Նոր` ասիակենտրոն աշխարհ է ձեւավորվում, Հայաստանը պետք է արագ գտնի իր տեղը
Fri, 27 Nov 2026 18:15:05 +0400

Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվը հանդիսացող Գերմանիայի իշխանությունները ստիպված են ընդունել այն, ինչ հայտնի էր շատ վաղուց: Ստիպված են ընդունել, քանի որ խնդիրը դարձել է այնքան արդիական, որ այլեւս հնարավոր չէ թաքցնել կամ ձեւ անել, թե այն գոյություն չունի: Այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ելույթ ունենալով Բունդեսթագի նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի բյուջեի նախագիծը, ասել է. «Գերմանիան ապրում է ադապտացիայի խոր ճգնաժամ։ Սրանք իմ խոսքերը չեն, այլ՝ Գերմանիայի նախկին ֆինանսների նախարար Պիեռ Շտայնբրյուկի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամի խոսքերը, որոնք նա ասել է մի քանի օր առաջ։ Եվ իրոք, ես կիսում եմ այս գնահատականը»։ Ըստ Մերցի՝ Գերմանիան բախվում է աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական եւ միգրացիոն մարտահրավերների, որոնք հնարավոր չէ անտեսել:
Մերցը, դիմելով դահլիճում նստած բունդեսպատգամավորներին, ասում է. «Մենք՝ բոլորս, ովքեր այստեղ են, ստիպված կլինենք հրաժարվել մեր որոշ պատկերացումներից, քանի որ այլեւս չենք կարողանա հարկային եկամուտներով ֆինանսավորել այն ամենը, ինչին չափազանց երկար ժամանակ սովորել ենք»։ «Պատկերացում» ասելով՝ Մերցը, թերեւս, նկատի ունի սոցիալական արդարության, բարեկեցության, տնտեսական եւ տեխնոլոգիական առաջատարության պատկերացումները, որոնք առկա են եղել եվրոպացիների եւ հատկապես գերմանացիների մոտ՝ ոչ միայն տասնամյակներ, այլեւ հարյուրամյակներ շարունակ:
Ճգնաժամը միայն տեղական`գերմանական չէ, այն համաեվրոպական է: Ամերիկյան Financial Times հանդեսը նախորդ օրը մի հոդված էր հրապարակել, ըստ որի՝ եվրոպական արդյունաբերական ընկերությունների 50 տոկոսը լուրջ ֆինանսական ճնշման է ենթարկվում արտադրական ծախսերի աճի պայմաններում։ Հիմնական պատճառներն են՝ էներգակիրների բարձր գները, աշխատուժի զգալի ծախսերը եւ չինացի արտադրողների կողմից աճող մրցակցությունը։ Հրապարակման հեղինակի կարծիքով՝ եվրոպական արտադրության ոլորտում մոտ 3.7 միլիոն աշխատատեղ է վտանգված։
Այս արձանագրումները չափազանց կարեւոր են Հայաստանի եւ հայ հասարակության համար: Մեր պատկերացումները՝ աշխարհի եւ աշխարհում իրերի իրական վիճակի մասին, եւս ենթակա են ադապտացման, եւ այդ ադապտացիան պետք է կատարվի ոչ միայն մեր ուղեղներում, այլեւ պետք է փոխակերպվի եւ վերածվի իրական քաղաքական վարքագծի: Հայաստանի իշխանությունները փորձում են հայ հասարակությանը համոզել, որ իրենք երկիրը տանում են մի տեղ` Եվրամիություն, որտեղ առկա են սոցիալական բարեկեցություն, իրավական արդարություն, տեխնոլոգիական եւ տնտեսական առաջընթաց, բավարար է, որ Հայաստանը միանա եվրոպական հանրույթին, եւ այդ ամենը մեխանիկորեն կտեղափոխվի նաեւ Հայաստան: Մինչդեռ նրանք Հայաստանը տանում են մի տեղ, որտեղ առկա է խորացող ճգնաժամ, որն օրեցօր ավելի է խորանում, եւ չկան այդ ճգնաժամը հաղթահարելու իրական ծրագիր եւ հնարավորություն:
Եվրոպական տնտեսական զարգացումը, բարեկեցությունը, սոցիալական ապահովությունը, իրավական կարգապահությունը հիմնված էին մի գործոնի վրա` տեխնոլոգիական առաջադիմության եւ գերազանցության: Բայց այդ գերազանցությունն անընդհատ կրճատվում է, իսկ որոշ կարեւորագույն ոլորտներում Եվրոպան վաղուց այլեւս առաջամարտիկ չէ: Եվրոպական շուկաներում իրար հետ մրցակցում են եվրոպական, չինական, որոշ դեպքերում` հարավկորեական եւ ճապոնական ընկերությունները, Եվրոպայում վաղուց չեն արտադրում սեփական հեռախոսներ, համակարգիչներ, հեռուստացույցներ: Եվրոպական կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունները տանուլ են տալիս մրցակցությունը չինական ընկերություններին, հիմա հերթը հասել է ավտոմեքենաշինությանը, սարքաշինությանը, արեւային ֆոտովոլտային պանելների արտադրության 80 տոկոսը չինական է, չինացիները սկսել են ժամանակակից միկրոչիպեր արտադրել:
Հայաստանի ընդդիմությունը հասարակությանը պետք է երկրի զարգացման այլընտրանք ներկայացնի, պետք ներկայացնի ոչ թե կոնկրետ մեկ կամ մի քանի ձեռնարկությունների կառուցման առաջարկ, այլ այնպիսի տնտեսական մոդել, որը համահունչ է ժամանակակից աշխարհին: Ընդդիմությունը հասարակությանը պետք է ոչ թե բացատրի, որ մեզ ԵՄ չեն ընդունի, քանի որ մենք մեր չափանիշներով երբեք չենք համապատասխանի եվրոպականին, այլ պետք է բացատրի, որ զարգացման եվրոպական մոդելը սպառել է իրեն, որ ԵՄ գնալու, այդ կառույցին անդամակցելու իշխանության ծրագիրը երկիրը տանում է փակուղի, տանում է մի տեղ, որտեղ ոչ միայն չկա զարգացում, այլեւ խորացող ճգնաժամ է եւ հետընթաց:
Հին եվրոպակենտրոն աշխարհը փլուզվում է, այդ փլուզումը նոր չի սկսվել, բայց մասշտաբներն այնպիսին են, որ դա ընդունում եւ դրա մասին արդեն խոսում են եվրոպական քաղաքական եւ տնտեսական էլիտաները: Հիմա ձեւավորվում է նոր աշխարհ՝ ասիակենտրոն, եւ Հայաստանը պետք է արագ միանա այդ նոր աշխարհի ձեւավորմանը, գտնի այդ աշխարհում իր տեղը, որոշի, թե ինքն ինչ կարող է ստանալ եւ տալ այդ աշխարհին: Պատմությանը հակառակ ընթանալու փոխարեն մենք պետք է զգանք նոր ժամանակի շունչը եւ շարժվենք դրան համընթաց:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր