Երկուշաբթի , 23 Մարտի 2026

«Հրապարակ»․ ՊՆ բյուջեն ծախսում են անխնա ու անհաշիվ` անտակ տակառի նման

«Հրապարակ»․ ՊՆ բյուջեն ծախսում են անխնա ու անհաշիվ` անտակ տակառի նման

Thu, 19 Mar 2026 10:45:19 +0400


ՔՊ-ական կառավարությունը, ինչպես հայտնի է, արդեն երկար տարիներ անվտանգության նոր հայեցակարգ է մշակում՝ Ազգային պաշտպանական ռազմավարություն, սակայն այս աշխատանքը ոչ մի կերպ չի ավարտվում: Ռազմավարությունը մշակող մարմին էին ստեղծել՝ միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նոր անվտանգային կոնցեպտը, որը ենթադրում էր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիա, պաշտպանական քաղաքականության հարմարեցում նոր սպառնալիքներին, այլ բարեփոխումներ, պետք է մինչեւ 2025 թվականի վերջը պատրաստ լիներ: Ա՛յս ժամկետն էր նախանշել նիկոլական կառավարությունը՝ իր ամերիկյան եւ բրիտանական գործընկերների հետ համատեղ: Բայց մինչ օրս հայեցակարգը չկա:

«Հրապարակի» լավատեղյակ աղբյուրը բարեփոխումների համակարգման համար պատասխանատուների անուններ է նշում՝ ԶՈՒ ԳՇ պետի օգնական Ասրյան, որը Պապիկյանին մոտ մարդկանցից է, գնդապետ, ԳՇ պետի նախկին օգնական Ժիրայր Ամիրխանյան:

Խոսակցություններ կան, որ վերջինս կարող էր իդեալական գլուխ բերել այդ աշխատանքը, սակայն ինչ-ինչ պատճառներով ազատվեց աշխատանքից՝ անցնելով Պապիկյանի անձնական «շտատ»: ԳՇ պետի օգնականի պաշտոնից Ժիրայր Ամիրխանյանի ազատման հետ կապված՝ տարբեր, հակադիր վարկածներ են պտտվում: Ըստ որոշ աղբյուրների, նա հավակնել է ստանալ ռազմավարական պլանավորման վարչության պետի կամ համալսարանի պետի պաշտոնները, բայց չի ստացել եւ դիմում է գրել: Սուրեն Պապիկյանը, ըստ ՊՆ-ում տարածված կարծիքների, հակված չէ խելացի, արժեքավոր ու հավակնոտ կադրերին բարձր պաշտոնների նշանակել եւ այդ պաշտոնների համար այլ, ավելի հարմար ու «հին» թեկնածուներ է գտել: Բայց քանի որ գնդապետ Ամիրխանյանը լավ կապեր ունի ամերիկյան կառավարական ու զինվորական շրջանակներում, նախարարը նրան թողել է իր մոտ՝ անձնական խորհրդականի կարգավիճակում: Ամերիկացիների կարծիքը Սուրեն Պապիկյանի համար շատ կարեւոր է:

Գնդապետ Ամիրխանյանն ԱՄՆ-ում կապեր է ձեռք բերել այնտեղ ուսանելու ժամանակաշրջանում: Նա իրոք արժեքավոր կադր է, նույնիսկ չափից դուրս արժեքավոր, քանի որ պետությունը նրա ուսուցման, վերապատրաստման վրա ահռելի գումարներ է ներդրել: ԱՄՆ-ում դոկտորանտուրա է ավարտել, որի արժեքը 250 հազար դոլար է: «Հրապարակի» տրամադրության տակ է հայտնվել մի քանի փաստաթուղթ, որոնք վկայում են, որ Պապիկյանի խորհրդականը դեռ ԳՇ պետի օգնական եղած ժամանակ, պետության հաշվին, հաճախ տարատեսակ թանկարժեք գործուղումների է մեկնել, ընդ որում, ոչ թե միայնակ, այլ՝ հարազատների ուղեկցությամբ: Իր դստեր՝ Մանանայի հետ նա 2022 թվականի ապրիլին մեկնել է ԱՄՆ Մոնտերեյ: Նույն թվականին, կրկին պետության հաշվին, Մոնտերեյ է թռչել Ամիրխանյանի կինը՝ Մոնիկան: 2025 թվականին կրկին նրա դուստրն է ԱՄՆ մեկնել, իսկ 2025 թվականին Ժիրայր Ամիրխանյանը դստեր եւ կնոջ հետ մեկնել է Հնդկաստան՝ ուսուցման, որը նույնպես պետության հաշվին է եղել: 2025 թվականի փետրվարին էլ պատվիրակության կազմում մեկնել է Հունաստան։ Այստեղ մնացել է 5 աստղանի հյուրանոցում, որտեղ մեկ օրվա կեցության արժեքը 600 դոլար է: Ըստ տարածված խոսակցությունների, պետության հաշվին շրջագայությունները, ի վերջո, Ամիրխանյանի ազատման պատճառ են դարձել:

Թե որքանով է արդարացի այս տեսակետը՝ դժվար է ասել: Ավելի կարեւոր է այն փաստը, որ գնդապետ Ամիրխանյանը թանկարժեք վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում՝ Կանզասում եւ Մոնտերեյում: Եվ այս ամենից՝ կրթվելուց, «արժեքավոր կադր» դառնալուց, պետությունը նրա պատրաստման վրա ահռելի գումարներ ծախսելուց հետո նրան ազատել է աշխատանքից կամ էլ ինքն է ազատվել, ինչը, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Պետական գումարները, փաստորեն, փոշիացվել են:

Իհարկե, չենք ուզում կենտրոնանալ Ժիրայր Ամիրխանյանի անձի վրա: Ի վերջո, նա իրոք ՊՆ ամենափորձառու, հազվագյուտ մասնագետներից է: Բայց եթե հաշվի առնենք, որ Ժիրայր Ամիրխանյանի նման տասնյակ պաշտոնյաներ կան պաշտպանության նախարարությունում, պաշտպանական քաղաքականության վարչությունում, որոնք ամբողջ կյանքում գործուղումների վրա նստած են, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի անտակ տակառ է ՊՆ բյուջեն, ինչ շռայլությամբ են այն օգտագործում:

Սուրեն Պապիկյանի անձնական խորհրդական, գնդապետ Ժիրայր Ամիրխանյանին խնդրեցինք մեկնաբանել մեր ստացած տեղեկությունները: Նա խոստացավ պատասխանել մեզ գրավոր: Իսկ մեկ օր անց խոստացավ, որ «կուսումնասիրի եւ տեղյակ կպահի», բայց դեռ չի ուսումնասիրել: Գնդապետի մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքա՞ն է դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու այս ամենը․ Հունիսի 7-ը մոտենում է

Ինչքա՞ն է դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու այս ամենը․ Հունիսի 7-ը մոտենում է Sat, 21 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով