Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

«Հրապարակ»․ Մի խումբ «դուխով» հայեր մեր առաջ են պատնեշ դնում, մենք էլ կդնենք

«Հրապարակ»․ Մի խումբ «դուխով» հայեր մեր առաջ են պատնեշ դնում, մենք էլ կդնենք

Wed, 11 Mar 2026 11:45:10 +0400


ՀՀ իշխանությունների պահ­­վածքը` «կուկուռուզ» ու «պեռաշկի» ուտել, փիառ ակցիաներ, պոպուլիստական քայլեր, հաշվարկված է ընտրազանգվածի այն խմբի վրա, որոնք իրենց նման են՝ ասում է Վրաստանի հայազգի գործիչ Գուրգեն Մխիթարյանը: «Այսինքն, այն մարդկանց, որոնց չի հետաքրքրում ո՛չ իրենց պետության ապագան, ո՛չ էլ աշխարհում սփռված հայ ազգի ճակատագիրը եւ ոչ միայն հայ ազգի․ Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք էթնիկ հայեր չեն, օրինակ՝ եզդի ազգի ներկայացուցիչներ են, բայց շատ սրտացավությամբ են վերաբերվում Հայաստանում կատարվող բոլոր բացասական երեւույթներին: Եվ Հայաստանի Հանրապետությունը միայն ՀՀ-ում բնակվող հայերի հայրենիք չի կարելի համարել: Թեկուզ բազմազգ չէ Հայաստանը, բայց կան այնտեղ ազգային եւ կրոնական փոքրամասնություններ: Դա մեր եզդիներն են, ասորիները՝ Ասորի Հակոբիկ եկեղեցու հետեւորդները, ռուս մոլոկանները, փոքրաթիվ հունական համայնք ունենք Լոռիում: Նրանք՝ բոլորը, մեր երկրի լիիրավ տերերն են, ինչպես էթնիկ հայերը, որոնք բնակվում են դրսում»,- ասում է Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Իրանի դեպքերին եւ ՀՀ իշխանությունների պոպուլիստական քայլերին, ապա դրանք խոսում են սեփական երկրի ճակատագրի հանդեպ անտարբերության մասին՝ նկատում է վրացահայ գործիչը: «Կոպիտ կհնչի, բայց թքած ունեն ուղղակի պետության եւ համայն հայության վրա: Հայաստանի Հանրապետությունը՝ իր փոքրիկ տարածքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, Մատենադարանով եւ Արցախի ինքնորոշման հարցով, ինչ-որ կոնսոլիդացնող ուժ էր, այդ առանցքի շուրջ էր կոնսոլիդացվում աշխարհասփյուռ հայությունը` ե՛ւ էթնիկ, ե՛ւ Հայաստանից այլ երկրներ տեղափոխված հայերը: Բայց եթե այսօր Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում վարկաբեկում են Մատենադարանը, գիտություն, մշակույթ, Արցախի հարց, Մայր Աթոռ, ապա ՀՀ-ն սոսկ որպես տարածք ինքն իրենից արդեն ոչինչ չի ներկայացնի 10 միլիոն աշխարհասփյուռ հայերի եւ ՀՀ-ից դուրս ապրող, բայց Հայաստանն իրենց հայրենիքը համարող ոչ էթնիկ հայերի համար»:

Վրացահայ գործիչը չի ուզում, որ Հայաստանում մի խումբ, այսպես կոչված, «դուխով» հայեր որոշեն ամբողջ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը: «Եթե ՀՀ-ն` իր քաղաքական իշխանություններով ու իր ընտրազանգվածով, հակադրվում է ոչ հայաստանաբնակ ժողովրդին, ովքեր Հայաստանը համարում են իրենց հայրենիքը կամ իրենց ինքնության պահպանման գրավականը, օրինակ` ինձ, թող բարի լինեն, հանգիստ թողնեն իմ ինքնության գրավականները՝ Մայր Աթոռը, ազգային արժեքները եւ ամեն ինչ: Իսկ եթե այդ ընտրազանգվածը, իր առաջնորդով, հակադրվում է ոչ հայաստանաբնակ մոտավորապես 10 միլիոն ժողովրդին, ապա ոչ հայաստանաբնակ հայերին ուրիշ ելք չեն թողնում ՀՀ իշխանությունները, եւ այդ գրպանային ընդդիմության՝ Արման Բաբաջանյան են, Դավիթ Ստեփանյան են, Լեւոն Շիրինյան են, ինչ են` դրանց նկատի ունեմ… ապա 10 միլիոնանոց ժողովուրդն էլ ուրիշ ելք չունի, նա էլ պիտի հակադրվի այդ ընտրազանգվածին եւ քաղաքական իշխանություններին, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու: Եթե մենք իրենց չհակադրվենք, դրանք ոչնչի դեմ կանգնող չեն»,- ասում է Մխիթարյանը:

Վրացահայ բժիշկը շեշտում է, որ այս խմբի գործողություններին պատասխանը պիտի սիմետրիկ լինի, անհրաժեշտ է հակադրվել ու հակազդել նրանց գործողություններին: «Նրանք չպետք է իրենց այդքան իրավունքներ վերապահեն: Հասկացանք, հայերն ապրում են տարբեր երկրներում, մի ստիպեք այդ մարդկանց՝ զոռով հրաժարվել ազգային պատկանելությունից, արդեն ստիպում են…»: Իսկ հակադրվել անհրաժեշտ է, եւ դրա համար Մխիթարյանն իր առաջարկն ունի․ «Պետք է բոյկոտել բոլոր ՀՀ ներկայացուցչությունները՝ հյուպատոսարաններ կլինեն, թե դեսպանատներ: Պետք է բոյկոտել, արհամարհել, ոչ մի մշակութային միջոցառման չհրավիրել դեսպանատան ցանկացած աշխատակցի, հյուպատոսարանի ցանկացած աշխատողի մեկուսացնել: Իրենք մեզ են մեկուսացնում, մեր եւ Հայաստանի միջեւ են պատնեշներ դնում, մենք էլ իրենց առաջ պետք է պատնեշներ դնենք, թող մեկուսանան, ապրեն իրենց համար, ինչպես ուզում են: Հայաստանի Հանրապետության ներքին հարցերը՝ տարածքային կլինի, տնտեսական եւ այլն, պետք է որոշեն միայն եւ միայն ՀՀ քաղաքացիները։ Օտար երկրներում բնակվող հայերը, օրինակ` ես, իրավունք չունեն խորհուրդներ տալ եւ կարծիք հայտնել, բայց ինչ վերաբերում է ազգային ինքնության պահպանմանը, ապա թող չփորձեն հակադրվել մեզ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին

Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին Tue, 10 Mar 2026 19:15:19 +0400 Երբ տեսնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով