ՔՊ-ին կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ. Կարապետյան
Fri, 13 Mar 2026 18:42:00 +0400

Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում փորձել է պահպանել բարեկիրթ հարաբերություններ բոլորի հետ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալ, Կարապետյանը կարճ պատասխանեց՝ ոչ։
Մեկնաբանելով, թե այդ դեպքում ինչպես է հնարավոր պահպանել հարաբերությունները, նախկին պատգամավորը նշեց, որ դրանք պահպանվում են մարդկային, քաղաքակիրթ ձևով։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ կողմերը միմյանց չվիրավորեն և չանցնեն անձնական վիրավորանքների։
Կարեն Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենց գաղափարախոսության հիմքում միասնության գաղափարն է։ Նա հիշեցրեց, որ նույն մոտեցումը արտահայտվել է նաև Նարեկ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի խոսքում։
Նրա համոզմամբ՝ հասարակության ներսում խորացող բաժանումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, և անհրաժեշտ է ձգտել համախմբման՝ տարբեր քաղաքական ուժերին աստիճանաբար բերելով իրական քաղաքական դաշտ։ Կարապետյանը հավելեց, որ բոլորը մեկ ժողովուրդ են, և փոխադարձ թշնամանքը չի կարող լուծում լինել երկրի խնդիրների համար։
«Մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, այլ իրենք կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր