Մի քանի ամսից առողջապահության ապահովագրության բյուջեն կվատնվի՝ կկանգնեն փաստի առաջ
Mon, 09 Mar 2026 21:15:00 +0400
Առողջապահության համակարգում կատարյալ քաոս է, իսկ նախարարն ու իր ենթակաները միլիոններով պարգևավճարներ ստանալուց զատ, սրտիկներ են շռայլում, իրենք իրանց գովերգում, անգամ՝ բասկետբոլ խաղում:
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ առողջապահության փոխնախարարը՝ Լենա Նանուշյանը անհաջող ռիլից հետո, որոշել է լիցքաթափվել և սկսել է բասկետբոլ խաղալ. «Ծաղրում են բժշկական հանրույթին, ծաղրում են ամբողջ հասարակությանը, խաղում են բասկետբոլ ու տարօրինակ է, որ խաղում են ապահովագրական հիմնադրամի թիմի հետ: Թե ովքեր են այդ բասկետբոլ խաղացողները, անհասկանալի է: Դրան զուհահեռ պետական առողջապահական գործակալության բազմաթիվ աշխատակիցների աշխատանքից ազատել են, որոնք քաղծառայողներ էին երկար տարիներ, ինչը նշանակում է, որ պետությունը բավականին ներդրում էր ունեցել նրանց կրթության, քաղծառայության ինստիտուտի կայացման վրա: Նրանք ազատվել են աշխատանքից, փոխարենը՝ հիմնադրամ են եկել բասկետբոլ խաղացողներ, որոնք փոխնախարարի հետ այդպես ակտիվ խաղում են, մարաթոններ են անում, իսկ ամբողջ առողջապահական համակարգում քաոս է: Համակարգը դժգոհում է, բժիշկները ստանում են 50 տոկոս և ավելի ցածր աշխատավարձ, նույնը՝ բուժքույրերը, դրա ֆոնի վրա փոխհատուցումներն անհասկանալի ձևով են կատարվում, հիմնադրամի գնացուցակները հաստատ չեն կամ հասանելի չեն, անգամ ԱԺ պատգամավորներին դա չի տրվում: Բայց այս ֆոնին մեր պաշտոնյաները ստանում են 3-ից 7 մլն պարգևավճար և բասկետբոլ են խաղում, մոտիվացնելով, որ իրենք առողջ ապրելակերպ են տարածում»: Անուշ Պողոսյանից հետաքրքրվեցինք, արդյոք թոշակառուների դիմելիությունը հիվանդանոցներ ավելացե՞լ է, ինչպես ՔՊ-ական պատգամավորներն են ներկայացնում, ասելով, որ հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա. «Այո, համատարած դիմում են, որովհետև բոլորը հասկանում են, որ շատ մոտ ապագայում այլևս գումար չի լինելու, և փորձում են իրենք արագ ստանալ այդ բուժծառայությունը, և այդ համատարած դիմելիության ֆոնի վրա որակի մասին խոսելն ինձ անհասկանալի է: Եթե մենք մոնիտորինգ անենք հիվանդանոցների մահճակալների թիվը, հիվանդների թիվը և հոսպիտալացված օրերի թիվը, կհասկանանք, որ այստեղ բավականին անհամապատասխանություններ կան: Ես չեմ կարող դրա գնահատականը տալ, թե դա ինչպես է լինում, բայց կարող եմ, որպես առողջապահական փորձագետ ասել, որ դա որակի հաշվին է լինում: Իրականում այսօր լուրջ խնդիրներ կան, սակայն ինչ կլինի 2 ամիս հետո, երբ որ ամբողջ առողջապահական բյուջեն կվատնվի, և կարևորը՝ երկրորդականից չտարբերող համակարգը կկանգնի այնպիսի խնդրի առաջ, որ արդեն շտապ, անհետաձգելի և կարևորագույն բժշկական օգնությունը և սպասարկումը կլինի խնդրահարույց պետության կողմից փողերի փոխհատուցման հետ կապված»: