Արդյոք ֆուտբոլիստը մարդասպան է, թե՝ խարդախության զոհ
Sun, 15 Mar 2026 22:00:00 +0400

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայի նախկին ֆուտբոլիստ Դանիիլ Սեկաչը հնարավոր է, որ դարձել է խարդախների զոհ։ Սակայն հնարավոր է, որ նա հայտնվի մեղադրյալի աթոռին՝ որպես մարդասպան։ Ինչ է կատարվել։ Համաձայն ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցման, ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մոսկվայի հյուսիս-արեւմտյան հատվածում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է մի կնոջ սպանություն կատարելու մեջ։ Տղամարդը Դանիիլ Սեկաչն է։ Համաձայն հաղորդման, սպանված կնոջ բնակարանում հայտնաբերվել է սեյֆ, որի վրա եղել են այն կոտրելու հետքեր։ Նախապես հայտնի է դարձել նաեւ, որ տուժած կնոջ անչափահաս դուստրը կարող էր դարձած լինել խարդախների զոհ, ովքեր ներկայացել են որպես ոստիկաններ եւ պահանջել են բացել դուռը։ «Ուրալ 2» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եվգենի Ավերյանովը հայտարարել է, որ քսանամյա Սեկաչը նախօրեին թույլտվություն է վերցրել եւ Եկատերինբուրգից մեկնել Մոսկվա՝ ինստիտուտի հետ կապված հարցերով։ Սակայն չի բացառվում, որ նա էլ է հայտնվել հեռախոսային խարդախների ցանցում, որոնք էլ հանձնարարել են, որ կողոպտի Չուչուպալո ընտանիքի տունը։ Կողոպուտի ժամանակ Սեկաչը դանակի մի քանի հարված է հասցրել Եկատերինա Չուչուպալոյին, ինչի հետեւանքով՝ նա մահացել է։ Թե ինչ է կատարվել իրականում, փորձում են պարզել իրավապահները։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր