Սա ամբողջական լուծում չէ
Wed, 18 Mar 2026 13:09:05 +0400
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը քննադատեց կառավարության ներկայացրած նախաձեռնությունը՝ նշելով, որ այն սահմանափակում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը տվյալ պաշտոնյայի կողմից համակարգվող ոլորտներում պետական գնումներին։
Մինչ այդ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել էր «Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։
Պատգամավորը ընդգծեց, որ նման խիստ կարգավորումներ ընդունելու համար անհրաժեշտ է հստակ պատկեր ունենալ տեղական իրավիճակի մասին և հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրվել են կոնկրետ դեպքեր, որոնք հանգեցրել են այս փոփոխությունների անհրաժեշտությանը։ Նա նաև մտահոգություն հայտնեց «փոխկապակցված անձ» ձևակերպման շուրջ՝ նշելով, որ այն կարող է ենթադրել սուբյեկտիվ մեկնաբանություններ և դժվարացնել օբյեկտիվ որոշումների կայացումը։ Նրա խոսքով՝ չափանիշների ձևակերպումը միանշանակ չէ, և հնարավոր ռիսկերն անցնում են իրավական մեկնաբանությունների դաշտ։
Փոխնախարարը պատասխանեց, որ նման դեպքեր հիմնականում գրանցվում են համայնքներում, ինչպես նաև առանձին պետական կառույցների կողմից իրականացվող գնումների վերաբերյալ հրապարակումներ են եղել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը տեղեկացրեց, որ կան դեպքեր, երբ համայնքի ղեկավարները բազմաթիվ հայտարարագրեր են ներկայացնում, ինչը վկայում է խոշոր պայմանագրերի կնքման մասին իրենց հետ փոխկապակցված անձանց հետ՝ գործող օրենսդրության շրջանակում։ Նրա խոսքով՝ նման գնումները հիմնականում վերաբերում են ասֆալտապատման և հեղուկ գազի մատակարարման ծառայություններին։