«Հրապարակ». Կրեմլը նավթի գների աճի հետ է հույսեր կապում
Tue, 10 Mar 2026 12:15:37 +0400

«Հրապարակի» զրուցակիցն Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկն է։
– Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական խորհրդատուների խումբ է ուղարկել՝ Հորդանանում ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու․ այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ նման խնդրանքով Կիեւին դիմել է ԱՄՆ-ն։ Ավելի քան 4 տարի պատերազմի մեջ գտնվող եւ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Վաշինգտոնի ռազմական աջակցությանն ապավինվող Ուկրաինան այդքան ռեսուրս ունի՞։
– Ուկրաինան իր օգնությունն է առաջարկել Մերձավոր Արեւելքում իր գործընկերներին՝ անօդաչու սարքերի հարձակումները հետ մղելու հարցում։ Անօդաչու թռչող սարք-որսիչների արտադրությունն Ուկրաինայում զարգացել է Ռուսաստանի՝ հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումներից երկիրը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով։ Հենց այս ոլորտում ուկրաինական արդյունաբերության ներուժը նույնիսկ որոշ չափով ավելին է պահանջարկից։ Նման համակարգերի արտահանման թույլտվության սահմանափակումն ընդունվել է նախքան ներկայիս զինված հակամարտության սկիզբը։ Հնարավոր է՝ խոսք գնա ուկրաինական անօդաչու որսիչների՝ ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի զենիթահրթիռների հետ փոխանակման մասին։ Այդպիսով Ուկրաինան կկարողանա իր արտադրած պաշտպանական սպառազինությունը փոխանակել իրեն անհրաժեշտ ներմուծվող զինատեսակների հետ։
– Իսկ արդյոք սա չի՞ նշանակում, որ Ուկրաինան միանում է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողությանը։ Նույն Իրանի, որի դեմ Կիեւը հին հաշիվներ ունի՝ Ռուսաստանի հետ պատերազմում Թեհրանի աջակցության մասով մեղադրանքների հետ կապված («Շահեդ» ԱԹՍ-ների առաքումներ եւ այլն․․․)։
– Ուկրաինայի կողմից հնարավոր սահմանափակ օգնությունը գործընկերներին՝ Իրանի հարձակումները հետ մղելու հարցում, չի կարելի դիտարկել որպես ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայիս ռազմական գործողության մասնակցություն։ Ուկրաինան իրականացնում է իր ազգային շահերը՝ համագործակցելով գործընկերների հետ։ Պետք է նաեւ նշել, որ խոսքը միայն ԱՄՆ-ի մասին չէ, այլ նաեւ՝ Պարսից ծոցի պետությունների, որոնց հետ երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են արդեն մոտ մեկ տասնամյակ։
– Մյուս կողմից, Ուկրաինային որոշակի աջակցություն ցուցաբերող Ադրբեջանն է պնդում, թե Իրանը հարձակվել է իր տարածքի վրա։ Նույնպիսի մեղադրանք հնչեցրեց նաեւ Թուրքիան, որը եւս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդական քայլեր է իրականացնում։ Ստացվում է՝ Իրանի դեմ պատերազմում նաեւ ռուսական գործո՞նն է կարեւոր․ Ադրբեջանը Կրեմլի դեմ եւս մեղադրանքներ ունի։
– Հավանաբար, ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածներ հասցնելու որոշումն ուղղակիորեն կապված չէր ռուսական գործոնի հետ, սակայն գործողության միջանկյալ հետեւանքները, օրինակ՝ նավթի գների բարձրացումը, ավելի շուտ ձեռնտու են Ռուսաստանի Դաշնությանը։ Իրանի հարձակումները հարեւան պետությունների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի, ցույց են տալիս ներկայիս իրանական վարչակարգի ագրեսիվ բնույթը։
– Այս պատերազմական քաոսում մի՞թե ճիշտ է, որ Կիեւն աջակցում է ԱՄՆ-ին՝ ավելի շեղելով Թրամփի վարչակազմի ուշադրությունը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից, որը նույն Իրանի շուրջ իրավիճակի պատճառով դադարեցվել է, այդ մասին անգամ նախագահ Զելենսկին է խոստովանել։ Թե՞ ԱՄՆ-ին մերժելու գինն ավելի ծանր կարող է լինել։
– ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործողություն սկսելու, դրա ձեւաչափի եւ ավարտի ժամանակի վերաբերյալ որոշումները որեւէ կերպ կախված չեն Ուկրաինայի կողմից աջակցության լինելուց կամ չլինելուց։ Թեպետ Իրանի հարձակումների պատճառով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների հերթական հանդիպման վայրը փոխվել է, սպասվում է, որ բանակցային գործընթացը կվերսկսվի այս շաբաթ։ Միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, ներկայում էական առաջընթաց ունենալու հավանականությունը քիչ է։ Մի կողմից՝ ռուսական ղեկավարության համար ավելի է բարդանում պատերազմի առավելապաշտական նպատակներից հրաժարվելը։ Ռուսաստանի ցանկացած զիջում՝ Վենեսուելայի պես դաշնակից կորցնելու եւ Իրանին օգնություն ցուցաբերելու հնարավորություն չունենալու պայմաններում, կարող է ներքաղաքական բացասական հետեւանքներ ունենալ։ Մյուս կողմից՝ նավթի վաճառքից եկամուտների հնարավոր աճը Կրեմլին հույս է տալիս, որ դեռեւս որոշ ժամանակ կկարողանա պահպանել պատերազմի ֆինանսավորումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր