«Հրապարակ»․ Թրամփի ինքնագոհությունը, Խամենեիի ընտրությունը

«Հրապարակ»․ Թրամփի ինքնագոհությունը, Խամենեիի ընտրությունը

Sat, 14 Mar 2026 15:15:30 +0400


Ընթացիկ շաբաթը սկսվեց դրական լուրով ողջ աշխարհի համար՝ երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-Իսրայելի եւ Իրանի միջեւ ընթացող պատերազմը շուտով կավարտվի։ Ինչպես եւ սպասելի էր, Թրամփն ու վարչակազմը սկսեցին հավատացնել, թե իրենք կանխատեսված ժամանակացույցից շատ առաջ են ընկել, ինչ ծրագրվել էր՝ իրականացրել են, ինչ հարկավոր էր՝ վերացրել են, գործնականում թիրախ չի մնացել խոցելու Իրանում, այդքանով էլ ռազմական գործողությունների ավարտը շատ մոտ է։ Պարզ է, որ նման դատարկախոսության մեջ նույնքան եւ ավելի ստախոսություն կարող է լինել, քան ճշմարտություն։ Նաեւ փաստ է, որ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը դեռ չհայտարարեց ռազմական գործողությունների ավարտի մասին։

Սակայն ռազմական գործողությունների շարունակվելու պայմաններում էլ մարտի 9-ին Թրամփի մի քանի բառից կազմված գրառումը, թե հայտարարությունը այն մասին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն, ի զորու եղավ համաշխարհային բորսաներում նավթի գնի թռիչքաձեւ բարձրացումը կասեցնել, եւ 1 բարելի համար շրջանառվող 120 դոլար գինը մի քանի ժամում իջեցնել 95 դոլարի։ Իր մի խոսքով համաշխարհային տնտեսությունը եւ բորսաները մի կամ մյուս ուղղությամբ շարժելը երեւի Թրամփի աստեղային ժամն էր, գերագույն ինքնագոհությունը եւ ինքնահաստատումը։ Բայց նման հնարանքըը հնարավոր չէ մի քանի անգամ կրկնել։ Շաբաթվա ընթացքում նավթի գինը 1 բարելի դիմաց մոտեցավ 100 դոլարի, ինչ պարզ ցուցիչ էր, որ համաշխարհային բորսաներում հայտարարություններից ավելի գործողությունների են սպասում։

Արդյունքում ամբողջ շաբաթվա ընթացքում ամենքը քննարկում էին, թե Վաշինգտոնը որ պահին եւ ինչ պատրվակով ռազմական գործողությունները կավարտի։ Այդտեղ դեր է կատարում դրական մի իրողություն՝ Թրամփը ինչ դյուրությամբ որ պատմությունների մեջ է խառնվում, նույն դյուրությամբ եւ թեթեւությամբ էլ դրանցից դուրս է գալիս։ Տասնամյակներ շարունակ որքան հիմարությունն էին գրվել ու հնչել այն մասին, թե Իրանի վրա ԱՄՆ հարձակումը համարյա Երրորդ համաշխարհային պատերազմի կվերածվի, Իրանին համակրող Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը միասնական ճակատ կկազմեն եւ «բռունցքի մի քանի հարված» կհասցնեն ԱՄՆ-ին։ Ավելի խորը մոլորության մեջ եղողներն էլ նույնիսկ Հայաստանին էին դեր վերապահում այդ հնարավոր հակա-ամերիկյան կոալիցիայում։

Իրականում, պատերազմը պատահեց, օրեր անց արդեն կավարտվի, սակայն ԱՄՆ-Իսրայել եւ Իրանից այն կողմ ոչ ոք դրան չխառնվեց եւ չի էլ խառնվի։ Նույնիսկ Պարսից Ծոցի երկրները, որոնց Իրանը անվերջ հրթիռներով հարվածում է՝ իբրեւ թե ԱՄՆ ռազմակայաններին ու մնացյալ գույքին վնասելու պատրվակով, որոնք օրեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են կորցնում իրանյան հրթիռները վնասազերծելու համար, մեծ տնտեսական վնասներ են կրում Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով, միեւնույնն է, ոչ մեկը ռազմական հակահարված չի հասցնում Իրանին, որպեսզի բախման շրջանակը չընդլայնվի։ Այդպես է, որովհետեւ իրենց քաղաքագետ, փորձագետ ու չգիտես էլ ինչ հորջորջողները ինչ համաշխարհային բախումներ էլ երեւակայեն, իրական կյանքում եւ աշխարհում նման խելագարներ դժվար գտնվեն, որ հակամարտություն ընդլայնեն՝ այն մարելու փոխարեն։

Իրանը իր հերթին երեք պայման առաջադրեց ռազմական բախումները ավարտելու համար, ավելի հաճախ, սակայն, հայտարարելով, թե չի պատրաստվում ներկայիս ընթացող պատերազմը շուտափույթ ավարտել, որպեսզի էության մեջ որեւէ խնդիր լուծած չլինելով, պատերազմը մի քանի ամիս անց նորից չվերսկսվի։ Նման մոտեցման մեջ կա ռացիոնալ մտածողություն։ Սական ռացիոնալ, թե իռացիոնալ, իրականությունն այն է, որ այս պատերազմը սկսել, վարում եւ ավարտում է ԱՄՆ-ը, ոչ` Իրանը։ Օդում, ռազմաօդային ուժերի եւ զինանոցի միջոցով մղվող պատերազմը քիչ կախում ունի գետնի վրա իրադրությունից եւ տրամադրություններից։

Իսկ ԱՄՆ-ը երկու խնդիր լուծեց այս պատերազմով, դրանից զատ երրորդ խնդիր չի լուծելու, եւ դրանից ելնելով էլ ամբողջ շաբաթ ակնկալվում եւ խոսվում էր պատերազմի մոտալուտ ավարտի մասին։ Առաջինը, Վաշինգտոնը ցուցադրաբար ու ամենավերջին անհասկացողին էլ ընկալելի բացատրեց, որ Մերձավոր Արեւելքում չկան տարածաշրջանային գերտերություններ, ինչպես Իրանը, Թուրքիան, Ռուսաստանն էին իրենց հորջորջում։ Մերձավոր Արեւելքում կա մեկ գերտերություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ ովքեր Սիրիայի իրադարձություններից հետո այդքանը չէր գիտակցել, այժմ Իրանի վրա տեղացող հրթիռների հարվածների ներքո, հուսանք, կգիտակցեն։ Այդ թվում այն հայաստանցիները, ովքեր Ռուսաստան-Իրան-Հայաստան «դիմադրության առանցքի» ֆանտասմագորիաներով էին տարված։ Եթե ամեն փլուզված տնտեսությամբ ու բռնապետական դրվածքներով երկրի թվում է, թե իրենք կարող են շրջապատին ինչ-որ բան թելադրել, կամ միջազգային դրվածքներ շրջանցել, հիմա վերջիններս ականատես եղան, թե ինչ վիճակում կարող է հայտնվեն, եթե ԱՄՆ-ը սկսի շրջապատին թելադրել եւ միջազգային իրավունքը մի կողմ թողած գործել։ Այդ դեպքում «տարածաշրջանային գերտերություններից» դժվար շատ բան մնա։

Երկրորդ, այս ռազմական գործողությամբ ԱՄՆ այաթոլաներին ցույց տվեց, որ ներկան ռազմարշավից եւ առջեւում տնտեսական պատժամիջոցների նոր խստացումներից հետո Իրանի թեոկրատական ռեժիմին գործնականում ընտրության երկու ճանապարհ է մնալու՝ կամ փլուզվել, կամ վերափոխպվել։ Իմիջիայլոց, Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Al Jazeera-ով մեծ թվով անձինք են խոսում Իրանից՝ քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ, նախկին դիվանագետներ, եւ երբեմն շատ հետաքրքիր դիտարկումներով։ Շաբաթվա ընթացքում, երբ Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին հայտարարվեց, Թեհրանից մի քանի անձ նույն միտքն ասացին, որ կրտսեր Խամենեիի ընտրությունը Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում լավագույն եւ ամենաճիշտ ընտրությունն էր։ Նա ոչ միայն կարող գործիչ է երկիրը առաջնորդելու իսլամական հեղափոխության գաղափարների եւ թեոկրատական ռեժիմը պահպանելու տրամաբանությամբ, այլեւ գործնականում Մոջթաբա Խամենեին միակ անձն է Իրանում, ով ի զորու է առաջնորդել երկիրը նաեւ տրանսֆորմացիայի ուղիով, քանի որ նա ոչ միայն ունի մեծ ազդեցության իշխանական համակարգում, այլեւ իր կրած կորուստներով գրեթե մարտիրոս է։ Կրտսեր Խամենեիին ոչ ոք հեղափոպաության իդեալներին դավաճանելու մեջ չի մեղադրի, ինչն էլ երկիրը անցնում վերափոխելու հնարավորություն կստեղծի։

Դա հուսադրող եւ լավատեսություն ներշնչող իրականություն է երկու տարբերակում էլ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ Sat, 14 Mar 2026 18:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով