանց, Վաշինգտոնն անվերապահ կապիտուլյացիա է պահանջում, Մոսկվան միայն կեսբերան դատապարտեց Իրանի հանդեպ հարձակումը։
Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Ընկածին չեն խփում»։

Ես ամեն ինչ հիշում եմ․ հիշում են նաև Իրանի «կյանքի ճանապարհը», հիշում եմ ՀՀ-ում հավատարմագրված Իրանի ամենատարբեր դեսպանների հետ թե՛ իմ անձնական, թե՛ մասնագիտական ջերմ հարաբերություններն ու շփումները, Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ նրանց բոլոր հանդիպումները։

Ես չեմ մոռանա նաև Իրանի նախագահների ուխտադրուժ հայտարարությունները «Ղարաբաղի ազատագրման» մասին և Ստեփանակերտ այցը։ Ես չեմ մոռանա նաև Ստամբուլի հռչակագրի տակ դրված Թեհրանի դրած ստորագրությունը։
Ինձ համար անչափ կարևոր է ընկած չհարվածելու հայկական սովորույթը, որը ես թե՛ իմ անձնական կյանքում, թե՛ Հայաստանի դեպքում գուցե կուզենայի հազար անգամ նաև խախտել։ Բայց ես անձամբ չեմ կարող խախտել և չեմ ուզում, որ իմ երկիրն ու հայրենակիցները խախտեն։

Սակայն ես մտածում եմ ոչ թե պարզապես հայ-իրանական հարաբերությունների՝ իմ անձնական ընկալումների մասին, այլ Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Եվ այժմ ինձ համար մի բան հստակ է՝ Հայաստանը չի՛ կարող է և չպե՛տք է դառնա պլացդարմ, որտեղից կարող են հարվածել Իրանին։ Իրանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, անշուշտ, նրա արտաքին քաղաքական ընտրությունն է, սակայն եթե այդ համագործակցության մեջ Հայաստանը հայտնվի որպես թիրախ, ռազմական բախման թատերաբեմ կամ այդ հարաբերությունները զարգանան Հայաստանի տարածքների, սահմանների և հայ ժողովրդի անվտանգության հաշվին, ապա հայ-իրանական հարաբերությունները դրանով իսկ կավարտվեն։

Ինձ համար, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների երդվյալ հավատավորի, նաև կարևոր է, որ Իրանում կանանց իրավունքները, քաղաքական ազատություններն ու համընդհանուր իրավունքները հարգվեն, և եթե Իրանի այս վարչակարգը չի կարող դրանք ապահովել, ապա Իրանում քաղաքական համակարգը պետք է փոխվի։ Այն, ինչ սկիզբ ունի, կարող է նաև վերջ ունենալ։ Եթե կրոնապետությունը խանգարում է մարդու իրավունքների պաշտպանությանը, -ապա քաղաքական համակարգը պետք է փոխվի։ Եվ այդ ընտրությունը Իրանի ժողովուրդը պետք է իրականացնի այնպես, ինչպես ինքը՝ ժողովուրդը, կորոշի՝ առանց արտաքին ուժի պարտադրանքի։

Նոր ժամանակները և փոփոխվող աշխարհը նոր պահանջներ է դնում նաև հայ-իրանական հարաբերությունների առջև, և այստեղ կարևոր է, որ թե՛ Իրանում, թե՛ Հայաստանում երկուստեք և միաժամանակ կարևորեն այդ հարաբերությունները, և գերբարդ այս տարածաշրջանում այս հարաբերությունները չզոհաբերեն ժամանակավոր իրողություններին և միշտ էլ անցողիկ իշխանություններին և վարչակարգերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ են

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ…

15 րոպե ago

Մի քանի ամսից առողջապահության ապահովագրության բյուջեն կվատնվի՝ կկանգնեն փաստի առաջ

Մի քանի ամսից առողջապահության ապահովագրության բյուջեն կվատնվի՝ կկանգնեն փաստի առաջ Mon, 09 Mar 2026 21:15:00…

30 րոպե ago

Կքննարկեն վառելիքի թանկացման հարցը

Կքննարկեն վառելիքի թանկացման հարցը Mon, 09 Mar 2026 21:00:01 +0400 Առաջիկա հինգշաբթի ԵՄ-ում տեղի կոնենան…

45 րոպե ago

Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն ավելի է մեծացել

Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն ավելի է մեծացել Mon, 09 Mar 2026 20:45:00 +0400 Իրանում թեժ…

1 ժամ ago

Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի

Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի Mon, 09 Mar…

1 ժամ ago

Լուկաշենկոն առաջարկել է վերանվանել «ամերիկանոն»

Լուկաշենկոն առաջարկել է վերանվանել «ամերիկանոն» Mon, 09 Mar 2026 20:30:17 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն…

1 ժամ ago