Ինչպես բռնկվեց ու մարեց իրանա-ադրբեջանական լարումը
Thu, 12 Mar 2026 14:30:50 +0400
Փորձագիտական շրջանակներում վերջին օրերին քննարկում են հնարավոր նոր՝ «ադրբեջանական ճակատի» բացումը։ Իհարկե, դավադրապաշտական տեսությունների պակաս չի զգացվում։ Սակայն այս իրավիճակում կարեւոր է էսկալացիայի հնարավոր ռիսկերը ճիշտ գնահատելն ու հաշվարկելը՝ գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների լարման պատճառն իրանական դրոնների՝ Նախիջեւանի վրա հարձակումն էր։ Դեռ օրեր առաջ Նախիջեւանի ԻՀ-ն դիտարկվում էր բացառապես «Թրամփի ուղու» քննարկումներում։ Սակայն մեծ գեոպոլիտիկան իր ուշադրությունից դուրս չթողեց նաեւ Ադրբեջանին։ Բաքուն շատ կտրուկ արձագանքեց փաստին` Իրանի դեսպանին կանչեցին ԱԳՆ, փոխանցեցին բողոքի նոտա։ Ալիեւն ԱԽ արտակարգ նիստ հրավիրեց, բանակը բերվեց մարտական բարձր պատրաստականության, կոշտ գնահատականներ տրվեցին, եւ նույնիսկ հնչեցին սպառնալիքներ` ուղղված Թեհրանին։ Թեհրանից ադրբեջանական դիվանագիտական անձնակազմը տարհանվեց: Եվ կարելի էր կանխատեսել, որ կողմերի միջեւ ճգնաժամը խորանալու է, սակայն մարտի 8-ին անակնկալ կերպով իրավիճակը սկսեց դեէսկալացիայի գնալ։
Մասնավորապես, հեռախոսազրույց տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների միջեւ՝ Թեհրանի նախաձեռնությամբ, Փեզեշկիանը հայտարարեց, որ պատրաստ է հետաքննել Նախիջեւանում տեղի ունեցած միջադեպը, եւ պնդեց, որ Իրանն այդ հարձակման հետ կապ չունի։ Ապա հայտնի դարձավ, որ Բաքուն մարդասիրական օգնություն է ուղարկում Թեհրան։ Առհասարակ, Մարկեդոնովի դիտարկմամբ, իրանա-ադրբեջանական հարաբերությունները՝ 91 թվականից ի վեր, միշտ աչքի են ընկել վայրիվերումներով։ Դրանք մե՛կ հասել են զրոյական կետին, մե՛կ դրսեւորել պրագմատիզմ ու ռացիոնալիզմ։ Անշուշտ, Բաքու-Թեհրան հարաբերություններում հիմնական ցավոտ կետը եղել են Բաքու-Թել-Ավիվ դաշնակցային հարաբերությունները։ Ժամանակ առ ժամանակ արծարծվել է, այսպես կոչված՝ «Իրանական Ադրբեջանի» հարցը եւ երկու երկրների միջեւ սահմանային փոփոխությունների հեռանկարը։ Սակայն երկուստեք էլ հետաքրքրված են եղել՝ զարգացնելու «Հյուսիս-Հարավ» նախագիծը։ Բաքուն նաեւ Իսրայելի հետ է հարաբերություններ զարգացնում, բայց պաշտոնապես իրեն հակաիրանական կոալիցիայի մաս չի դիրքավորում։
Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, թե ինչու Ալիեւը, ի տարբերություն Թուրքիայի նախագահ Էրդողանի, ավելի կոշտ հռետորաբանություն օգտագործեց ընդդեմ Թեհրանի։ Հիշեցնենք, որ Թուրքիայում էլ իրանական դրոնային հարձակում էր իրականացվել։ Ալիեւը թերեւս փորձում է իր ներքին լսարանի մոտ պահպանել հաղթած առաջնորդի իմիջը։ Նրա համար շատ կարեւոր է դա։ ԼՂ ամբողջական հայաթափումից եւ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ ինքն այն երկիրն է, որի շահերի հետ պետք է հաշվի նստել։ Ըստ էության, սա ինքնահաստատման մի ձեւ է՝ քաղաքական-դիվանագիտական հարթությունում։