Մարալիկում երկու նապաստակ էր ուզում խփել, իրե՛ն խփեցին․․․
Mon, 09 Mar 2026 16:15:13 +0400
Մարալիկում երեկ Փաշինյանը երկու նապաստակ էր ուզում խփել։ Մեկն այն էր, որ «Շուշին դժգույն քաղաք» է օպերացիայով բնակիչներին ուզում էր համոզել, որ Մարալիկը գյուղ է։
Հիշում եմ, երբ Երևան եկա, կողքիս հարևանն իմանալով, որ Գորիս քաղաքից եմ, ասաց՝ ձեր կոլխոզում ո՞նց է, կով, ոչխար պահու՞մ եք։ Այնպես վիրավորվեցի, որ 30 տարի այդ հարևանիս հետ չեմ խոսում։ Վիրավորվեցի, որ չէր իմանում՝ հրաշք Գորիս քաղաքը կոլխոզ չէ, գյուղ չէ ու մի անգամ մտքով չի անցել, որ գնա ու ծանոթանա քթի տակ գտնվող Հայաստանի այդ դրախտավայրի հետ։
Փաշինյանը այնպես չէ, որ չգիտեր Մարալիկը գյուղ չէ։ Այնպես, ինչպես գիտեր, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէր։ Ամեն օր գիրք կրծելուց է խոսում, Վիքիպեդիայից գոնե կիմանար, որ Մարալիկը քաղաք է Հայաստանի Շիրակի մարզում։ Հանդիսանում է Անի համայնքի կենտրոնը։ Բայց դե, նապաստակ է տեսել, ուզում է խփել։ Նպատակը գիտեք։
Երկրորդ նապաստակը որ ուզում էր խփել՝ խոսքը եվրոպաներում ու այլուր իր առանձնատների մասին էր։ Այդ հատվածը ոչ թե պարզ հերքում էր, այլ հիշեցնում էր Սիմոն Տեր-Պետրոսյանի՝ Կամոյի մասին պատմությունը։ Երբ Կամոն ոստիկանների հարցին՝ «Ի՞նչ է ձեզ մոտ», այնքան հանգիստ է պատասխանում՝ «ռումբ եմ տեղափոխում», որ ոստիկանները կարծում են՝ կատակ է կամ խենթ է և նրան բաց են թողնում։ Երբեմն չափազանց ուղիղ հերքումը մարդկանց մոտ հակառակ կասկածն է առաջացնում։ Քաղաքականության մեջ դա հին կանոն է․ ինչքան երկար ես բացատրում, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում։ Փաշինյանը նույն մեթոդով աշխատեց․ «Առավոտից իրիկուն բամբասանք ա, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ․․․»։ Իրականում Կամոն ռումբեր էր տեղափոխում։ Մարալիկի արձագանքներից, պարզ է, նապաստակ խփելը չանցավ։ Մարալիկում երկու նապաստակ էր ուզում խփել, իրե՛ն խփեցին․․․ Մարդիկ արդեն շատ բան են հասկանում, և նրա թատերական բարկությանն անգամ չեն հավատում։