Խոստանում են մահապատիժը վերականգնել ՀՀ-ում
Thu, 12 Mar 2026 11:32:00 +0400

Երկուշաբթի` աշխատանքային օրվա վերջում հավաքված ալյանսականները հայտարարեցին իրենց նախընտրական խոստումը վերականգնել օրենքով Հայաստանում մահապատիժը որպես պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ ծանրագույն հանցագործությունների համար պատիժ։
«Ալյանս »կուսակցութբունը հայտնի է նրանով, որ այն հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քննադատում է նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ վերջինիս նկատմամբ որդեգրել է արմատական, երբեմն սահմաններն անցնող ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում։ Տիգրան Ուրիխանյանը բացի սոցիալական, իրավական, անվտանգային ծրագրային դրույթներից, շեշտը դրեց ֆեյք հեղափոխության, սադրված պատերազմի, Արցախի հանձնման, ՀՀ-ի տարածքները հենց այնպես հանձնելու և 8 միլիարդ արտաքին պարտք մսխելու համար իշխանություններին օրինական, բայց խիստ պատժի ենթարկելու խոստման վրա։ Հետաքրքիրն այն է, որ չնայած Ուրիխանյանը հակաիշխանական կոչերի համար հետախուզվում և գտնվում է Հայաստանից դուրս, սակայն կուսակցությունը ակտիվ գործում է ու պատրաստվում մասնակցել ընտրությունների։
Ի դեպ, Ուրիխանյանին հաջողվել է պահպանել ՀՀ-ում մշտական բնակության ռեժիմը, սովորելով Մոսկովյան բուհերից մեկում, ինչը ըստ օրենքի համարվում է հարգելի բացակայություն և չի խանգարում ընտրություններին մասնակցելու։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք` համաժողովին մասնակցում էր հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը ( Դոն Պիպո), ով ևս հետախուզվում է հայաստանյան իրավապահների կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր