«Հրապարակ». Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում

«Հրապարակ». Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում

Wed, 11 Mar 2026 09:15:10 +0400


Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի շուրջ աղմուկը չի դադարում: Այս ինստիտուտի առջեւ, ըստ համառորեն շրջանառվող խոսակցությունների, խնդիր է դրվել հող նախապատրաստել՝ ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու համար:

Առաջին քայլը Հայաստանի նոր քարտեզի մշակումն է, որում նշված կլինեն նախկինում ադրբեջանցիներով բնակեցված վայրերի ադրբեջանական տեղանունները: Բայց գիտնականները տապալել են նախագիծը:
Այս մասին մարտի 3-ին գրեց 24news.am կայքը, ապա տեղեկությունը տարածվեց: Ըստ կայքի՝ «Արեւմտյան Ադրբեջան»-ին վերաբերող հարցը քննարկվել է, սակայն նախապես ընդգրկված չի եղել օրակարգում: Նոր քարտեզի մշակումը ԿԳՄՍՆ հայտարարած «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի շրջանակում էր լինելու, իսկ նախագիծը, ըստ լուրերի, բերել է Կադաստրի կոմիտեն՝ այն քողարկելով «Համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ» անվան տակ։ Պատմաբանները հասկացել են, թե ինչի մասին է խոսքը, եւ դեմ են արտահայտվել Կադաստրի կոմիտեի բերած նախագծին:

Ի՞նչ է ստացվում. արդյոք իշխանությունը որոշե՞լ է նախ քարտեզ ստեղծել ադրբեջանական տեղանուններով, հետո հաստատել այն պետականորեն՝ կադաստրի միջոցով, հետո էլ, հավանաբար, սկսել ադրբեջանցիների «վերադարձը»` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Ասում են՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը նույնիսկ խոստացել է փող բերել Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծը, միեւնույն է, չի հաստատվել: Համո Սուքիասյանը վստահեցնում է, որ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը խեղաթյուրում է իրականությունը: «Նման քարտեզ կամ քարտեզի մշակում չկա։ Կեղծ ինֆորմացիա է»,- ասում է նա՝ «Հրապարակին» տրամադրելով ինստիտուտի հայտարարությունը:
Ըստ դրա, ինստիտուտին առաջարկվել է՝ ներգրավելով այլ հաստատությունների մասնագետների, պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ, որը ենթադրում է համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել՝ Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով:

«Ինչ վերաբերում է բնակավայրերի «հին անուններին», ապա ոլորտին ծանոթ յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ Հայաստանի հնագույն տեղանունները հայկական են, որովհետեւ Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրել եւ սեփական ուրույն քաղաքակրթությունն են կերտել հայերը։ Առաջարկվող ծրագրի նպատակը լինելու էր այս հանգամանքի շեշտադրումը։ Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ թեմայի կարեւորության, ինչպես նաեւ՝ հետազոտողների փոքրաթիվ խմբով նման ծավալուն ծրագիր իրականացնելու դժվարության մասին, ուստի մրցույթին մասնակցելու դիմում չի ուղարկվել»,- ասված է ինստիտուտի տարածած տեքստում: Նաեւ նշված է, որ գիտական քննարկումը լրատվամիջոցին ներկայացվել է մանիպուլյատիվ ձեւով, եւ որ ինստիտուտը «չի իրականացրել եւ չի իրականացնելու որեւէ գործունեություն, որը կարող է վնասել պետական շահերին կամ գիտականությանը»:

Փաստորեն, եղել է ինչ-որ գիտահետազոտական նախագիծ՝ մեր բնակավայրերի պատմությանն ու քարտեզին վերաբերող, հայերի պատմական դերը շեշտադրող, որը ենթադրում է համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Դրա տակ պետք է լիներ հստակ ֆինանսավորում, բայց պատմաբանները համարել են, որ այն շատ աշխատատար է, ու մերժել են: Ինչո՞ւ: Հազիվ մի լավ բանի համար փող էին տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեին պատմաբանները՝ ասելով, թե ռեսուրս չունեն: Ենթադրենք, թե ադրբեջանական տեղանունների հարց չեն քննարկել, բա ի՞նչ են քննարկել ու ի՞նչն են մերժել՝ հասկանալի չէ: «Ադրբեջանական տեղանունների հարց չի քննարկվել։ Քննարկվել է ՀՀ ներկայիս աշխարհագրական անունների վերաբերյալ գեոպորտալում եղած տեղեկատվությունը լրացնելու հարցը»,- պատասխանում է Համո Սուքիասյանը: Արդյո՞ք դուք խոստացել եք վարձատրություն, եթե այդ ծրագիրն ընդունվի։ Սուքիասյանը պատասխանում է. «Նշվել է, որ եթե Հայաստանի տեղանունների վերաբերյալ հետազոտական ծրագիրը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի մրցույթում հաղթի, ինստիտուտին լրացուցիչ գումարներ կգան։ Բայց մրցույթին դիմում չի եղել: Ողջ իրականությունն ինստիտուտի էջում դրված է»:

Եթե դա լավ նախագիծ էր՝ հայերի դերը շեշտող, ինչո՞ւ չեն ընդունել, գրել եք, որ ռեսուրս չկա, ինչը մի տեսակ համոզիչ չէ, այդքան պատմաբաններ ունեք, չե՞ն ուզում լավ գործ անել ու հետն էլ վարձատրվել: «Ինչպես մեր գործընկերներից մեկը շեշտեց, դա մի առանձին ինստիտուտի գործ կլիներ, ոչ թե՝ խմբի։ Մեր աշխատակիցները քիչ չեն, սակայն ամեն մեկն իր նախընտրած գիտական թեման ունի, որով երբեմն տասնամյակով զբաղվում է։ Իսկ սա այն դեպքն է, որ շատ աշխատատար աշխատանք կարող էր լինել»,- մեր դիտարկմանն արձագանքեց Համո Սուքիասյանը։
Ի դեպ, նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հայաստանի պատմագիտության խնդիրների վերաբերյալ փոդքաստներ էր վարում, նաեւ՝ անկլավների եւ սահմանազատման թեմաներով իշխանական կայքերի հաճախակի հյուրն է:

Մենք փորձեցինք զրուցել ինստիտուտի այլ աշխատակիցների հետ: Պատմության ինստիտուտի նախկին տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը հայտնի նիստից օրեր առաջ ազատվել է պաշտոնից, կրկնեց «պաշտոնական» վարկածը՝ ինֆորմացիան նիստի մասին ճիշտ չէ ներկայացված, «շուռ է տրվել գլխիվայր»: Սակայն թե ինչ է եղել իրականում, նա չի նշում, խորհուրդ է տալիս դիմել տնօրենի ԺՊ Համո Սուքիասյանին: Արդյո՞ք աշխատանքից ազատվելը կապված է եղել հայտնի նիստի հետ: «Ինձ աշխատանքից չեն ազատել, իմ 65 տարին լրացել է, եւ, ինչպես նաեւ մյուս ՊՈԱԿ տնօրենների դեպքում, իմ պայմանագիրը դադարեցվել է: Հիմա ես շարունակում եմ աշխատել այնտեղ որպես գլխավոր գիտաշխատող եւ բաժնի վարիչ»,- ասում է Մելքոնյանը, որը ժամանակին քննադատում էր իշխանություններին՝ Արցախին վերաբերող պատմական ասպեկտները նենգափոխելու համար, իսկ այսօր ոչ մի քննադատական բառ իշխանության հասցեին չի ասում:

Խոսեցինք կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ, որը եւս խորհուրդ տվեց կարդալ տնօրինության հայտարարությունը: Ի՞նչ է քննարկվել, ի վերջո, նիստի ժամանակ։ Նա չգիտի, քանի որ գիտխորհրդի անդամ չէ: Լավ կլինի՝ դիմեք գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանին: «Հակոբ Մուրադյանը գործուղման է, զանգեք ուրբաթ»,- պատասխանեցին քարտուղարությունից, իսկ թե ովքեր են գիտխորհրդի անդամները, այնտեղ չգիտեն:
Պատմաբան, ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ փաստացի հաստատելով լուրերը եւ կոչ անելով պաշտպանել պատմաբաններին, որոնք դուրս են եկել թրքահպատակ իշխանության դավաճանական նախագծի դեմ: «Ու տասնյակ այլ գիտահետազոտական ինստիտուտներից, հնչեղ անուններով հասարակական կազմակերպություններից, «բարոյական հեղինակություն» տիտղոսակիր մտավորականներից ոչ մեկը հրապարակավ չի՞ պաշտպանել Պատմության ինստիտուտին, իր անհանգստությունը չի՞ հայտնել, իշխանությանը մի թթու խոսք չի՞ ասել… Քաղաքականությամբ չե՞ն զբաղվում։ Բայց մի՞թե սա քաղաքական խնդիր է։ Անգամ գիտելիքի ու գիտակցության խնդիր չէ սա։ Պետության ու ազգի գոյաբանական խնդիր է եւ նույնիսկ ինքնապաշտպանական կենդանական բնազդի մակարդակում արձագանք պիտի առաջացներ։ Եթե Պատմության ինստիտուտը մենակ մնա, հաստատելու է սա, հաստատելու է իշխանության պարտադրանքով եւ ձեր լռության օգնությամբ»,- գրել է Աշոտ Սարգսյանը:

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ հայտնի նիստի մասին տեղեկացել է մամուլից, ներկայացված գրառումն անելուց 5 օր առաջ, սպասել է, սակայն պաշտոնական հերքում չի եղել: «Ինստիտուտի տարածած տեքստն ինձ էլ համոզիչ չթվաց»,- ասաց նա:

Պատմաբան եւ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը, սակայն, պաշտպանեց կոլեգաներին. «Փաստորեն, տեսեք, նրանց մեջ կան ազնիվ, հայրենասեր մտավորականներ, մանավանդ՝ պատմաբաններ: Եթե նրանք մերժել են, ուրեմն ինչ-որ բան փոխվել է նրանց ներսում, ուրեմն մտածել են՝ էս ի՞նչ ենք անում, հայրենիք ենք կորցնում, հիմա էլ ադրբեջանական ջրաղացի՞ն ջուր լցնենք»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ «Արեւմտյան Ադրբեջանին» վերաբերող նախագծին ծանոթ չէ, բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է` չի զարմանում: «Այսօր ի՞նչ անհրաժեշտություն կա տարածաշրջանային թոհուբոհում քննարկել նման հարց: Հասկանալի է, որ դրանով սպասարկում են Ադրբեջանի պահանջն ու շահերը: Եթե դա ճիշտ է, ապա կարծում եմ՝ ադրբեջանական անունները վերականգնվում են, որ, իրենց ասելով՝ 300 հազար ադրբեջանցի բերեն, բաժանեն այդ գյուղերի վրա, որտեղ նրանք իբր բնակվել են: Սա մեր հերթական ողբերգությունն է»,- ասում է պատմաբանը: Ըստ նրա՝ սա հետեւանք է Արցախի հայաթափման եւ ադրբեջանցիների` Հայաստանից արտագաղթի միջեւ հավասարության նշան դնելուն, ինչն արեց Փաշինյանը: «Փոխանակ նա խոսի հայերի` Ադրբեջանից բռնագաղթի մասին՝ 1980-ականների վերջին, 90-ականների սկզբին, կեղծ դրույթներ է տարածում, թե ադրբեջանցիներն իրավունք ունեն նման պահանջներ դնել, որովհետեւ 300 հազար ադրբեջանցի գնացել է»: Այս թիվը, ըստ Աշոտ Ղուկասյանի, եւս կեղծ է. «Հայաստանում եղել է մինչեւ 200 հազար ադրբեջանցի, ոչ թե՝ 300 հազար, իսկ Ադրբեջանից եկել է 400-450 հազար հայ, բայց այս հարցը չի բարձրացվում, այդ հարցը պետք է բարձրացնել, մանավանդ, որ դրանք բնիկ հայկական հողեր են եղել՝ բնիկ հայ բնակչությամբ»:

Ադրբեջանը պահանջում է, Փաշինյանը կադաստրի միջոցով իրավական հենք է ապահովում, լավ, իսկ մենք ի՞նչ պետք է անենք: «Առաջին քայլն այս թշնամի իշխանություններից ազատվելն է, երկրորդը՝ մեր մտավորականների ակտիվությունը: Հիշում եք, արցախյան շարժումը որ սկսվեց, անմիջապես ստեղծվեց հայերեն ու ռուսերեն տեղեկատու՝ Լեռնային Ղարաբաղի անցյալի, պատմության մասին: Հիմա գիտնականները, քարտեզագրողները շատ արագ կերպով, պատմական աղբյուրները նշելով, պետք է տեղեկանք պատրաստեն: Պետք է մտավորականներն իրենց ձայնը բարձրացնեն, ոչ թե ջայլամի պես գլուխները մտցնեն ավազի մեջ, մեր ժողովուրդը հավատում է մտավորականներին եւ կլսի նրանց ձայնը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը

Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը Wed, 11 Mar 2026 15:45:42 +0400 Կարելի է երկար…

9 րոպե ago

Իշխանությունը բացահայտում է իր խուճապը և վախը

Իշխանությունը բացահայտում է իր խուճապը և վախը Wed, 11 Mar 2026 15:30:56 +0400 Latest news…

24 րոպե ago

Սևանի «Հարսնաքարը» որոշել են խլել

Սևանի «Հարսնաքարը» որոշել են խլել Wed, 11 Mar 2026 15:27:29 +0400 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ…

27 րոպե ago

Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․

Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․ Wed, 11 Mar 2026 15:15:31 +0400 Նիկոլ…

39 րոպե ago

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Wed, 11…

51 րոպե ago

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն…

1 ժամ ago