Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին

Tue, 17 Mar 2026 19:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։

– Պառլամենտական ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել, հետևո՞ւմ եք ներքաղաքական պրոցեսներին, ի՞նչ ծրագրեր և ի՞նչ կարծիք ունեք նախընտրական պրոցեսների հետ կապված։

– Ոչ միայն մեծ ուշադրությամբ հետևում ենք, այլև՝ պատրաստվում ենք մասնակցել ընտրություններին։ Մասնակցելու ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունով, և ասեմ, որ բավականին արագ էլ ընդլայնում ենք մեր գործունեությունը։ Մարզերում արդեն յոթ-ութ գրասենյակ ենք բացել, պրոցես է տեղի ունենում, քանի որ լրատվամիջոցներին արգելված է ինձ լուսաբանելը, այդ պատճառով էլ շատերը չեն տեղեկանում այդ մասին, սակայն մենք բավականին ինտենսիվ աշխատանք ենք կատարում, 24 ժամ պրոցեսի մեջ ենք։

– Առանձի՞ն եք մասնակցելու ընտրություններին, թե՞ միանալու եք այլ ուժերի։

– Միանալ այլ ուժերի՝ բացառված է։ Մասնակցելու ենք առանձին, առանց որևէ ուժի, մենք, մեր ցուցակով։

– Բայց միայնակ կարո՞ղ եք անցողիկ շեմը հաղթահարել, անգամ մեծ ուժերը վստահ չեն, որ այս ընտրություններում կհաղթահարեն անցողիկ շեմը, մտավախություն չունե՞ք, որ ձայներ կարող եք փոշիացնել, իսկ նման դեպքերում ասում են, որ դա իշխանություններին է բացառապես ձեռնտու։

– Ձայն փոշիացնելով օգնել իշխանություններին, դա ամենակեղծ օրակարգն է։ Առաջին համարում դիրքավորված ընդդիմադիր ուժն այսօր խոսում է այն մասին, որ ձայներ փոշիացնելը ձեռնտու է իշխանություններին, սակայն միևնույն ժամանակ պնդում են, որ հարցումները ցույց են տալիս, որ իրենք են հաղթելու առաջիկա ընտրություններում։ Հիմա եթե դուք ընտրություններում հաղթելու եք, անգամ եթե ինչ-որ փոքր ուժեր էլ ձայներ փոշիացնեն, դրանից իրենք պետք է միայն շնորհակալ լինեն, քանի որ համամասնությամբ ձայները գնալու են հենց իրենց։ Եթե իրականում հաղթում են, ինչո՞ւ են նման օրակարգ դնում շրջանառության մեջ։ Ուրախ եղեք, այդ բոլոր փոշիացված ձայները համամասնորեն գալու են հենց ձեզ։ Իրենք էլ չեն հավատում, որ հաղթելու են, ստացվում է, որ զբաղվում են մանիպուլյացիաներ անելով։ Ըստ իրենց՝ ոչ մի կուսակցություն, իրենցից բացի չպետք է պրոցեսների մեջ մտնի, դա՞ է իրենց պատկերացումը։ Մենք տեսանք, թե ինչպես 2021 թվականին առաջ շարժվեցին և աննախադեպ մեծ ընդդիմադիր ֆրակցիա ձևավորվեց, բայց այն մանդատը, որը ստացան իրենք, չծառայեց իրենց խոստումների անգամ մեկ տոկոսին։ Բացի Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելուց ոչինչ չարեցին այս տարիների ընթացքում, էլ ինչի՞ մասին է խոսքը։

– Իսկ ի՞նչ գաղափարներով եք մասնակցելու։ Ինչ կարծիքի եք իշխանությունների վերջին հայտարարությունների մասին, օրինակ, որ Արցախ բառի կիրառումը ուղիղ պատերազմի կոչ է։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։ Անկախ երկրում արգելված է խոսել ցեղասպանության, հայոց պատմության մասին։

– Իրավիճակը շատ պարզ է․ ՀՀ իշխանությունները, նրանց վարած արտաքին քաղաքականությունը, իրենց պատկերացրած անվտանգությունը, բառացիորեն պատվիրակված է Ադրբեջանին։ Իշխանությունը արտաքին քաղաքականությունն ու հանրային տրամադրությունները համադրում են և զուգորդում Ադրբեջանի հետ, ուստի այս բոլոր պրոցեսները դառնում են օրինաչափ։ Մեր կառավարությունն այսպիսին է, և եթե այս քաղաքական թիմը շարունակի իշխանության ղեկին մնալ, նման իրավիճակներն ու գործողությունները լինելու են շարունակական։ Իշխանության անվտանգության ամբողջ խոսույթը կազմված է այն բանի վրա, որ պետք է մոռանանք անցյալը, ըստ իշխանությունների՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այսինքն՝ մենք մեր անվտանգությունը պահում ենք այնքանով, որքանով առիթ չենք տալիս Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, այդ պատճառով սպասարկում են այն օրակարգը, որ մեր ինքնությունից պետք է հրաժարվենք, հրաժարվենք Հայոց պատմությունից, վերախմբագրենք անցյալը և ապրենք «խաղաղ», այսինքն՝ ազգի հարատևման բոլոր հիմքերը դնում ենք կասկածի տակ, իսկ դրանք հայ մարդու ապրելու անկյունաքարերն են։ Այս խճանկարի մեջ պառլամենտական ընդդիմությունն իր ածանցյալ բոլոր ուժերի հետ սպասարկում է այս օրակարգը, պահելով այս քաղաքական համակարգը։

– ՔՊ-ականները՝ Փաշինյանի գլխավորությամբ ուտել-խմելով, երգել-պարելով քարոզարշավ են իրականացնում, մարզեր են այցելում, թոշակներն են բարձրացնում, խոստումներ են տալիս։ Ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին։

– Դա իրենց նեղ անձնական խնդիրն է։ Երկրի անվտանգության, ինքնությունից հրաժարման և նման արտաքին քաղաքականություն վարելու պարագայում այս հարցերը՝ վարքի տարբեր դրսևորումները, այնքան փոքր տեղ են զբաղեցնում, որ անգամ չեմ ցանկանում դրանց անդրադառնալ։ Մեր խնդիրները շատ ավելի խորն են, տարածաշրջանում իրավիճակը եռում է, մեզ տարբեր սպառնալիքներ են նետված։

– Բայց հենց այդ սպառնալիքները փոխկապակցված են իշխանությունների անհոգ ու անլուրջ վարքագծի հետ։

– Այո, միանշանակ։ Նման օրակարգ որդեգրած իշխանությունը չէր էլ կարող այլ ձևով դրսևորել իրեն։ Եթե դու քո անվտանգությունը թշնամի պետությանն ես պատվիրակում, ապա շատ հանգիստ դու կարող ես ոչինչ չանել, կամ ուղղակի զվարճանալ։

– «Հայոց տուն» նախաձեռնությանը Դուք ևս մասնակցում եք, ի՞նչ ճակատագրի արժանացավ այդ նախաձեռնությունն, ինչո՞ւ այլևս հավաքներ չեն անցկացվում։

– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այն շատ ողջունելի նախաձեռնություն էր, ես անդամ չեմ եղել, ուղղակի շատ լավ հարաբերություններ ունեի անդամների հետ։ Այն իրականում հրաշալի միտք էր, ցավոք, ակտիվ չեն, այո։ Այլ տեղեկություն չունեմ նախաձեռնության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով