Որն է թիվ մեկ խնդիրը՝ ըստ Քոչարյանի
Mon, 16 Mar 2026 20:56:24 +0400

«Հայաստան» դաշինքը, ինչպես հայտնի է ,պաշտոնապես հայտարարեց, որ դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
Իր ելույթում Քոչարյանը ընդգծեց, որ առաջիկա տարիներին անվտանգությունը լինելու է Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ երկրին անհրաժեշտ են ուժեղ պաշտպանական համակարգ, պատասխանատու ղեկավարում և վստահելի միջազգային գործընկերներ, որպեսզի հնարավոր լինի արդյունավետորեն դիմակայել արտաքին սպառնալիքներին։ Նա նշեց նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի և հստակ, առանց հակասությունների վրա քաղաքական շահարկումների։
Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին կիրառված արտաքին քաղաքական մոտեցումը, ըստ նրա, նպաստել է հարաբերական կայունության ապահովմանը։ Նա հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել և իրականացնել անվտանգության այնպիսի մոդել, որը կլինի հուսալի և գործնական։
Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին՝ նա նշեց, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն ընդգծեց, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի իրական և փոխադարձ անվտանգության երաշխիքների վրա։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս միջազգային պայմաններում, երբ փոխվում են ուժերի հարաբերակցությունները և իրավական մեխանիզմների դերը թուլանում է, անվտանգության համակարգը պետք է լինի առավել ամուր և հստակ կառուցվածքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր