Ապրում ենք «գերինքնիշխան» ու «գերարժանապատիվ» երկրում
Mon, 16 Mar 2026 23:15:00 +0400

Ինչ մեղքս թաքցնեմ՝ երբ 2015-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ էր իրականացնում, ես այն բացառիկ ընդդիմադիրներից էի, ով կողմնակից էր դրան: Հիմնավորումս այն էր, որ կիսանախագահական կառավարման վերածումը խորհրդարանականի կնպաստի գործող իշխանության կազմաքանդմանը: Որովհետև բրգաձև կառավարման անհատական պատասխանատվությունն իր տեղը զիջելու էր կոլեկտիվին: Իսկ այն շատ ավելի հեշտ կլիներ վերացնելը: Ես, իհարկե, չէի պատկերացնում, որ իշխանության է գալու մեկը, ում համար Արցախը սկզբում Հայաստան էր, իսկ իր խմբակի անդամների համար էլ՝ Ակնան հայրենիք: Իսկ այնուհետև, հենց իր ապաշնորհ և/կամ դավաճանական գործունեության պատճառով, այն վեածվեց Ադրբեջանի: Ու վերջում ենթարկվելով էթնիկ զտման՝ ամբողջովին հայաթափվեց: Էլ չասած բազմահազար զոհերի ու հաշմանդամ դարձած երիտասարդների մասին:
Կյանքը ցույց տվեց, որ հայ ժողովրդի ճակատագրական սխալի՝ 2021-ին նրան վերընտրելու հետևանքով, թշնամու ագրեսիվ նկրտումների հերթը հասել է Հայաստանին: Պարզվեց, որ արդեն պատրաստ է հանրաքվեին դրվելիք սահմանադրության տեքստը: Որում այլևս չի լինելու Անկախության հռչակագիրը, քանի որ այդպիսին է թշնամու պահանջը: Պատկերացնո՞ւմ եք՝ իբրև թե նախկինից ավելի անկախ ու ինքնիշխան պետության սահմանադրության բովանդակության հարցը թելադրվում է թշնամու կողմից: Որպեսզի վերացվի տարածքային պահանջների խնդիրը: Ոչինչ, որ թշնամի երկրում պետական մակարդակով օրական կտրվածքով տարածքային պահանջներ են ներկայացվում մեզ: Ու դա հասել է ցինիկության այն մակարդակի, որ Հայաստանի Հանրապետությունն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Փաստորեն, Նիկոլենց տեսակետից ավելի ինքնիշխանության հատկանիշն այն է, որ թշնամին քեզ պահանջներ ներկայացնի, իսկ քո պետության հիմնական օրենքն էլ չեղարկվի հենց այդ պահանջի ուժով:
Բայց եթե ՀՀ Սահմանադրությունից հանում ես Անկախության հռչակագիրը, ապա Հայաստանը կորցնում է անկախ ու ինքնիշխան պետություն կոչվելու հիմքը: Ինչն էլ առիթ կծառայի, որպեսզի հարմար պահի Ադրբեջանը փորձի զավթել մեր երկիրը: Եթե, իհարկե, այս անգամ էլ ժողովուրդը չմերժի գործող իշխանությունը: Հատկապես որ թշնամին երկար ժամանակ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսեցիների համար շրջանառում է «Արևմտյան Ադրբեջան» կոչված կեղծիքը: Ի դեպ, Իլհամը իր երկրի առումով կատարեց հակառակ գործողությունը. փոխել տվեց ինքնավար Նախիջևանի սահմանադրությունը: Դրա միջից հանվեց 100 տարի առաջվա ռուս-թուրքական պայմանագրի հիշատակումը: Դրանով փաստորեն հայտարարվեց, որ Նախիջևանի ինքնավարությունը կախված չէ այլ երկրներից: Իսկ այնուհետև հանգիստ կվերացնի վացուց ձևական դարձած այդ հանգամանքը: Եվ կազատվի պատմական մեկ այլ՝ Նախիջևանի՝ ժամանակին հայկական լինելու հիշատակման հիմքի գլխացավանքից:
Հերթական անգամ ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հայտարարեց, թե 30 տարի մեր երկիրը եղել է վասալի կարգավիճակում: Սյուզերենի՝ վասալի տեր երկրի անունը չտրվեց՝ երևի ամաչելուց: Զարմանալիորեն չասվեց, որ նրա ձեռքի գործն էր նաև Անկախության հռչակագիրը: Չնայած կրկնվեց, որ այն կոնֆլիկտի հռչակագիր է: Ինքն, իհարկե, թքած ունի, որ բազմաթիվ երկրների սահմանադրությունների նախաբաններում շատ ավելի դաժան խոսքեր են ասվում նախկին տիրապետողների հասցեին: Դրանցից են, օրինակ, Վիետնամի, Ալժիրի, Անգոլայի, Մոզամբիկի, Զիմբաբվեի և Կուբայի սահմանադրությունները: Ինֆորմացիան տրվել է ահեստական բանականության կողմից, ու ենթադրում եմ, որ այն թերի է: Ոովհետև բազմաթիվ երկրներ են եղել գաղութարարաների լծի տակ, ու դժվար թե նախկինների հասցեին չգրվեր մի երկու թթու բառ: Բայց միակը Հայաստանի վարչապետն է, որ փորձում է թշնամու անարդար պահանջին տալ քաղաքակիրթ փաթեթավորում: Ինչն էլ հերթական անգամ վկայում է, որ մենք ապրում ենք ոչ թե անկախ ու ինքնիշխան, այլ «գերինքնիշխան» ու «գերարժանապատիվ» պետությունում: Ու դա կհասնի կատարյալ աստիճանի, եթե հունիսի 7-ին չմերժվի գործող իշխանությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր