Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Fri, 25 Sep 2026 13:15:32 +0400


CNBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական ներդրումներ է կատարել նավթագազային մի շարք ընկերություններում, որոնք զգալիորեն արժեւորվել են Իրանի դեմ սկսված պատերազմի այս՝ ավելի քան կես տարվա ընթացքում։ Պարբերականը նշում է, որ ինը խոշոր նավթագազային ընկերությունում Թրամփը ներդրել է, ընդհանուր առմամբ, 1,5-4,4 միլիոն դոլար՝ ըստ այս տարվա փետրվարի 27-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող հաշվետվությունների տվյալների։
Նշված ընկերություններն են՝ • Chevron • ConocoPhillips • Exxon Mobil • Kinder Morgan • Marathon Petroleum • Occidental Petroleum • Phillips 66 • Valero Energy • Williams Companies։

CNBC-ն այդ ներդրումների արժեւորումը գնահատել է՝ ելակետ ընդունելով այս տարվա փետրվարի 27-ին այդ ընկերությունների բաժնետոմսերի բորսայական սակարկություններով ձեւավորված արժեքը եւ օգոստոսի 31-ի արժեքը։ Դրա հիման վրա էլ՝ նախնական ներդրումները փետրվարին եղել են 1,5 միլիոն, այդ ներդրումների վերջնական արժեքը եռապատկվել է՝ մոտավորապես հասնելով 4,4 միլիոն դոլարի։ Ընդ որում, նույնիսկ պատերազմի այս վեց ամիսների ընթացքում բաժնետոմսերի առքուվաճառքը շարունակվել է, թեեւ հնարավոր չի եղել պարզել, թե կոնկրետ քանի բաժնետոմս է ձեռք բերվել վերջին կես տարվա ընթացքում, եւ քանիսը վաճառվել։
Ըստ էության, կարելի է արձանագրել, հայտնում է CNBC-ն, որ Իրանի դեմ պատերազմը կարելի է էներգետիկ շուկայի համար զգալիորեն ձեռնտու համարել, քանի որ գեոպոլիտիկ լարվածությունը զգալի գնային տատանումներ է առաջացնում նավթի գնի շուրջ։ Վառելիքի թանկացումն էլ բերում է նավթագազային ընկերությունների բաժնետոմսերի գնաճի, ինչն իր հերթին ավելացնում է այդ ընկերությունների բաժնետերերի, այդ թվում՝ նաեւ նախագահ Թրամփի ունեցվածքը։ Այս ամենը, ըստ լրագրողական հետաքննության, բավական հարցեր է առաջացնում։ Հնարավոր է նաեւ, որ խոսք բացվի հնարավոր շահերի բախման մասին, թեեւ պաշտոնապես Սպիտակ տնից հավաստիացրել են, որ ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա ընտանքի անդամները չունեն հնարավորություն՝ ազդելու ներդրումային պորտֆելների վրա կամ որոշակի ուղղորդումներ անելու։

Ամեն դեպքում, լրագրողական հետաքննությունը լայն արձագանք է ստացել, քանի որ առկա է քաղաքական եւ բիզնես կամ ֆինանսական գործունեության բավականին քիչ պատահող համադրություն, թեեւ նրանց միջեւ ուղղակի պատճառահետեւանքային կապի բացահայտումն արդեն այլ մակարդակի հետաքննության հարց է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Thu, 24 Sep 2026 19:00:21 +0400 Նյու-Յորքի դատարանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով