Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան
Tue, 14 Apr 2026 14:45:25 +0400

«Հրապարակի» զրուցակիցը «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչ, Գյումրիում աշխատանքները համակարգող Ռուբեն Մխիթարյանն է։
– Պարոն Մխիթարյան, ապրիլի 11-ի հավաքը իսկապես մարդաշատ էր․ Ազատության հրապարակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Նույնիսկ իշխանության կողմնակիցներից ոմանք խոստովանում էին, որ մոտ 15 հազար մարդ էր մասնակցում, ինչը, որոշ գնահատականներով, կարող էր լինել նաև կրկնակի։ Ի՞նչ եք կարծում՝ այդ թիվը ձեզ համար բավարա՞ր էր։
– Այո, եթե իրենք են խոստովանում, որ շուրջ 15 հազար մարդ կար, ապա կարելի է ենթադրել, որ իրական թիվը կրկնակի, անգամ ավելի մեծ էր։ Պետք է ընդգծեմ, որ հավաքը ինքնաբուխ էր․ մարդիկ հավաքվել էին իրենց կամքով։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ եղանակային պայմանները բավականին ազդեցություն ունեցան։ Հակառակ դեպքում մասնակիցների թիվը զգալիորեն ավելի մեծ կլիներ։ Օրինակ՝ ես անձամբ բազմաթիվ ընկերներ ունեի, որոնք պատրաստվում էին ընտանիքներով գալ, սակայն եղանակի անակնկալից խուսափելու համար եկել էին միայնակ, իսկ ընտանիքի մյուս անդամները մնացել էին տանը։ Կարող եք պատկերացնել, թե այդ պարագայում որքան մեծ կլիներ մասնակիցների ընդհանուր թիվը։
– Այս պահին Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը, ով նաև կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու, ցուցակում հայտնվելը ում նախաձեռնությամբ է եղել՝ նրա՞, թե՞ Ձեր։
– Այս պահին դժվար է հստակ պատասխանել, չեմ կարող միանշանակ ասել, թե որ կողմի նախաձեռնությունն էր։ Գուցե ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանի հենց ինքը։
– Իսկ այդ համագործակցությունը որտեղի՞ց սկսվեց։ Դա կապ ունի՞ այն ժամանակահատվածի հետ, երբ Գյումրու տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերը ստանձնեց «Տաշիր Գրուպը», ինչպես նաև Ամանորի ընթացքում իրականացված աջակցությունը, թե՞ համագործակցությունն ավելի խորքային հիմքեր ունի։
– Կրկին կկրկնեմ՝ այս պահին մանրամասների մեջ չեմ կարող մտնել։ Միայն կարող եմ ասել, որ մեր բոլոր հայտարարություններում հստակ ընդգծված է՝ մենք պատրաստ ենք «մաքուր ձեռքերով», հայրենիքի մասին մտածող մարդկանց ընդգրկելու մեր ցուցակում։ Այս պահին էլ բաց ենք նման մարդկանց հետ համագործակցության, մեր թիմում ներգրավվելու և միասին աշխատելու համար։
– Այս պահին իշխանության կողմից ճնշումներ նկատվո՞ւմ են, այդ թվում՝ ձեր գրասենյակի նկատմամբ։
– Առանձնահատուկ չէ․ ժամանակ առ ժամանակ ստուգումներ են լինում, որոնք, իհարկե, հասկանալի են՝ իրենց մտահոգությունների կամ վախերի հետ կապված։ Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, Գյումրիում այս պահին լարվածություն չկա․ կարծես թե այլ գործերով են զբաղված։
– Ինչպե՞ս եք գնահատում ձեր առաջնորդի` Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու լինելու հանգամանքը, որը իշխանության կողմից դիտարկվում է որպես իրավական խոչընդոտ, և որքանո՞վ եք հավանական համարում ձեր հաղթանակի դեպքում նման զարգացումները։
– Իրենք բոլոր մեխանիզմները փորձելու են և արդեն փորձում են գործի դնել, բայց մենք էլ մեր հերթին՝ բոլոր իրավական առումներով, փաստերով և նորմերով, կարողանալու ենք ապացուցել, որ դա հնարավոր տարբերակ է։ Իրավական բոլոր շանսերն ու հնարավորությունները կան, և ամեն ինչ պետք է գործի ճիշտ իրավական մեխանիզմներով։ Ինչ վերաբերում է հենց մեր թեկնածուին` Սամվել Կարապետյանին, ապա սա, ըստ ինձ, մեր վերջին շանսն է։ Ես այս պահին այլ ավելի ընդունելի և նորմալ թեկնածու չեմ տեսնում, որի կողքին կարելի է կանգնել և երկիրը այս վիճակից դուրս բերել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր