Ախթալայի հանքափորների 45-օրյա գործադուլը դադարեցվեց

Ախթալայի հանքափորների 45-օրյա գործադուլը դադարեցվեց

Wed, 11 Mar 2026 15:55:53 +0400


Լոռու մարզպետարանում օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորների 45 օր տևած գործադուլը դադարեցվեց։ Մարզպետ Արեն Մկրտչյանը ընդունել էր գործադուլ հայտարարած 52 աշխատակիցներին։ Հանդիպմանը ներկա էր նաև կոմբինատի տնօրեն Վիլեն Հակոբյանը։ Հայտարարվեց, որ ընկերության ղեկավարությունը պարտավորվել է բավարարել աշխատակիցների ներկայացրած չորս հիմնական պահանջները՝ կապված աշխատանքային պայմանների բարելավման հետ։ Բացի այդ, ընկերությունը սկսել է իրականացնել ևս մեկ կարևոր աշխատանք՝ արտադրամասերում օդափոխության նոր համակարգի տեղադրում, որի արժեքը գնահատվում է 70 միլիոն դրամ։ Աշխատավարձերի բարձրացման նպատակով յուրաքանչյուր աշխատողի համար կազմվելու է կատարողականի անհատական պլան, որի կատարման դեպքում աշխատավարձը կարող է բարձրանալ: Սակայն այս հայտարարություններից այն կողմ՝ շատ բան մնում է անհայտ։

Տեսանյութում լսվում է միայն մարզպետի խոսքը․«Մի կես քայլ տնօրինությունը հետքայլ կանի, մի կես քայլ դուք՝ հարգելի գործադուլի մասնակիցներ։ Փորձենք բալանսի բերել իրավիճակը, ոչ թե գոյացած պատն ավելի բարձրացնել»։ Բայց ինչի՞ շուրջ էին այդ «կես քայլերը։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ի՞նչ խոստումներ են տրվել աշխատողներին։ Այս մասին պաշտոնական բացատրություն չկա։

Հանքափորի աշխատանքը ամենածանր մասնագիտություններից է։ Մարդիկ օրական ժամեր են անցկացնում գետնի տակ՝ վտանգի, խոնավության, փոշու և պայթեցումների պայմաններում։ Օդի, լուսավորության, անվտանգության խնդիրները նրանց մշտական ուղեկիցն են։ Այդ աշխատանքը ֆիզիկական ուժից բացի պահանջում է նաև բարձր մասնագիտական պատրաստվածություն։ Հետևաբար հասկանալի է, որ նման աշխատանք կատարող մարդիկ իրենց աշխատանքի նկատմամբ արդար վերաբերմունք են պահանջում։ Գործադուլ հայտարարած հորատողները դա էին պահանջում։ Նրանց դժգոհությունը վերաբերում էր ոչ միայն աշխատավարձին։ Նրանք դժգոհում էին, որ հաճախ ստիպված են լինում կատարել նաև այլ աշխատանքներ՝ պայթեցումներ, փականագործություն և այլն, որոնք այլ մասնագետներ պետք է անեն և դրա համար իրենք առանձին չեն վարձատրվում։ Դա արդեն աշխատանքի կազմակերպման հարց է։

Ախթալան փոքր քաղաք է՝ շուրջ 2440 բնակչությամբ։ Բայց այս քաղաքի պատմությունը յուրահատուկ է։ 1995 թվականին վարչական փոփոխությունից հետո Ախթալան, Շամլուղը մի օր արթնացան ու պարզեցին, որ այլևս գյուղ կամ ավան չեն, այլ քաղաք են դարձել։ Սակայն ավանը քաղաք դարձնելը դեռ չի նշանակում ստեղծել քաղաքային տնտեսություն։ Ախթալայի հողային ֆոնդում ընդամենը մոտ 17 հեկտար վարելահող կա և շուրջ 40 հեկտար արոտավայր։ Այստեղ հնարավոր չէ զարգացնել լուրջ գյուղատնտեսություն։ Ոչ մեծ հողատարածք կա, ոչ մեծ հնարավորություն՝ անասնապահություն զարգացնելու համար։ Այդ պատճառով քաղաքի տնտեսական կյանքը փաստացի կախված է մեկ ձեռնարկությունից՝ լեռնահարստացման կոմբինատից։ Այստեղ աշխատում է մոտ 500 մարդ։ Այս կոմբինատից է կախված ոչ միայն Ախթալայի, այլև Շամլուղի և մի շարք շրջակա գյուղերի կյանքը։ Ուստի երբ այստեղ սկսվում է գործադուլ, դա պարզապես աշխատանքային վեճ չէ։ Դա փոքր քաղաքի գոյության հարց է։

Գործադուլի ընթացքում շրջանառվում էին զարմանալի տեղեկություններ։ Ասվում էր, որ հանքերում աշխատելու համար կոմբինատը արտասահմանից մասնագետներ է հրավիրել՝ մասնավորապես Հնդկաստանից։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մոտ 20 մարդ տեղավորվել էր Փոքր Այրում գյուղի հյուրատներից մեկում։ Մեկ այլ պատմություն․ նրանք փորձել են աշխատել, բայց աշխատանքի ծանրությանը չդիմանալով՝ մի քանի օր անց հեռացել են։ Արդարության համար պետք է ասել՝ հանքարդյունաբերական ձեռնարկություն ղեկավարելը հեշտ գործ չէ։ Մատակարարման խնդիրներ կան։ Արտադրանքի գները միջազգային շուկայում մշտապես փոփոխվում են։ Անվտանգության հարցերը մշտական վերահսկողություն են պահանջում։ Կոմբինատը նաև արտահանման խնդիրներ ունի․ հանքաքարը Ախթալայից տեղափոխվում է Վրաստան՝ Բաթումի նավահանգիստ, որտեղից արտահանվում է։ Այս ամբողջ շղթայի մեջ ցանկացած խափանում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Բայց հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է բաց խոսել խնդիրների մասին։ Լռությունը երբեք լուծում չի տալիս։

Փորձեցինք պատասխաններ ստանալ: Գործադուլի պատճառների և դրա ավարտի մասին պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել կոմբինատի ղեկավարության հետ։ Երկու օր շարունակ զանգահարեցինք տնօրեն Վիլեն Հակոբյանին։ Հեռախոսին պատասխանող աշխատակցուհուն ներկայացրինք հարցերի շրջանակը, խնդրեցինք կազմակերպել զրույց տնօրենի հետ։ Խոստացավ, բայց պատասխան չստացանք։ Անգամ կոմբինատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանի հեռախոսահամարը չտվեց։ Գտանք համարը, սակայն զանգերը դարձյալ մնացին անպատասխան։
Իսկ մեզ հետաքրքրում էր` արդյո՞ք աշխատողների պահանջները լիովին բավարարվել են։ Ի՞նչ կոնկրետ պայմաններով ավարտվեց գործադուլը։ Իսկապե՞ս կբարձրանան աշխատավարձերը։ Ինչո՞ւ էին հանքափորները ստիպված այլ աշխատանքներ կատարել։ Իսկապե՞ս փորձ է արվել նրանց փոխարինել արտասահմանցի աշխատողներով։ Եվ ամենակարևորը․ այս խնդիրները լուծվե՞լ են, թե՞ ժամանակավորապես «հրադադար է»:

Ախթալայի հանքափորները վերադարձել են աշխատանքի։ Բայց եթե խնդիրները չլուծվեն, վաղ թե ուշ լարվածությունը կրկին կարող է նորոգվել։ Փոքր քաղաքներում նման իրավիճակները շատ ավելի զգայուն են։ Որովհետև այստեղ մեկ ձեռնարկության ճակատագիրը հաճախ որոշում է ամբողջ քաղաքի ճակատագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան

ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան Wed, 01 Apr 2026…

5 րոպե ago

Ի՞նչ արձանագրեց Պուտինը

Ի՞նչ արձանագրեց Պուտինը Wed, 01 Apr 2026 22:45:28 +0400 «Ռուսաստանի նախագահն արձանագրեց, որ Արցախի շուրջ…

8 րոպե ago

Ապրիլմեկյան կատակը վերածվել է քաղաքական PR մրցավազքի

Ապրիլմեկյան կատակը վերածվել է քաղաքական PR մրցավազքի Wed, 01 Apr 2026 22:35:35 +0400 «Բոլորին դեմ…

18 րոպե ago

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Wed, 01 Apr 2026 22:30:25…

23 րոպե ago

Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան

Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան Wed, 01 Apr 2026…

26 րոպե ago

Նա ուրախանո՞ւմ է, որ հիվանդ դպրոցականին հուզական պոռթկման համար բանտ են նստեցրել․ Աբովյան

Նա ուրախանո՞ւմ է, որ հիվանդ դպրոցականին հուզական պոռթկման համար բանտ են նստեցրել․ Աբովյան Wed, 01…

28 րոպե ago