«Հրապարակ»․ Մի քանի հոգով մտեք մի սենյակ, կռվեք, իրար ծեծեք, որոշեք՝ ով է լավը, ու անունը գրեք
Sat, 14 Mar 2026 10:45:39 +0400

«Հրապարակի» զրուցակիցը՝ Ստեփան Դավթյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հին կոմունիստներից, որ 1977 թվականից աշխատել է կառավարության գործերի կառավարչությունում: 13 վարչապետ է տեսել այդ շենքում, թոշակի է գնացել Տիգրան Սարգսյանի օրոք: Այսօր էլ ձեռքերը ծալած չի նստում: Շատ գործիչների նման, Հայաստանի փրկության ծրագրեր ու հայեցակարգեր է մտմտում: Դիմադրության շարժման շարքերում 2022 թվականի ապրիլին մասնակցել է Փաշինյանի դեմ ուղղված քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Բայցեւայնպես, իր որոշ տեսակետներով արմատապես տարբերվում է մյուս ընդդիմադիրներից: Նախ, ի տարբերություն շատերի, չի մեղադրում ժողովրդին, առանց որի 2018 թվականի իշխանափոխությունն անհնար էր: Երկրորդ․ չի մեղադրում Նիկոլ Փաշինյանին: Հենց վերջինս բերեց կառավարության իր կառուցվածքը, որում նախարարություններ էր միացնում, գյուղնախարարությունը, որն ԱՄՆ-ում իր հզորությամբ Պենտագոնից հետո երկրորդ պետական կառույցն է, վերացվում էր, կառավարության փորձառու աշխատողը համոզվեց, որ Նիկոլին չարժե մեղադրել, որովհետեւ սա թշնամական ծրագիր է, որը նա պետք է կատարի, եւ այդ մարդը վտանգավոր է, լավ կլինի՝ նրան 10-15 հազար դոլար թոշակ նշանակել, որ թողնի հեռանա: Նախկին չինովնիկը մի փաստաթուղթ է մշակել` հայեցակարգ, որը վերնագրել է՝ «Հայաստանի առաջարկը կուսակցություններին»: Հայաստանը ժողովուրդն է, որն իրեն 2018 թվականի պլանավորված իշխանափոխության մեջ մեղադրող կուսակցականներին պատասխանում է՝ ես մերժել եմ Սերժին, բայց Նիկոլին դուք եք ընտրել ու նշանակել վարչապետ: Նրան մի քանի հարց ուղղեցինք:
– Ո՞նց` մենք չե՞նք ընտրել Նիկոլին: Մենք՝ ժողովուրդը:
– Նիկոլին ընտրեցին կուսակցությունները: Ասենք՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բա ինչո՞ւ քաղաքական ուժերը համաձայնեցին Նիկոլի տարբերակին: Այդպես չէ՞: Բազառն իրենք արեցին: Միայն Աղվան Վարդանյանը եւ Միհրան Պողոսյանը կռիվ տվեցին դրա դեմ: Ուրեմն շատ ուժեր էլ հոգնել էին այդ վիճակից եւ փոփոխություն էին ուզում: Թշնամին էլ օգտվեց այդ վիճակից ու լուծեց տարիներով նախապատրաստած իր երազանքը:
– Ձեզ լսելով, հիշում եմ ժողովրդի պահվածքը Փաշինյանի վերջին մարզային այցելությունների ժամանակ` Շիրակ, Աշտարակ, Արթիկ: Ամբողջ հյուսիսով անցավ «ուրախ ավտոբուսը», ու հարյուրավոր մարդկանցից, որոնց հետ նա խոսեց, միայն մեկ-երկու հոգի քաղաքական հարցեր տվեցին՝ սահմանների անվտանգության մասին, Եկեղեցու, Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ: Մյուսներն իրենց անձնական հարցերն էին առաջ բրթում, սա չէ՞ մեր ժողովուրդը:
– Այդ հանդիպումների ժամանակ բերել՝ նիկոլականներին էին հավաքել: Բայց մարդկանց հետ զրուցելուց այլ բան եմ նկատում: Թե՛ Դիմադրության շարժման ընթացքում, թե՛ Սրբազան պայքարի օրերին մենք թույլ ենք տվել միեւնույն սխալները: Միշտ նշում ենք ժողովրդի բացառիկ դերը, որ ժողովուրդն է որոշում, ամեն ինչ բարդում ենք ժողովրդի վրա: Երբ մեկին անընդհատ սովորեցնում ես, ասում ես, թե նա ինչ պիտի անի, որ նա պարտավոր է, նա սխալ է եւ այլն, ապա լավագույն դեպքում նա շուռ է գալիս, գնում է: Վատագույն դեպքում ասում է՝ տո դե, ռադդ քաշի: Հիմա մեր ժողովուրդն այս վիճակում է: Պատճառը դա է, որ դուրս չի գալիս ընտրությունների: Ամեն անգամ մենք նրան դեմ ենք տալիս ընտրությունների մի մոդել, որը նա՝ ժողովուրդը, չի ընդունում: Ասում ենք՝ եկեք, առանձին-առանձին ձայն տվեք մեզ, որ հետո միանանք: Նա էլ ասում է՝ բոլորդ էլ մեկ եք, ու չի մասնակցում ընտրություններին: Ընդդիմադիր ուժերը միասնական չեն: Թշնամու ուզածն էլ դա է՝ հավաքում է քիչ ձայն, բայց արդյունքում անցնում է: Ոչ ոք չի հարցնում ժողովրդին, թե նա ինչ է ուզում: Իսկ ժողովուրդն ուզում է իրական միասնություն: Քաղաքական ուժերը պայման են դնում՝ հաղթենք, որ միանանք, իսկ ժողովուրդն ասում է՝ միացիր, աչքս տեսնի, եւ կհաղթես: Եթե 3-4 հոգով համաձայնության չեք գալիս, ապա միլիոնավոր ժողովրդից ի՞նչ եք ուզում:
– Ի՞նչ անել:
– Ստեղծել մեկ դաշինք՝ մեկ օրակարգով: 2021 թվին մենք ունեինք մեկ դաշինք, կուսակցություններն այդ դաշինքն էին կազմել: Լավն էր, վատն էր, բայց մարդիկ ճիշտ էին մտածել: Ռոբերտ Քոչարյանը եկավ ու դրանով խանգարեց, դաշինքը մասնատեց: Ես չեմ մեղադրում նրան: Թշնամին նրան երկու տարի բանտում պահեց, դրանից հետո բաց թողեց, ու 9։0 հաշվով Նիկոլի կրկնի տակ գործող Սահմանադրական դատարանը նրան արդարացրեց: Ինչո՞ւ: Քոչարյանը դուրս եկավ ու ասեց՝ կրելու եմ, ու քանդվեց միասնությունը, որն այն ժամանակ, շատ թե քիչ, կար: Մի Վազգեն Մանուկյան էր ու մի Նիկոլ Փաշինյան: Մեկը մեկի դեմ, հաստատ կրելու էինք: Բայց Քոչարյանը եկավ, բաժանեց: Դաշնակցականները, մի երկու ուժ միացան Քոչարյանին, ու ստացվեց այնպես, որ կռվից, հողեր հանձնելուց հետո Նիկոլը նորից մնաց իշխանության: Քոչարյանին լավ ճանաչելով, որ կամային, իշխանություն սիրող տղա է, օգտագործեց՝ հասկանալով, որ նրա միջոցով կմասնատի ընդդիմությանը: Սա ծուղակ էր: Հիմա նույնն է լինելու: Այն ժամանակ 12-13 կուսակցությունների ձայներ փոշիացվեցին, հիմա այդ 12-13 կուսակցությունները մի քանի դաշինք են ստեղծում, էլի առանձին, ու էլի ձայները փոշիանալու են: Հիմա ժողովրդին ասում ենք՝ մասնակցիր ընտրություններին, որ հաղթենք, Նիկոլին ձայն մի տվեք, մեզնից ում ուզում եք, տվեք: Ժողովուրդն էլ որոշում է, որ, ուրեմն, սա պաշտոնի, իշխանության կռիվ է:
– Ամենահնարավոր երկընտրանքն այսօր Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան այլընտրանքն է: Տեր-Պետրոսյանն է անգամ նրա անունը տալիս, այլ գործիչներ, հարցումներ կան, արդյո՞ք կհամախմբվեն քաղաքական ուժերը Սամվել Կարապետյանի շուրջ, թե՞ սա հեքիաթ է մեր կուսակցությունների համար, ու նրանք երբեք չեն միանա մեկ անձի շուրջ:
– Հեքիաթ չի: Մեկը Սամվելին չի սիրում, մեկը Դաշնակցությանը չի սիրում, բայց նույն տողի տակ ընտրում է: Ժողովրդին պետք է միասնության մոդել ցույց տալ: Թող ընտրական թերթիկում լինի, ասենք, երկու անուն՝ Նիկոլ ու «Ժողովուրդ» դաշինք, որի մեջ կլինեն Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», Հանրապետականը, թող լինեն նրանք էլ` մյուս կուսակցությունները: Հայաստանի առաջարկը կուսակցություններին սա է՝ եթե դուք չեք միանում 3-4 հոգով, ինձնից ի՞նչ եք ուզում: Մի քանի հոգով մտեք մի սենյակ, կռվեք, իրար ծեծեք, որոշեք, թե ով է լավը, ու մեկին գրեք: Թող լինի Նիկոլ ու «Ժողովուրդ» դաշինք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր