Հիսուս Քրիստոսին մենք դիմում ենք դու-ով

Հիսուս Քրիստոսին մենք դիմում ենք դու-ով

Sun, 15 Mar 2026 19:45:00 +0400


«Դու չի, դուք ա»: Դիմելով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին՝ ասել է քաղաքապետի տեղակալ, իրավագիտության թեկնածու, մեծն պարոն Գրիգորյան Սուրենը: Ի դեպ, խոսակցությունն այլ բնույթի շարունակություն ևս ունեցել է, բայց բավարարվենք այդ կարճ մեջբերումով: Խորհրդային տարիներին մեզ դաստիարակում էին, որ ինչքան բարձր է մարդու կրթական մակարդակը, այնքան համեստ պետք է լինի այդ անձնավորությունը: Չնայած իմ ունեցածն ընդամենը բուհական դիպլոմ է, բայց միշտ հետևել եմ այդ մտածողությանը: Օրինակ՝ երբ ժամանակին ինձ դիմում էին որպես «պարոն Սիրադեղյանի», պատասխանում էի, որ իմ անունը Վախթանգ է: Եվ ավելացնում, որ ինչ մնում է ազգանունով և պարոնով դիմելուն, ապա մեկը բավարար է. խոսքը, բնականաբար, Վանո Սիրադեղյանի մասին էր:

Բայց քանի որ գործող իշխանության ներկայացուցիչները շատ հեռու են դրական առումով խորհրդային մտածողությունից, ապա համեստությունը ևս նրանց համար չէ: Ինչ համեստության մասին է խոսքը, երբ ՀՀ երրորդ նախագահի նկարի դեմ կռիվ տվողը՝ Սերժին մերժելով, կախել է տվել սեփականը: Ինչպես նաև չբավարարվելով պարոն դիմելաձևով՝ կողքից ավելացնել է տվել մեծարգո-ն: Կարծես եթե իրեն դիմեն այդպես՝ իր հեղինակությունն էլ «կմեծարգոյանա»: Նրա կադրն էլ, բնականաբար, պետք է պահանջեր, որպեսզի իրեն դուք-ով դիմեին: Ընդհանրապես, դուք-ով դիմում են քաղաքավարությունից ելնելով: Բայց ընդունեք, որ իշխող ՔՊ խմբակի անդամներն ու քաղաքավարությունն անհամատեղելի են՝ ինչպես խոզն ու տուռնիկը: Ու իրենց էլ մարդիկ դիմում են այնպես, ինչպես իրենք են վերաբերվում ուրիշներին: Ու ինչպես արժանի են, որպեսզի դիմեն իրենց:

Ի դեպ, «դու»-ով և «դուք»-ով միմյանց դիմելու խնդիրը Նիկոլի օրոք մեկ-մեկ ստանում է հրապարակային տհաճ դրսևորում: Պատճառն այն է, որ Նիկոլն իր շուրջն է հավաքել կադրերի, որոնք մինչ այդ հիմնականում չեն ունեցել հարգանքի արժանի անցյալ ու հեղինակություն: Ու երբ իրենք դիմացիներին դիմում են դու-ով՝ պահանջելով, որպեսզի իրենց դիմեն դուք-ով՝ այստեղից էլ առաջանում են կոնֆլիկտները: Դրանից խուսափելու մի ձև կա միայն՝ իրենց ևս մնացածներին պետք է դիմեն դուք-ով: Բայց քանի որ դա նույնքան բարդ բան է իրենց համար, ինչպես ընդհանրապես քաղաքավարի լինելը, ապա այդ խնդիրը կարող է լուծվել միայն մի դեպքում: Երբ այդ խմբակի անդամները հունիսի 7-ին կհեռացվեն իշխանությունից: Ու նրանց կփոխարինեն հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող անձինք:

Մեկ-երկու խոսք դու-ի և դուք-ի մասին: Անգլերեն չիմացողների համար ասեմ, որ այդ խնդիրը վաղուց լուծված է այդ լեզվում, քանի որ երկու դեպքում էլ օգտագործվում է միևնույն՝ «you» (յու) դիմելաձևը: Նույն երևույթն առկա է նաև հոլանդերենում և ինդոնեզիական պաշտոնական լեզվում: Անգլերենում, սակայն, Աստծուն դիմելու համար (խոսքը գրավոր լեզվի մասին է) օգտագործվում է խոսակցականում վաղուց մոռացված եզակի «Thou» ձևը՝ (գրվում է մեծատառով): Մնացած բոլոր լեզուներում Հիսուս Քրիստոսին դիմում են դու-ով: Նույն երևույթն առկա է նաև հայերենում. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո…» (աշխարհաբար՝ Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը…» (qahana.am/post/2560): Փաստորեն, Աստված կողմ էր, որպեսզի իրեն դիմեին դու-ով՝ դա է վկայում Տերունական աղոթքի տեքստը: Ընդունված է համարել, որ այն մարդկանց է ներկայացվել հենց Բարձրյալի կողմից: Սակայն նիկոլական խմբակի անդամներից մեկն, օրինակ, խիստ վիրավորվում է, երբ իրեն չեն դիմում դուք-ով: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո այս առումով գործ ունի կատարելու Լեզվի կոմիտեն՝ նախապես հանրային լայն քննարկում կազմակերպելով:

ՀԳ. Ի դեպ, Գրիգորյան Սուրենին ասեմ, որ ոչ թե «դուք ա», այլ «դուք է», քանի որ որպես պետական/համայնքային պաշտոնյա ինքը պետք է խոսի գրական հայերենով: Եվ օրինակ ծառայի իրեն քաղաքապետի տեղակալ նշանակողի համար: Հատկապես որ իրավաբանական գործունեությանը վերադառնալուց հետո ստիպված է լինելու անցնել գրական հայերենի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար

ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար Sat, 14 Mar 2026 20:45:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով