«Հրապարակ»․ Վճռաբեկը 1 տարի է՝ օդից կախել է ՔՊ-ականներին սերտաճած Առուշ Առուշանյանի հարցը
Thu, 19 Mar 2026 11:15:31 +0400
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր եւ նրա նկատմամբ ընտրված 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկումը փոխարինել 1 տարի 11 ամսով ազատազրկմամբ։ Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել ուղիղ մեկ տարի առաջ` թե՛ պաշտպանի, թե՛ դատախազության կողմից։ Այն վարույթ է ընդունվել եւ քննվելու է գրավոր ընթացակարգով։
Մինչ Վճռաբեկ դատարանը 12 ամիս է՝ քննում է մի պարզ հարց` ազատության մեջ թողնե՞լ Առուշանյանին, բա՞նտ ուղարկել, թե՞ գործը զրոյից ուղարկել քննության, Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետն ամեն ՔՊ-ական տեսնելիս վազում է ընդառաջ՝ բարեւելու, իր աջակցությունը հայտնելու: Անցած հանգստյան օրերին, երբ ՔՊ-ն «ներկուսակցական քարոզարշավի» շրջանակում Սյունիքում էր, Առուշանյանը, հպատակի ժպիտը դեմքին, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ջերմ բարեւեց ու նրա հետ շրջեց, ինչից հետո, հաջորդ օրը նրա տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարական տվեց պաշտոնից։ Սրանից առաջ էլ Առուշանյանն արդեն մոտ մեկ տարի ՔՊ-ին աջակցող քայլեր էր անում, հայտնվում նրանց խնջույքներին, դիմավորում Փաշինյանին։ Սակայն վճռաբեկի` ի նպաստ Առուշանյանի որոշումն էլ չի կայացվում, իշխանությունն այդ սուրը կախած է պահում նրա գլխավերեւում։
Գորիսի քաղաքապետի պաշտպան Սերգեյ Մարաբյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ գրավոր քննությունը շարունակվո՞ւմ է վճռաբեկում: Ասաց, թե որեւէ տեղեկություն չունի բողոքից․ «Գրավոր քննության առանձնահատկությունն այն է, որ երբ Վճռաբեկ դատարանը հրապարակման հետ կապված որոշում է կայացնում, ինքը նախապես ծանուցում է մեզ, որ լինելու է հրապարակում, ես դեռեւս ծանուցում չեմ ստացել։ Ժամկետի առումով, իհարկե, խնդիր կա, բայց նաեւ հասկանում ենք՝ դատարանը բավականին ծանրաբեռնված է, եթե հիմա Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքը նայեք, որտեղ հրապարակվում են որոշումները, կտեսնեք, որ գործերի մեծամասնությունը 2-3 տարի առաջ վարույթ ընդունված գործերն են, որովհետեւ ահռելի մեծ քանակ կա վճռաբեկում»։
– Գործ ունեն քաղաքական գործչի, համայնքապետի հետ, ինչո՞ւ չի լուծվում այս հարցը, աղմկոտ մյուս գործերով տեսնում ենք՝ վճռաբեկը լավ էլ արագ աշխատում է։
– Ճիշտն ասած, եկեք՝ գնահատական չտամ։ Բավականին բարդ իրավական հարց է, հին օրենք-նոր օրենք, հետադարձ ուժ տալու խնդիրներ կան, դատարանի պատշաճ լինելու խնդիր կար, սա պետք է հակակոռուպցիոն դատարանը քննե՞ր, թե՞ ընդհանուր իրավասության քրեական դատարանը, հարցերի շերտերն էլ են շատ, որ բարձրացվել են մեր կողմից։ Ես չեմ կարող Վճռաբեկ դատարանի անունից պատասխանել, գիտեմ, որ բավականին ծանրաբեռնված են, եւ դա է հիմնական պատճառը, որը տեսնում ենք հաճախ՝ ուշացումներ։ Մեզ էլ էր պետք, որ շատ արագ ավարտվեր, փակվեր հարցը, նաեւ դատախազության բողոքն է վարույթ ընդունվել, ինձ համար կարեւոր է հասկանալ՝ դատախազի բողոքն ինչի՞ համար է ընդունվել վարույթ, ոնց որ թե նրանց պահանջները բավարարվել են վերաքննիչի կողմից։
– Դատախազությունն ի՞նչ է ուզում վճռաբեկից։
– Չեմ կարող ասել, դատախազությունում պրակտիկա կա` «անիմաստ» բողոքներ են տանում, միշտ ասում էին՝ հակակշիռ բողոք տարեք, գործերի մեծամասնությունը նույն տրամաբանության մեջ է։
ՀԳ․ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ. մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով՝ պաշտոնեական չարաշահման համար, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը վերջնական պատիժ է սահմանել 6 ամսով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։ Նաեւ կիրառվել են տուգանք եւ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում: Երբ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը, որից հետո ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային մարմինն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին արձանագրություն է կազմել եւ միջնորդություն է ներկայացրել Սյունիքի դատարան՝ պետական պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն ու պայմանական ազատազրկումն իրական ազատազրկմամբ փոխարինելու համար։ Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունները, դատարանը մերժել է բողոքը։ Սյունիքի դատավոր Վարսենիկ Մելքոնյանն Առուշանյանին ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օրվա ազատազրկմամբ։ Հիմա այս հարցն է քննարկվում վճռաբեկում: