Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ

Tue, 17 Mar 2026 18:45:40 +0400


Ֆեյսբուքում ատրճանակի նկար ես դնում՝ բլոկում են: Երկրի վարչապետն ասում է՝ տանեմ, մեր ողջ սպառազինությունը ցույց տամ, աշխարհը գլխին է հավաքվում: Ինչպե՞ս հասկանամ այս ֆենոմենը:
Կապանում, հավանաբար առաջնագծի մոտիկությունից, նա իրեն կորցրել էր: Թե բա՝ «ես 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք»: Խոսքն այս տարիներին, մասնավորապես 2022 թվականից հետո, իրենց ձեռք բերած զենք-զինամթերքը ցույց տալու մասին է: Բայց կա՞, արդյոք, դրա անհրաժեշտությունը՝ չգիտեմ: Եվ կամ՝ այդ ի՞նչ խմբերի է տարել, ցույց տվել մեր զինանոցը: Սուրեն Պապիկյանը մի առիթով 2-3 հատ պարսատիկ ցույց տվեց: Դա տեսել ենք: Ամոթից գետինը մտա: Հնդիկներն այդ զենքերը որսի ժամանակ են օգտագործում: Սրանք, դու մի ասա, ձեռք են բերել ու մարդկանց խմբեր են հավաքում, որ տանեն, ցույց տան:

Ցանկացողներին, գոնե, ավտոբուսո՞վ եք տանելու: Ի՞նչ պակաս էքսկուրսիա կստացվի… Զարկ տանք զբոսաշրջությանը դեպի զինապահեստներ… Ավտոբուսներն էլ՝ սրտիկներով, չէ՞: Իսկ ճանապարհին, բնականաբար՝ կարկանդակի, խաշած եգիպտացորենի, սուջուխի, թթու եւ սովորական լավաշի հյուրասիրություն:
Նորից եմ ասում՝ չեմ կարողանում հասկանալ սրա անհրաժեշտությունը: Մանավանդ ինքն էլ վախենում է, որ թշնամին հանկարծ դա կընկալի որպես ագրեսիայի դրսեւորում: Ասում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով եւ խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարեւանների հետ լարվածություն չկա, մեր հարեւանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»: Մարդ ես, ու թշնամիդ (յաման հարեւանդ) դա ընկալեց որպես ագրեսիվության ցուցադրություն… Ի՞նչ ես անելու:

Իսկ եթե վստահ ես, որ «հարեւանդ» դա կարող է ընկալել այլ կերպ, քան հենց ագրեսիվությունն է, ապա ինչո՞ այդ ամենը չես ցուցադրում զինվորական շքերթով: Այդքան ավտոբուս վարձիր, զբոսաշրջիկների կերակրիր, զուգարանի հարցերը լուծիր… Ինչո՞ւ ես բարդացնում հարցը: Առջեւում քաղաքացու օրն է՝ ձեր տոնը… Բեր, հրապարակով մի քանի բան անցկացրու, վերջանա, գնա: Ձեռքի հետ էլ մեր զինվորների քայլերթը կտեսնենք, հագուկապը: Բա չիմանա՞նք, թե հետպատերազմյան «խաղաղության» այս տարիներին ինչ ռեֆորմներ եք իրականացրել բանակում: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրի ղեկավարն իր այս «հանդուգն» քայլով (տանեմ, սաղ ցույց տամ) ավելի շատ մեր խեղճությունը, քան հզորությունն է ուզում աշխարհին ցույց տալ: Ասում է՝ բոլորին ենք ցույց տալու…
Իր ոչ մի քայլի համար ժողովրդին հաշվետվություն չներկայացրած վարչապետը Կապանում հանկարծ հիշել է ժողովրդի ու նրա առաջ հաշվետու լինելու մասին:

Ընտրություններից առաջ նման բաներ հաճախ են պատահում, եւ ես, կարծում եմ, ճիշտ եմ հասկանում նրա այս մղումը: 2-3 ամիս առաջ (իր հաշվարկներում ամեն ինչ պլյուս-մինուսով է) իրեն հարցրել էին՝ ո՞ւր եք մտցրել պարտքով վերցրած 8,5 միլիարդ դոլարը: Ասել էր՝ զենք ենք առել: Այսինքն՝ ստել էր, բայց քանի որ 8,5 միլիարդի զենքը կատակ բան չէ եւ կարող էր «հարեւանի» մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն իսկապես «ագրեսիվ» տրամադրություններ ունի, Պապիկյան Սուրոյին կարգադրեց մի երկու հատ հնդկական պարսատիկ ցույց տալ: Ու հիմա, երբ ոչ ոք չի հավատում, որ սրանք 8,5 միլիարդի զենք են առել, ավելին՝ երբ բոլորը պնդում են, որ այդ գումարները փոշիացվել են, կորել պարգեւատրությունների ու վայելքների ծովում, որոշել են, այնուամենայնիվ, քաղաքացիներին նախընտրական հաշվետվություն տալ: Կապանում ասում է. «Ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, եւ դա, երեւի, մայիսին տեղի կունենա։ Ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք եւ հիմնականում 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»։ Ախր, մանիպուլյացիան թափվում է, է, վրայից… Էդ ո՞վ է Կապանից հասնելու Երեւան, որ մի հատ էլ տանես՝ պարսատիկներդ ցույց տաս: Ուրիշ հարցեր էլ կան՝ ինչո՞ւ հենց մայիսին, եթե ընտրությունները հունիսի 7-ին են, ինչո՞ւ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված զենքերը, եթե հայտնի է, որ 2020-ին էլ լիքը զենք ենք ձեռք բերել՝ չհաշված նվեր ստացած զենքերը, որ այդպես էլ չկրակեցին հանուն Արցախի ու մեր օկուպացված տարածքների:

ՀԳ. Պարոն վարչապետ, դու ձախավեր կառավարման 8 «փայլուն» տարիներ ես ունեցել, եւ այդ տարիների հաշվետվությունն է, որ ժողովուրդը պահանջում է քեզնից: Թե բա՝ տանեմ, ցույց տամ… 8 տարվա անընդմեջ պարտություն… Ի՞նչ ես ցույց տալու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք․ Տեր Ասողիկ

Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք․ Տեր Ասողիկ Sun, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով