Կիրակի , 26 Հուլիսի 2026

Խեղճ վարչապետն ի՞նչ անի

Խեղճ վարչապետն ի՞նչ անի

Sat, 11 Apr 2026 17:15:40 +0400


Խեղճ վարչապետն ի՞նչ անի, եթե տաշիրցի պարոն Աբրամյանը Ռուսաստանում օրինական վարքագիծ չի ցուցաբերել: Ու անձնագրի հետ էլ խնդիրներ է ունեցել: Այ, եթե խնդիրներ չունենար, ինքն իր ընտանիքի հետ կլիներ ու տեր կլիներ իր բիզնեսին: Խնդիրը նրա մեջ է, ոչ թե ռուսների հետ խնդիրներ ունենալու: Նրանց հետ բոլոր հարցերը դզված են, ասում է Փաշինյանը: Սրան միայն կավելացնեի՝ ի հեճուկս պարոն Փաշինյանի չուզողների: Ի վերջո, Փաշինյանն ինչ իմանա, թե ինչպես է ստացվել, որ 20 տարում խնդիր չունեցող քաղաքացին հանկարծ կանգնել է խնդրի առջև: Ռուսը կասեր՝ «Ни с того ни с сего»: Ու հենց խնդիրն էլ ծագել է, կրկին ռուսների ասելով, իրենց ղեկավարի հետ էդպես խոսելու համար: Համ էլ ինքնիշխան Հայաստանի «մեծարգո» վարչապետն ինչպես կուզի, այնպես էլ կխոսի Հայաստանի անվտանգության առումով հիբրիդային սպառնալիքի աղբյուր հանդիսացող պետության ղեկավարի հետ:

Ասեմ, որ իշխանավորի հետ խոսելը վտանգավոր բան է՝ հատկապես, իհարկե, հայրենական: Անգամ նրա ուղղությամբ նայելը կամ նույնիսկ անկախ քեզանից ուսով հպվելը: Որովհետև վերջինիս թիկնապահի կողմից դա կդիտարկվի որպես հարձակում վարչապետի վրա: Ու նման անձը եթե ազատվի հարված ստանալով կամ թեկուզ կալանավորվելով՝ կարող է ուրախ լինել, որ թեթև պրծավ: Նա, ինչպես 18-ամյա Դավիթը, կարող է ստանալ երկուսն էլ՝ հարված ծնոտին, որից ունեցած հիվանդությունը կխորանա, ու միաժամանակ երաշխավորված բանտային կյանք գոնե կալանքի տեսքով: Իսկ հիվանդությունն էլ, որքան էլ որ այն ծանր լինի, դատախազի կամ դատավորի համար նրան գոնե կալանքի թեթև տեսակը հատկացնելու հիմք չի հանդիսանա: Ինչպես տեսաք, չեմ խոսում ընդհանրապես կյանքի իրավունքի մասին. այն կարող է ոտնահարհվել ամեն պահի: Եթե, իհարկե, դժբախտություն ունենաք հանդիպելու վերը նշված անձի շարասյան հետ: Ով մի ժամանակ, երբ ընդդիմադիր էր, ՀՀ երրորդ նախագահին անխնա քննադատում էր ավտոշարասյան ընթացքի արագության և մեծության առումներով:

Այնպես որ եթե տաշիրցին պրծել է ընդամենը դեպորտով՝ պետք է ուրախ լինի դրա համար: Ու ընտանիքն էլ ընկերների միջոցով տեղափոխի Հայաստան: Դա օգուտ կբերի նաև Հայաստանին՝ եթե ինքը մնացել է ՀՀ քաղաքացի: Որովհետև կմասնակցի քվեարկությանը և վստահաբար կընտրի ոչ պարոն Փաշինյանի կուսակցությունը: Կարծում եմ, որ Պուտինի հետ այնպես չխոսած Փաշինյանի պատճառով բազմահազար հայաստանցիներ կարող են դեպորտի ենթարկվել: Նրանք, ովքեր Ռուսաստանում ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, սակայն տեղական իշխանություններն աչք են փակել դրանց վրա: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հակառուսական քաղաքականության պատճառով սկսել են զբաղվել այդ հարցերով: Նաև իրենց վերադարձի շնորհիվ այստեղ իշխանություն կփոխվի, և ռուսների հետ եղած հարցերն էլ իրականում կդզվեն: Ու էլ մարդկանց դեպորտ չեն անի՝ զրկելով նրանց երկար տարիների աշխատանքի արդյունքից:

Դա՝ մեկ, և երկրորդ. եթե Ռուսաստանը լիներ անվտանգության առումով որևէ սպառնալիքի աղբյուր, ապա նախորդ դարի 90-ականների վերջին Հայաստանի առաջին նախագահը բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր չէր կնքի այդ երկրի նախագահի հետ: Ինչը կարող էր դեռ երկար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք այնքան խելացի լինեինք, որ Սերժին մերժելու փոխարեն մերժեինք նրան, ում հոգին փառավորվում էր խռովության տեսարաններով: Ով հիմա անմեղ մադկանց է բանտարկել տալիս խռովության կեղծ մեղադրանքով: Չէ, ոնց գցում-բռնում եմ, չեմ կարող չընդունել, որ խեղճ վարչապետը ոչինչ էլ չէր կարող անել: Բացի, իհարկե, ամեն գնով իշխանություն պահելուց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան ժամանակում արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը, ըստ Իլոն Մասկի

Ինչքան ժամանակում արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը, ըստ Իլոն Մասկի Sat, 25 Jul 2026 21:00:10 …