Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ»․ Իրենց կհասնի Մադուրոյի տարբերակը` լավագույն դեպքում, կամ Խամենեիի ճակատագիրը

«Հրապարակ»․ Իրենց կհասնի Մադուրոյի տարբերակը` լավագույն դեպքում, կամ Խամենեիի ճակատագիրը

Tue, 17 Mar 2026 12:15:08 +0400


Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ զրույցում անդրադարձել ենք Բաքվում մեր պատանդառված գերիների ձերբակալության մութ կողմին եւ պատճառներին, թե ինչու նրանք ազատ չեն արձակվում։

– Մեր գերիներին Բաքվում դատեցին որպես ահաբեկիչների, նացիստներ են անվանում: Ե՞րբ եւ որտե՞ղ էին այդ մարդիկ ահաբեկիչ կամ նացիստ ճանաչվել:

– Նախ, նրանք գերի կամ ռազմագերի չեն, նրանցից ընդամենը 2-ն են ռազմագերի, որոնք մասնակցել են 2020թ. ռազմական գործողություններին, եւ նրանց պահելն արդեն իսկ միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է: Դրա մասին կարելի էր հարց բարձրացնել միջազգային քրեական դատարանում, ինչը չի արվել: Մյուսները քաղաքական պատանդ են, որն արգելված է միջազգային իրավունքով: Եվ նրանց պատանդ լինելն ապացուցվեց, երբ 4 հոգու վերադարձրին 2 միջազգային հանցագործի դիմաց, որոնք էլ Թուրքիայի միջոցով վերադարձվեցին Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորմանը: Այդ պատանդներին, առաջին հերթին Արցախի քաղաքական ղեկավարությանը, դատում են ինչպես միջազգային ահաբեկիչների: Այնինչ 30 տարի ընթանում էին բանակցություններ, իսկ բանակցային գործընթացում ընդգրկված էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Ցույց տվեք մի փաստաթուղթ, թեկուզ՝ աշխատանքային, որտեղ Արցախի ղեկավարությանն անվանել են նացիստ, ֆաշիստ կամ ահաբեկիչ: Չկա այդպիսի բան:

– Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն կատարում՝ մեր պատանդներին վերադարձնելու համար:

– Պետությունը, որ պետք է շահագրգիռ լինի՝ վերադարձնելու իր պատանդներին, փոխարենն անում է խիստ հակառակ գործողություններ, նույնիսկ՝ ավելին: Ես այդպես եմ գտնում եւ պնդում եմ, որ պետական մակարդակով հենց Հայաստանն է խոչընդոտ այդ մարդկանց վերադարձին: Այո, մեր քաղաքական պատանդների վերադարձի ամենամեծ խոչընդոտը ՀՀ օրվա վարչակազմն է: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք լսել ենք վարչապետին ոչ հարիր հարցադրում, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի մասին, թե մենք դեռ պետք է իմանանք` Ռուսաստանն ինչու է ուղարկել, ով է նա եւ այլն: Կներեք, դրանք «դանոսչիկի» խոսքեր են, միայն ամենացածր «դանոսչիկին» է սազում նման արտահայտությունը: Այնպես չէ, որ չի հասկանում, թե ինչ է ասում: Այդ խոսքերի տակ հստակ դիրքորոշում կա. այդ մարդկանց՝ Հայաստան վերադարձի մերժումն է: Միջազգային հարաբերություններում շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նման հայտարարություն անելը: Դա ամենացածր մակարդակի «դանոս» է:

– Մեր իշխանությունը մասնակի՞ց է այդ մարդկանց գերեվարության, պատանդառության հանցանքում:

– Մատը խառն է այս իշխանությունների. առանց ՀՀ վարչակազմի համաձայնության, էլ չեմ ասում` խնդրանքի, երբ խոսքը գնում է հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, դա չէր կարող տեղի ունենալ: Խնդիրը, ահա, այդտեղ փնտրեք: Մնացածը, թե ինչ կբացահայտվի, ինչ արդյունք կունենա եւ ինչպիսի արձագանք կգտնի հասարակության մեջ, դեռ կտեսնենք: Բայց այս հասարակությունն այնքան ծեծված եւ նսեմացված է, որ կարող է ամեն ինչ էլ պարզվի, եւ որեւէ ակտիվ գործողություն տեղի չունենա: Եվ դրանից չէ, որ այս վարչակարգը վախենում է: Այս վարչակարգը վախենում է միայն ու միայն դրսի իր ղեկավարներից: Բացարձակապես նա չունի այն խնդիրը, թե ինչ կմտածի ժողովուրդն այստեղ: Այս ժողովրդին խաբելով են նրանք հասել իշխանության, եւ դա բոլորը գիտեն, արդեն բացահայտ է:

– Սամվել Բաբայանին բաց են թողնում, իսկ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալում են, որովհետեւ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Ինչպե՞ս հասկանանք:

– Սամվել Բաբայանին ճանաչում եմ վաղուց եւ ասեմ, որ սիրտս ուղղակի մղկտում է: Երբ ինքը ծանր, գեներալին ոչ հարիր խոսքեր է ասել նույն մեր այդ պատանդների հասցեին, ամենից շատ ես եմ ցավացել, սրտիցս արյուն էր կաթում: Ես չէի ուզենա, որ Արցախի հերոսներից մեկն այդպես արտահայտվեր: Այդպես հենց ինքն է ամենամեծ ստվերը գցում իր հերոսական անցյալի վրա: Եվ այնպես չէ, որ ես դրա համար ուրախանում եմ:

– Սրանց իշխանությունը 8 տարի տեսնելուց հետո ի՞նչ եզրահանգման գանք. ովքե՞ր են սրանք, եւ ո՞րն է սրանց վերջնական նպատակը:

– Ես համոզված եմ եւ մինչեւ անգամ կարող եմ ապացուցել բաց տեղեկատվությունից, որ այս իշխանությունները բերված են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից: Այո, պայքարը եղել է` ճանաչե՞լ Արցախը որպես անկախ, թե՞, այսպես ասած, մեծ, գլոբալիստական կենտրոնների հաշվարկներով ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը դարձնել տարածք: Տարա՛ծք, այլ ոչ թե որեւէ սուբյեկտ: Հնարավոր է, որ ինչ-որ խորհրդանիշներ մնան` դրոշը եւ այլն: Բացարձակապես խնդիր չկա, որ տարածքը ձեւական անունով մնա: Եվ այն, ինչ որ անում է օրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, դրա մասին է խոսում: Փաստորեն, անում են ամեն ինչ, որ ձեւական ինչ-որ անուն մնա, եւ այս հանրապետությունն ամբողջովին դառնա տարածք Թուրքիայի ու իր միջոցով առայժմ գործող ամենապղտոր ուժերի համար, լինի դա հավաքական Արեւմուտքը, թե լինի Ամերիկան: Խնդիրն այն է, որ Իրանի դեմ գործողություններն արդեն ցույց են տալիս, որ Արեւմուտքը համապատասխան կերպով չի գնահատում Իրանին՝ որպես հին քաղաքակրթություն: Հակառակը, իրենք աշխատում են հին քաղաքակրթություններն ուղղակի ջնջել: Բայց տեսնում ենք, որ իրենց հաշվարկները տապալվում են առաջին իսկ օրերից: Մենք պետք է հասկանանք, թե նրանց համար Հայաստանն ինչ է: Նրանց համար կարեւորն այն է, որ, օգտագործելով այսօրվա Թուրքիային, հասնեն իրենց կեղտոտ հաշվարկների կատարմանը: Մենք գտնվում ենք այնպիսի մի վիճակի մեջ, երբ մեզ վրա կախված են այդ վտանգները: Ոչ միայն այն, թե Թուրքիան ինչ կանի, այլ նաեւ՝ այն, որ մենք վտանգված ենք եւ պետք է իմանանք, թե ինչ ենք անում: Այն ամենը, ինչ մեզ հետ կատարվում է, պատճառները մեր մեջ են: Դա կարծես վատ բան է, բայց նաեւ լավ բան է, որովհետեւ լուծումները մեր ձեռքին են: Մենք պետք է հստակեցնենք, որ այս իշխանություններն ի զորու չեն, որովհետեւ նրանք եկել են այլ ծրագրերով: Կարող է նրանք չգիտեին էլ մինչեւ վերջ ծրագրերը, բայց երբ արդեն իրենք այդ ճանապարհի վրա են, պարտավորված են անել: Ես ձեզ կասեմ, որ դրա գինը կյանք է: Նրանք չեն վախենում, որ իրենց Հայաստանի ինչ-որ մարդիկ` վրիժառուներ, կսպանեն. դրա վախը չունեն: Իրենք գիտեն, որ եթե չկատարեն իրենց տված խոստումները Թուրքիային եւ այդ պղտոր կենտրոններին, ապա իրենց կհասնի Մադուրոյի տարբերակը՝ լավագույն դեպքում, որ ողջ է մնացել, կամ Խամենեիի ճակատագիրը, որովհետեւ չի արել: Իրենց կյանքի հարցն է, եւ դա չի սպառնում Հայաստանից: Մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերում փոքր երկրների ուժը կամքն է, ինտելեկտն է, խելքն է: Եվ սուտ է, որ մենք չունենք դաշնակիցներ: Պետությունները դաշնակից են, երբ դու քեզ պահում ես արժանապատիվ:

– Ստացվում է, որ սրանք մնալու են եւ կատարեն իրենց տերերին տված խոստումնե՞րը: Արդյո՞ք չկա հույս ու ճար, եւ դա արդյո՞ք ժողովրդի ձեռքում չէ:

– Իրենք պատրաստ են ամեն ինչի: Ես չեմ կանխատեսում, բայց տրամաբանորեն մենք տեսնում ենք, որ այդ վտանգները մեզ վրա կախված են, եւ որեւէ բանի առաջ կանգ չի առնելու այս իշխանությունը: Ինչո՞ւ: Նախ, բարոյականությունը գոնե մեկ օր, մեկ գիշեր չի մնացել այդ մարդկանց մոտ: Այսինքն՝ այսպես կոչված, կարմիր գծեր, բարոյականություն սրանց համար գոյություն չունեն: Բավական է տեսնել այն խրախճանքները, որ իրենք իրականացնում են, ոչ թե նրա համար, որ հաղթել են թշնամուն, այլ՝ որ հաղթել են հայ ժողովրդին: Եվ տոնում են հենց այդ հաղթանակը: Այս առումով իրենք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու: Դա նշանակում է, որ ելք չկա՞: Ճիշտ հակառակը: Այդպիսի վիճակներում հենց ժողովրդի միասնական, չեմ ասում՝ բոլորի, այլ այն խելացի, մշակութային, քաղաքական վերնախավի, եթե դեռ ունենք, միայն դրանց միասնական կամքի ուժով կարող ենք ելք գտնել եւ դուրս գալ: Չեմ ասում՝ մի կազմակերպություն լինեն. միասնություն, թեկուզ՝ վիրտուալ որեւէ մեկ դաշտում, որտեղ կարող են նույնիսկ իրար չհանդիպել, եթե չեն ուզում տեսնել միմյանց: Չկա այնպիսի վիճակ, որ անհույս լինի: Երբ չինացի իմաստունին հարցրել են` ի՞նչ է անհրաժեշտ հաղթելու համար, պատասխանել է` զենք, ռեսուրս եւ կամք: Ասել են՝ իսկ եթե չկա այդ ռեսուսը: Ասել է` զենք եւ կամք: Իսկ եթե զենքն էլ չկա: Ուրեմն` կամք:

– Բաքվում դատվում էին Հայաստանը, Արցախի ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների ազատությունը: Սա՞ է Փաշինյանի ասած «իրական Հայաստանը»:

– Այդ դատավարությունը գլոբալ նշանակություն ունի: Նրանք դատում են ոչ միայն Արցախի ղեկավարությանը, այլեւ՝ այն ժողովրդին, որն ազգային ազատագրական պայքար է մղում կամ իր ինքնորոշման իրավունքն է պաշտպանում: Արցախը չի ինքնորոշվել Ադրբեջանի կազմում, Արցախը կայացել է Ադրբեջանին բոլորովին չպատկանող տարածքների վրա: Եվ այս ամենը վտանգ է ներկայացնում ադրբեջանցիների համար: Ես չեմ զարմանա, լավ ճանաչելով ադրբեջանական մտածելակերպը, որ Ադրբեջանը մի օր դատի տա Մինսկի համանախագահ երկրներին: Որովհետեւ նրանք ոչ միայն բանակցում էին, այլեւ ֆինանսավորում էին: Եթե հաշվի առնենք, թե ինչի համար են դատվել մեր պատանդները, ապա այս երեք պետությունները նույնպես բարձր մակարդակով սպասարկել են ահաբեկիչ մի միավորի: Իսկ Հայաստանի հասարակությունն իրեն պահում է անտրամաբանական: Մենք չենք օգտագործել հաղթելու, այս իշխանությանը դուրս մղելու մեր շտեմարանը: Չենք օգտվել մեր իրական շտեմարանից եւ անգամ 5 տոկոս գործիքակազմից, որովհետեւ առաջին գործիքակազմը վիրտուալ միասնությունն է` իսկական Հայաստանի դեմքը ցույց տալու համար: Չկա: Հարցրեք միջազգային հանրության ամենաարդար մարդուն. ասում է` ո՞ւր եք: Ո՞ւր է ձեր իսկական Հայաստանը, ասում եք՝ իրական Հայաստանը հնարածին է, իսկ որտե՞ղ են իսկական Հայաստանի ձայնը, դեմքը:

Ֆելիքս Եղիազարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչքան շատ են արգելում խոսել Արցախի մասին, այնքան ըմբոստություն է արթնանում

«Հրապարակ». Ինչքան շատ են արգելում խոսել Արցախի մասին, այնքան ըմբոստություն է արթնանում Tue, 17 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով