Ինչեր են քանդել Սևանում
Thu, 19 Mar 2026 12:07:57 +0400

Սևանա լճի ավազանում շարունակվում են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Ինչպես կառավարության նիստում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գործընթացը մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ դատախազական ներգործության միջոցների հիման վրա։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ակտիվ աշխատանքների արդյունքում արդեն քանդվել է մոտ 83 ապօրինի շինություն, որոնք տեղակայված են եղել 33 տարբեր հողամասերում և գտնվել են սահմանված թույլատրելի նիշից ցածր հատվածներում։ Գլխավոր դատախազը նշել է, որ գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Նա անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե ինչու այդ տարածքներն ու գույքերը չեն փոխանցվում պետությանը կամ չեն օգտագործվում սոցիալական նպատակներով։ Վարդապետյանի պարզաբանմամբ՝ տվյալ տարածքներում սեփականության իրավունք ընդհանրապես չի կարող սահմանվել, հետևաբար անհնար է դրանք գրանցել որևէ մեկի, այդ թվում՝ պետության անունով։ Նրա խոսքով՝ օրենքի համաձայն նման գույքերը ենթակա են ամբողջական ապամոնտաժման՝ անկախ դրանց արժեքից, իսկ տարածքները պետք է լիովին ազատագրվեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր