Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Կտրում են, որովհետեւ ինչ-որ շենքից դիմել են իրենց` ասել, որ ծառի վրա մլակներ կան

«Հրապարակ»․ Կտրում են, որովհետեւ ինչ-որ շենքից դիմել են իրենց` ասել, որ ծառի վրա մլակներ կան

Thu, 12 Mar 2026 11:15:17 +0400


Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի սպանդը, նախօրեին Ամիրյան փողոցում է մասսայական ծառահատում արել: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով` հատվել են «կենսունակության ավարտին մոտ գտնվող, փտած եւ խիստ դեֆորմացված, սաղարթ չունեցող ծառերը»։ Ընդ որում` էլի են հատվելու, եւ չի կարող ասել, թե դեռ քանի ծառ է հատվելու, քանի որ «փողոցի մի հատվածն են արել»։ «Բարեկարգում» եւ «հեռացնել» բառերն է օգտագործում, ասում է` «երբ ծառը հեռացրել ենք, հենց նույն օրն էլ տնկել ենք», իսկ հիմա չեն տնկում` սպասում են մայթի բարեկարգմանը, քանի որ «մաթեզրի եզրաքարերի շարելու ընթացքում ծառերը կարող են վնասվել»։

Աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով` Ամիրյանի սկզբից մինչեւ Զաքյան փողոց, այնուհետեւ՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Սարյան փողոց։ «Ամիրյան փողոցում ամեն 6 մետրը մեկ տնկվելու են միատեսակ ծառեր։ Դրանք առնվազն 30 %-ով ավելի շատ են լինելու, քան մինչ այս եղել են»,- ասում է Բեգոյանը եւ վկայակոչում երեւանցիներին, ասում է` անձամբ է խոսել Ամիրյան փողոցի բնակիչների հետ, եւ «բոլորը կողմ են, որ փտած ու վտանգավոր ծառերը հեռացվեն»: Բայց թե ովքեր են սոցցանցերում համատարած դժգոհություն հայտնողները, որ ասում են, թե Երեւանը վերածվել է անապատի` ո՛չ ծառ կա, ո՛չ կանաչ, ո՛չ էլ շնչելու օդ, պարզ չէ։ Այս իրավիճակում ակամայից հիշում ենք նախկին ակտիվ բնապահպաններին, որոնք 18-ից հետո անցել են ընդհատակ, իսկ ժամանակին ծառերն էին գրկում, օրերով հերթապահում, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ գեթ մեկ ծառ չհատվի:

Գուցե ժամանակին դրամաշնորհներ էին ստանում, հիմա չեն ստանում, դրա համար թքած ունեն ծառերի էլ, ծառահատումների վրա էլ։ Բնապահպան Գագիկ Սուխուդյանին եւ նրա դստերը՝ նախկինում ակտիվ բնապահպան Մարիամ Սուխուդյանին դիմեցինք, որպեսզի գոնե կարծիք հայտնեն, թե ինչ են մտածում ճաղատացող մայրաքաղաքի մասին։ Հայր Սուխուդյանը մեզ ասաց, որ պրոցեսներին չի հետեւում, տնից դուրս չի գալիս, սակայն բոլոր դեպքերում դեմ է, երբ ծառեր են հատվում, իսկ դուստրը, որն այնքան էր բնությունը սիրում, որ Ֆեյսբուքում գրանցվել էր «Մարիամխոտ» անվան տակ, կտրականապես հրաժարվեց խոսել ծառերի մասին։

Ծառահատումների թեմայով զրուցեցինք «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ։ Նախ, հետաքրքրվեցինք, թե ինչու են հայաստանյան բնապահպաններն անցել «ջրի հատակը» եւ չեն խոսում ծառահատումների մասին, ապա հարցրինք, թե ինչ կարծիք ունի ծառահատումների մասին, դրանք իսկապե՞ս միայն ոչ կենսունակ ծառերին են վերաբերում։ «Բնապահպաններից շատերը, որոնց մասին խոսում եք, դեռ տեւական ժամանակ առաջ են հայտարարել, որ այլեւս չեն զբաղվելու բնապահպանական խնդիրներով, եւ ես կարծում եմ, որ դա իրենց խնդիրն է ու որոշելիքը։ Նրանք այս տարիներին ոչ մի բնապահպանական հարցով չեն զբաղվել, քանի որ վաղուց հայտարարել էին, որ այլեւս չեն ուզում բնապահպանական գործունեությամբ զբաղվել։ Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա քաղաքային իշխանություններն ասում են, որ փոխում են հիվանդ, ծեր ծառերը, սակայն ես` որպես մասնագետ կարծում եմ, որ չես կարող համատարած ծառեր կտրել, եթե իրապես նորմալ գնահատել ես ծառերի վիճակը։ Չեն կարող բոլոր ծառերը հիվանդ լինել, չեն կարող համատարած լինել անկենսունակ։

Քաղաքապետարանը տալիս է ընդհանուր գնահատական, բայց յուրաքանչյուր ծառ պետք է ուսումնասիրեն մեկառմեկ։ Մի ծառը կարող է լինել փտած, հիվանդ, բայց մի քանի մետր այն կողմ աճած ծառը կարող է լրիվ առողջ լինել։ Դրա համար ուսումնասիրություն է պետք, ինչը Երեւանի քաղաքապետարանը չի անում։ Ընդհանուր գնահատականը չի կարող նման մեծ ծրագրի համար հիմք հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունը պնդում է, որ ինչ-որ շենքի բնակիչներ դիմել են իրենց եւ ասել, որ ծառի վրա մլակներ կան, եւ ամռանը դրանք բնակարան են ներթափանցում, կամ ասում են` «Նաիրի» ԲԿ-ից են դիմել եւ ծառերի մասին դժգոհություն հայտնել։ Եթե կա նման պահանջ, պետք է համապատասխան լուծումներ գտնել, բայց ոչ համատարած բոլոր ծառերը կտրել։ Ծառեր կան, որոնք պետք է ուղղակի բուժել։ Հայաստանում կա՛մ ծառը կտրում են ամբողջապես, կա՛մ ոչինչ չեն անում։ Մենք տեսնում ենք, որ կան հատված ծառեր, սակայն դրանց հաստ բների վրա տերեւներ են դուրս եկել, այսինքն՝ ծառը կտրելով՝ ծառի վերջը չեն տալիս, սակայն միեւնույն ժամանակ այն դադարում է կատարել իր հիմնական ֆունկցիան՝ փոշին իր վրա չի վերցնում, մաքուր օդ չի արտադրում եւ այլն։ Սա էլ ոչ հիմնավոր, անադեկվատ հիմնավորումների արդյունքում է արվում»։

Հարցին, թե կա՞ն այստեղ կոռուպցիոն տարրեր, Զարաֆյանը պատասխանեց․ «Այդ հարցով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, ինչի՞ համար է այն ստեղծված։ Կոռուպցիան մեզանում դարձել է քաղաքական տերմին, եւ ես չեմ կարող պնդումներ անել, քանի որ չունեմ ձեռքիս տակ փաստեր, բայց կա դրա համար համապատասխան մարմին, որը պետք է զբաղվի այդ հարցերով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախարարի՝ 180 աստիճանով տարբերվող որոշումները եւ դպրոցների տնօրենների վերաբերմունքը

«Հրապարակ»․ Նախարարի՝ 180 աստիճանով տարբերվող որոշումները եւ դպրոցների տնօրենների վերաբերմունքը Thu, 12 Mar 2026 12:15:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով