«Հրապարակ»․ Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր

«Հրապարակ»․ Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր

Fri, 13 Mar 2026 11:45:54 +0400


«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է։

– Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարեւոր է Վրաստանի համար, եւ որ Թբիլիսին պատրաստ է նպաստել խաղաղությանը: Ի՞նչ ձեւաչափով կարող են ձեր երկրի միջնորդական ջանքերը լինել առավել արդյունավետ։

– Ես կսկսեի շատ պարզ բանից: Վրաստանը չպետք է փորձի խաղալ «մեծ միջնորդի» դեր: Դա ո՛չ մեր գործառույթն է, ո՛չ էլ մեր խնդիրը: Սակայն Վրաստանն ունի մեկ այլ, շատ ավելի արժեքավոր առավելություն. մենք Հարավային Կովկասի բնական մասն ենք կազմում։ Հարավային Կովկասում խաղաղությունը կկառուցվի ոչ այնքան դիվանագետների, որքան տնտեսության եւ ենթակառուցվածքների միջոցով: Եվ այստեղ Վրաստանի դերը համագործակցության, լոգիստիկայի եւ առեւտրի համար պայմաններ ստեղծելն է: Երբ երկրները սկսում են միասին գումար վաստակել, հակամարտություններն աստիճանաբար կորցնում են իրենց իմաստը։

– Կոբախիձեն նաեւ ընդգծել է Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ ռազմավարական գործընկերությունը: Ձեր կարծիքով, հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ ներուժ դեռեւս չի իրացվել։

– Ներուժը հսկայական է: Եվ այն շատ ավելի լայն է, քան այսօրվա առեւտուրը կամ զբոսաշրջությունը։ Նախ, կա տրանսպորտ եւ լոգիստիկա: Հայաստանի համար վրացական ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղիները, տրանսպորտային միջանցքները, օբյեկտիվորեն կենսական նշանակություն ունեն: Եվ Վրաստանի համար Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ համակարգի մաս է կազմում։ Երկրորդ․ կա էներգետիկա։ Այստեղ կան համատեղ նախագծերի հնարավորություններ՝ էլեկտրաէներգիայից մինչեւ տարածաշրջանային էներգետիկ ցանցեր։ Երրորդ․ կան տեխնոլոգիաներ եւ կրթություն։ Հայաստանն այսօր ունի ուժեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, մինչդեռ Վրաստանն ունի բարենպաստ բիզնես միջավայր եւ միջազգային բացություն։ Եթե այս գործոնները համակցվեն, կարող է ի հայտ գալ իսկապես նշանակալի տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Վերջապես, կան մարդկային կապեր։ Երկրների միջեւ միլիոնավոր ուղեւորությունները միայն զբոսաշրջություն չեն։ Դրանք տարածաշրջանի սոցիալական կառուցվածքն են, որոնք հարաբերություններն ավելի դիմացկուն են դարձնում։

– Վրաստանը վերջերս խոր­հրդանշական գին սահմանեց՝ Ադրբեջանից Հայաստան իր տարածքով մատակարարումների համար։ Ի՞նչ է նշանակում դա լայն իմաստով։ Երեւանում այս քայլը ողջունել են, իսկ Բաքուն այդ թեմայով, նախքան Վրաստանի այդ որոշումը, որոշակի նեղացածություն եւ դժգոհություն ուներ Թբիլիսիից։

– Իրականում, այստեղ կարեւորը ոչ թե սակագինն է, այլ՝ քաղաքական ազդանշանը։ Վրաստանը ցույց է տալիս, որ եթե Բաքուն եւ Երեւանը պատրաստ են համագործակցել, Թբիլիսին տարանցումը չի վերածի ճնշման կամ քաղաքական խաղերի գործիքի։ Խորհրդանշական գինը, ըստ էության, ցույց է տալիս, որ տարածաշրջանային լոգիստիկան պետք է գործի որքան հնարավոր է ազատ։ Ինչ վերաբերում է միանվագ անվճար օգտագործման հնարավորությանը, սա մի տեսակ փորձնական աշխատանք է, փորձ՝ ցույց տալու, որ նման երթուղիները կարող են գործել առանց ավելորդ խոչընդոտների։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ զգույշ է նման հարցերի նկատմամբ։ Բաքվի համար տարանցումը ռազմավարական հարց է։ Հետեւաբար, արձագանքը զգույշ է, եւ սա լիովին նորմալ է։

– Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Եթե հակամարտությունը ձգձգվի, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել Վրաստանի համար։

– Վրաստանի համար այստեղ հիմնական վտանգը ռազմական չէ, այլ՝ աշխարհատնտեսական։ Հարավային Կովկասը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային համակարգի կարեւոր մասն է։ Իրանի շուրջ ցանկացած խոշոր անկայունություն անխուսափելիորեն ազդում է առեւտրային ուղիների, լոգիստիկայի եւ էներգետիկայի վրա։ Երկրորդ խնդիրն աշխարհաքաղաքական անկայունության աճն է։ Եթե հակամարտությունը երկարաձգվի, տարածաշրջանն անխուսափելիորեն կդառնա խոշոր տերությունների ակտիվ ներկայության տարածք։ Եվ երրորդ խնդիրը մարդասիրական է։ Մերձավոր Արեւելքում ցանկացած խոշոր պատերազմ հանգեցնում է մարդկանց տեղահանության եւ տնտեսական ու սոցիալական հետեւանքների հարեւան տարածաշրջանների համար։ Հետեւաբար, Հարավային Կովկասի բոլոր երկրների համար այսօր գլխավոր խնդիրը տարածաշրջանային կայունության առավելագույն պահպանումն է։ Իրանի շուրջ երկարատեւ անկայունությունը կարող է ազդել տարածաշրջանի ողջ զարգացման ճարտարապետության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես հայրենասերին տարբերել վախկոտ պոռոտախոսից

Ինչպես հայրենասերին տարբերել վախկոտ պոռոտախոսից Thu, 12 Mar 2026 18:15:40 +0400 Արդեն երեք օր է՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով