Քըլըչի ճուտը

Քըլըչի ճուտը

Wed, 18 Mar 2026 18:45:40 +0400


Ռուբեն Ռուբինյանը խիստ վիրավորվել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանից. Կարապետյանը հարցրել է, թե ում փողերով է Ռուբինյանը սովորել արտասահմանյան բուհերում, ում ճուտն է նա: Ռուբինյանը որոշել է խոսքի տակ չմնալ եւ պատասխանել է Կարապետյանին՝ նրան անվանելով Սերժ Սարգսյանի ճուտ: Ճուտը երկու դեպքում էլ ոչ թե ձագի իմաստն ունի, այլ՝ սպասարկուի, ենթակայի: Կարեն Կարապետյանն իսկապես եղել է Սերժ Սարգսյանի ենթական, եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, եղել է պետական ծառայող, եւ դրա մեջ որեւէ վիրավորական բան չկա: Կարապետյանը չի եղել Սարգսյանի սպասարկուն, որովհետեւ կայացած եւ իր տեսակետն ունեցող մարդ է, նրանց հարաբերություններից տեղյակ բոլորը կփաստեն, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները չեն եղել ճտի եւ տիրոջ հարաբերություններ: Ռուբինյանն իր պատասխանում պարզաբանել է, որ ինքը Լոնդոնում եւ Վարշավայում սովորել է Եվրամիության փողերով, ինչ-որ գրանտային ծրագրով, որն ամբողջությամբ փակել է իր ուսման ծախսերը: Բայց չի պատասխանել Կարապետյանի հիմնական հարցադրմանը՝ ո՞ւմ ճուտն է ինքը, ավելի կոնկրետ՝ ո՞ւմ սպասարկուն է Ռուբինյանը, ո՞ւմ շահերն է սպասարկում: Իսկ դա ավելի կարեւոր է: Փորձենք պատասխանել այդ հարցին:

Ռուբինյանը հպարտանում է, որ ինքը չափազանց ուսյալ մեկն է, որ, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, որը խուսափում է հարցազրույցներ տալուց, որովհետեւ չի կարող նորմալ խոսել, մինչդեռ ինքը մշտապես հանդես է գալիս հանրային խոսքով: Բայց հենց այդ հանրային խոսքն էլ մատնում է նրա ճտությունը, մատնում է նրա՝ ում ճուտ լինելը: Ընդամենը չորս օր առաջ Ռուբինյանը մի ելույթ էր հրապարակել, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպես մեղադրանք, ներկայացրել էր նրա բելառուսամետ լինելը, որ նրա որդին թաքնվում է Բելառուսում, այն դեպքում, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում օժանդակել են Ադրբեջանին, եւ դրանից հետո Հայաստանի իշխանությունը հրաժարվել է այցելել Բելառուս: Ռուբինյանի ասածն այն է, թե, տեսեք, ինչքան հայրենասեր ու սկզբունքային են Հայաստանի իշխանությունները, որ չեն այցելում Ադրբեջանին աջակցող Բելառուս, իսկ, այ, Ծառուկյանն առանց ամաչելու մտերմություն է անում այդ երկրի նախագահի հետ, դեռ մի բան էլ որդուն ուղարկել է Բելառուս, որ թաքնվի փաշինյանական արդարադատությունից, տղային կամավոր պատանդ չի հանձնել Փաշինյանին, որ Փաշինյանը մի 100 միլիոն դոլար էլ Ծառուկյանից ուզեր՝ տղայի ազատության դիմաց:

Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահների ջերմ հարաբերությունների մասին գիտեն բոլորը, նրանք դա չեն էլ թաքցնում: Բայց ինչպիսի սկզբունքային գործիչներ են Փաշինյանն ու Ռուբինյանը, որ չեն այցելում Ադրբեջանին աջակցած Բելառուս, բայց հաճախակի այցելում են Թուրքիա, մի երկիր, որը ոչ թե աջակցել է Ադրբեջանին, այլ, ըստ էության, Հայաստանի եւ Արցախի դեմ կազմակերպված պատերազմի հեղինակներից է, թուրք գեներալներն ու ռազմական մասնագետներն են ղեկավարել ռազմական գործողությունները, Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան, Ադրբեջանին տրամադրել ամենաժամանակակից ռազմական տեխնիկա, սպառազինություն, հետախուզական տվյալներ, իսկ Բաքվում կազմակերպված հաղթանակի շքերթին մասնակցում էր ոչ թե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, այլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը, ըստ էության, շքերթն ընդունողներից էր: Թուրքերը մի քանի անգամ հայտարարել են, որ առանց իրենց աջակցության Ադրբեջանը չէր հաղթի, պատերազմի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն էլ էր պնդում, որ Թուրքիան վերադառնում է, որպեսզի ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը:

Ինչո՞ւ են Փաշինյանը եւ Ռուբինյանն այցելում Թուրքիա, հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հետ, ինչո՞ւ են նրանց ոտքերի տակ դնում ոչ միայն իրենց արժանապատվությունը (չեղած բանը հնարավոր էլ չէ ոտքերի տակ դնել), այլ նաեւ՝ Հայաստանի: Որովհետեւ նրանք Թուրքիայի, Էրդողանի եւ Քըլըչի ճուտն են: Այո, ճուտն են՝ այդ բառի այն իմաստով, որ սպասարկում են այդ մարդկանց, նրանց ներկայացրած երկրի շահերը, միայն մի բանի համար, որ թույլ տան, օգնեն՝ Հայաստանում իշխանության մնալ: Դուք տեսել եք լուսանկարները, թե ինչպես է Փաշինյանը հարաբերվում Էրդողանի հետ, իսկ Ռուբինյանը՝ Քըլըչի, դրանց դեմքի շողոքորթ, քծնալից արտահայտությունը հարիր է միայն սպասարկուին:

Երբ Կարեն Կարապետյանը հարցնում է, թե ում ճուտն է Ռուբինյանը, ում փողերով է սովորել Եվրոպայում, նա հենց դա նկատի ունի, որ գուցե նա թուրքական փողերո՞վ է սովորել, որ դարձել է Թուրքիայի Սերդար Քըլըչի ճուտը: Ռուբինյանը պարզաբանեց, որ փողերը թուրքական չեն եղել, չնայած ինքը Թուրքիայում եւս սովորել է, որի մասին աշխատում է շատ չխոսել: Թե ինչ է սովորել՝ դարձյալ կարելի է դատել նրա եւ Սերդար Քըլըչի հետ շփումների տեսագրությունը նայելով:

Ռուբեն Ռուբինյանը խոսում է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության պաշտպանությունից, եւ երբ սրանք ինչ-որ բանից են խոսում, պետք է սպասել ճիշտ հակառակին. Արցախի օրինակը, Հայաստանի տասնյակ հազարավոր հեկտարների՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվելը՝ դրա վառ ապացույցներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկնաքար է ընկել․ լսվել է հզոր պայթյունի ձայն

Երկնաքար է ընկել․ լսվել է հզոր պայթյունի ձայն Wed, 18 Mar 2026 20:30:52 +0400 Խոշոր…

2 րոպե ago

ԱՄՆ-ն կարող է ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ

ԱՄՆ-ն կարող է ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ Wed, 18 Mar 2026 20:15:03 +0400 Հորմուզի նեղուցում…

18 րոպե ago

Եռակողմ նոր բանակցություններ են սպասվում

Եռակողմ նոր բանակցություններ են սպասվում Wed, 18 Mar 2026 20:00:08 +0400 Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով…

33 րոպե ago

Կաշխատենք յուրաքանչյուր մասնագետի հետ. Իսրայելցի լինի` իսրայելցու հետ

Կաշխատենք յուրաքանչյուր մասնագետի հետ. Իսրայելցի լինի` իսրայելցու հետ Wed, 18 Mar 2026 19:53:05 +0400 Մեր…

40 րոպե ago

Հույժ գաղտնի հարց Եղեգիսի համայնքապետարանում

Հույժ գաղտնի հարց Եղեգիսի համայնքապետարանում Wed, 18 Mar 2026 19:45:55 +0400 Վայոց մարզի Եղեգիս համայնքի…

47 րոպե ago

Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի

Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի Wed, 18 Mar 2026 19:30:30 +0400 Լրագրողի…

1 ժամ ago