Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ինչու ՔՊ-ականները չեն ուզում հանդիպել հեղինակավոր փաստահավաք խմբի հետ

«Հրապարակ»․ Ինչու ՔՊ-ականները չեն ուզում հանդիպել հեղինակավոր փաստահավաք խմբի հետ

Sat, 14 Mar 2026 09:45:32 +0400


ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես բոյկոտ են հայտարարել «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ փորձագետների խմբին: Նրանց հետ չեն հանդիպում, խոչընդոտում են փաստահավաք առաքելությանը: Հայտնի իրավապաշտպանների հետ հանդիպել է միայն ՄԻՊ-ը, գրավոր պատասխանել են ՆԳՆ-ն եւ ՍԴ-ն: Մյուսներն ուղղակի անտեսում են IODA-ին: Փորձագետները ստիպված են օրերով զանգահարել ՔՊ-ականներին, կառավարություն: Նրանց, կոպիտ ասած, ցրում են: Նույն ՀԿ սեկտորից էլ ոչ բոլորն են համաձայնում հանդիպել IODA-ի հետ: Դիտորդական խմբերը նույնպես` տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց:

Օրինակ, դիտորդական խմբերից մեկն ասել է, թե «թրեյնինգի» է մասնակցում եւ չի կարող հանդիպել նրանց հետ:
Թվում է, թե եվրոպամետ Փաշինյանը պետք է դեմքը պահեր եվրոպացի հանրաճանաչ իրավապաշտպանների առաջ: Խմբում, որը մարտից փաստեր է հավաքում՝ ՀՀ-ում ժողովրդավարության պահանջներն ԱԺ ընտրություններից առաջ ուսումնասիրելու ու զեկույցով ներկայացնելու համար, Human Rights Watch-ի երկար տարիների ղեկավար Քենեթ Ռոթն է, որը ներկայում Փրինսթոնի համալսարանում է դասախոսում, Human Rights Watch-ի՝ Մերձավոր Արեւելքի ծրագրի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը, ֆրանսահայ իրավաբան եւ դատավոր Ֆիլիպ Քալֆայանը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարը, բրիտանացի փաստաբան Մարկ Ջոնսը:
Բայց ՔՊ-ականները, կարելի է ասել, արգելափակել են իրավապաշտպաններին: Եվրոպայից ժամանած դիտորդների տպավորություններն էլ, որոնք նրանք ստացել են ընդդիմադիր ուժերի, ՀԿ սեկտորի հետ հանդիպումներից, դառն են: Երբեք, անգամ նախկին իշխանությունների օրոք, հայաստանյան ընտրական մթնոլորտն այսպիսի կոշտ գնահատականների, քննադատության չէր արժանացել:

«Մենք լուրջ մտավախություն ունենք այն հարցում, թե արդյոք ժողովրդավարական պայմաններն առկա՞ են, որ հնարավոր դարձնեն ազատ, անկախ խորհրդարանական ընտրությունները: Մենք մտահոգված ենք, որ տարբեր փորձեր են արվում՝ միջամտելու դատական համակարգի անկախությանը, Եկեղեցու անկախությանը, եւ մենք մտահոգված ենք քաղաքականացված քրեական հետապնդումներով՝ իշխող կուսակցության հակառակորդ ընկալվող անձանց նկատմամբ»,- լրագրողներին հայտարարել է Քենեթ Ռոթը: Նա հիշեցրել է, որ Փաշինյանը միայն թեկնածու չէ, այլեւ ժողովրդավարական երկրի առաջնորդ, որը պետք է պաշտպանի ժողովրդավարությունը: «Պատշաճ չէ, որ վարչապետն օգտագործի պետության ռեսուրսները եւ իշխանությունը, որպեսզի ընտրական դաշտը թեքի իր օգտին»,- ասում է հայտնի իրավապաշտպանը:

Փորձագետները կարեւոր շեշտադրում են անում. «Տպավորությունն այն է, որ եվրոպական բազմաթիվ կառավարություններ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանը դիտարկում են առաջին հերթին որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ, իրենց ամենաշատը, կարծես, հետաքրքրում է կոնկրետ թեկնածուի արեւմտամետ կամ ռուսամետ լինելը, իրենց կարծիքով, իրենք կարծես պատրաստ են աչքերը փակել ժողովրդավարության զիջումների վրա, եթե դրանք իրականացվում են ռուսական ազդեցությունը կանխելու նպատակով»:

Քաղաքական կալանավորումները՝ ազատ խոսքի համար, անվտանգային ու ոստիկանական ուժերի կիրառումը, նախնական կալանքի երկար ժամկետները, իշխանության հարյուրավոր զրպարտության հայցերը, այն ամենը, ինչ տեսնում է ու գիտի ՀՀ հասարակ քաղաքացին, ինչի մասին մենք ամեն օր խոսում ու գրում ենք, նկատել են նաեւ Արեւմուտքից ժամանած փորձագետները: Ըստ Սառա Լի Ուիթսոնի՝ «մարդկանց մեղադրում են, ըստ երեւույթին, քաղաքական իրավախախտումների մեջ՝ նրանց պահելով բանտում կամ տնային կալանքի տակ: Սամվել Կարապետյանը` հայտնի կուսակցություններից մեկի առաջնորդը, այս պահին մնում է տնային կալանքի տակ, եւ շատ դժվար է պատկերացնել, որ ազատ ընտրություն կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը մեղադրվել է ընդամենը խոսքի հետ կապված իրավախախտման մեջ եւ մնում է կալանավորված: Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության առումով»: Նման բացասական գնահատականն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի ընտրություններից առաջ:

«Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, որը ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչներից է, ովքեր հանդիպել են IODA-ի հետ, ասում է. «Իրավիճակի ցանկացած գնահատական կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տիրող մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակը կարծես թե միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում չի գտնվում: Գուցե մեր հարեւան երկրների վիճակի ֆոնին չի համարվում հրատապ խնդիրներ ունեցող երկիր»: Ի՞նչ տպավորություն ունի, հաշվի առնելով, որ հանդիպումը փակ է եղել՝ հարցրինք «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին, որը միակն է հայաստանյան իրավապաշտպաններից, որ աշխատել է Human Rights Watch-ի հետ, մասնակցել 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ ծավալուն զեկույցի պատրաստմանը, նաեւ Human Rights Watch-ի Տաշքենդի եւ Ալմաթիի գրասենյակներում է աշխատել։ «Ես անձամբ ծանոթ չեմ Քենեթ Ռոթի հետ, որը 30 տարի այս միջազգային հեղինակավոր կազմակերպության գործադիր տնօրենն է եղել: Նա բացարձակ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է նրանց այցը Հայաստան: Նրանք բացարձակ անաչառ, ապակուսակցական իրավապաշտպաններ են, եւ գտնում եմ, որ նրանց հետ հանդիպելու իշխանությունների մերժումը պայմանավորված է հենց նրանց անաչառությամբ, նրանց կողմից իրական գնահատականներ տալու հետ: Այդ կազմակերպության համար հենց մարդու իրավունքներն են առաջնային, եւ նրանք արձանագրելու են այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում: Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ մոտ է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Ադրբեջան: Կա՛մ նրա իդեալն է Ալիեւը, կա՛մ, չգիտեմ ինչու, համենայնդեպս, մեր երկիրը ժողովրդավարության առումով գնում է այդ ուղղությամբ»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Դատելով նախնական գնահատականներից, որոնք հրապարակվեցին, կարելի՞ է ենթադրել, որ IODA-ի ապագա զեկույցը Հայաստանի համար լինելու է կոշտ եւ ոչ շահեկան: «Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Ոչ մի միջազգային նորմ չի գործում, բայց կարծում եմ, որ հեղինակավոր իրավապաշտպանների զեկույցը ներկայացվելու է այն քաղաքական եւ մյուս կառույցներին, որոնք կունենան ազդեցություն Հայաստանի վրա»,- պատասխանեց Ժաննա Ալեքսանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում

«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում Thu, 09 Jul 2026 …