«Հրապարակ». Հայաստանում քանի երեխա չի հաճախում դպրոց եւ ինչ պատճառներով
Wed, 18 Mar 2026 12:15:27 +0400

Կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ամենասուր սոցիալական մարտահրավերներից մեկը։ ԿԳՄՍՆ զարգացման պետական ծրագրի շրջանակներում նախատեսված է, որ մինչեւ 2030թ. ոչ մի երեխա դուրս չնա պարտադիր կրթության համակարգից։ 2025թ․ փետրվարի 27-ի N12-Ա որոշմամբ հաստատված «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» ընթացիկ եզրակացության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, Հաշվեքննիչ պալատը նշել է, որ 2024-ին հայտնաբերվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 երեխա, որոնցից կրթության համակարգ է ընդգրկվել միայն 202-ը։ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը վկայում է, որ առնվազն 2025թ․ դրությամբ ՀՀ կառավարությունը չի կատարում ոչ մի երեխայի պարտադիր կրթության համակարգից դուրս չթողնելու իր խոստումը։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ, թե 2025-26 ուսումնական տարում քանի երեխա է դուրս մնացել կրթական համակարգից, եւ ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը՝ երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ։
«Պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են: Կարգով սահմանված շահագրգիռ եւ պատասխանատու մարմինների կողմից պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների հետ իրականացված աշխատանքների շրջանակում առավել շատ հանդիպում են սոցիալական (տնտեսական) պատճառներով կրթությունն ընդհատելու դեպքեր, օրենքով սահմանված ժամկետում կրթության մեջ (առաջին դասարան) չներառվելու, հիմնական կրթությունից հետո ուսումնառությունը (ավագ դասարաններում ուսումնառությունը) անավարտ թողնելու դեպքեր եւ այլն: Պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ իրականացվել են մի շարք առանցքային քայլեր, մասնավորապես՝ 2021թ. փետրվարի 11-ին ընդունվել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 154-Ն որոշումը, 2024 թ. մայիսի 1-ից «Պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում պատասխանատու եւ շահագրգիռ մարմինների կողմից աշխատանքների մեկնարկը: Սահմանվել է պատասխանատու եւ շահագրգիռ մարմինների կողմից պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների դեպքերը հաղորդելու մեխանիզմ, հստակեցվել են համապատասխան աշխատանքներում պատասխանատուների գործառույթները: ԽՀՄ ներկայացուցիչներին, կարգով սահմանված այլ պատասխանատու եւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին տրամադրվել են շարունակական խորհրդատվություն, համակարգում հասանելիության ապահովում: Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում իրականացվել է փոփոխություն՝ սովորողին հանրակրթության մեջ ժամկետից ուշ ներգրավելու դեպքում համապատասխան տարիքային խմբի դասարան ընդունելու մասով»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Կրթության եւ գիտության նախարարությունը, մեր հարցին ի պատասխան, մի հսկայական գրություն է ուղարկել, սակայն չի նշել ամենակարեւորը, թե քանի երեխա է դուրս մնացել պարտադիր կրթության համակարգից: Նույն հարցը գրավոր ուղարկել էինք ՏԿԵ նախարարություն, որտեղից մեզ պատասխանել են, որ մոտ 300 երեխա է դուրս մնացել հանրակրթությունից․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետների աշխատակազմերի եւ ՏԻՄ-երի հետ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու եւ հանրակրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ: Յուրաքանչյուր ամսվա դրությամբ համայնքներից տեղեկատվություն է ստացվում՝ կրթական համակարգ վերադարձած երեխաների թվաքանակի վերաբերյալ, եւ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ըստ մարզերի․ Արագածոտն՝ 22, Արարատ՝ 31, Արմավիր՝ 23, Գեղարքունիք՝ 13, Կոտայք՝ 68, Լոռի՝ 38, Շիրակ՝ 20, Սյունիք՝ 17, Վայոց Ձոր՝ 3, Տավուշ՝ 12, Երեւան՝ 45: Կոտայքի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ կրթությունից դուրս մնացած 68 երեխաներից 24-ի կրթության իրավունքը վերականգնված է, 44-ինը գտնվում է վարման փուլում: Ըստ համայնքների՝ Աբովյանում կրթությունից դուրս է մնացել 13 երեխա, Հրազդանում՝ 13, Նաիրիում՝ 12, Չարենցավանում՝ 5, Գառնիում՝ 6, Արզնիում՝ 1, Բյուրեղավանում՝ 8, Նոր Հաճնում՝ 10»:
Մենք մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչ պատճառներով է Աբովյանում 13 երեխա դուրս մնացել կրթությունից։
Համայնքապետարանի սոցիալական ծրագրերի, առողջապահության եւ տեղեկատվության բաժնից տեղեկացրին, որ պատճառները բազմազան են՝ սոցիալականից մինչեւ արտերկիր մեկնելու հանգամանքներ. «Աբովյանում 13 երեխաներից 2-ի՝ կրթությունից դուրս մնալու իրավունքն իրացվում է, որից 1 երեխա առողջական խնդիրներ ուներ, հոգեհուզական վիճակի հետ կապված, անգամ մահափորձ է ուզել անել: Աշխատել ենք թե՛ երեխայի, թե՛ ծնողի հետ: Մյուսը երկարատեւ բացակայությունների պատճառով մնացել է նույն դասարանում, դպրոց չի հաճախել: Մենք աշխատեցինք այդ երեխայի հետ: Երեխայի բնակության վայրը փոխվել էր Երեւան, փորձեցինք կազմակերպել ուսումը Երեւանում, մայրն ասաց, որ երեխան Աբովյանի դպրոցն է սիրում: Հասանք այն արդյունքին, որ, ճիշտ է, իրենից տարիքով փոքրերի հետ, այդուամենայնիվ, երեխան հաճախում է դպրոց: 1 երեխա էլ՝ 6-րդ դասարանից, դպրոց չի հաճախել ու ոչ էլ ուզում է հաճախել: Մենք այդ երեխայի հետ կապված՝ տարբերակ ենք դիտարկել, քննության կմասնակցի: 16-ամյա մեկ այլ երեխայի ընտանիքի հետ ակտիվ աշխատում ենք, որ երեխան պետք է դպրոց գնա, երեխայի մայրը ծանր հիվանդացել է, եւ այդ պրոցեսը ձգձգվեց: Հիմա փորձենք, որ այդ երեխան 9-րդ դասարանն ավարտի: Ունենք երեխա, որ, ֆուտբոլի պարապմունքները պատճառաբանելով, ուղղակի չի ուզում դպրոց գնալ, աշխատանքներ ենք տարել թե՛ ծնողների, թե՛ երեխայի հետ, սակայն՝ անօգուտ․ ամեն անգամ խոստանում են, բայց երեխան դպրոց չի գնում: Երեխաներ էլ ունենք՝ 2 եղբայր, որ այժմ ապրում են Երեւան քաղաքում: Մայրն ասաց, որ երեխաները հագուստ, կոշիկ եւ գրենական պարագաներ չունեն, որ հաճախեն դպրոց. Աբովյանում ունենք աջակցության կենտրոն, առաջարկեցինք, որ գան կենտրոն եւ այդտեղից հագուստներ վերցնեն, եթե, իհարկե, այդ պատճառով երեխաները չեն հաճախում: Ունենք երեխաներ, որոնք արտերկիր են մեկնել»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր