Պողոսը՝ նախընտրական սուպերմարկետում
Thu, 19 Mar 2026 18:45:28 +0400

Քաղաքական ուժերի հարուստ ներկապնակով ենք գնում դեպի ԱԺ ընտրություններ: Մարդ կա՝ ասում է՝ դա լավ է, մարդ էլ կա՝ զզվում է դրանից: Եվ, իսկապես, դժվար է կողմնորոշվել այս հարցում: Մի կողմից, կարծես լավ է, որ կա քաղաքական ուժերի բազմազանություն եւ ընտրության լայն հնարավորություն: Խնդրեմ՝ սա սեւ է, սա՝ կարմիր, սա՝ սպիտակ, սա՝ մեծ, սա՝ փոքր, սա՝ աջ, սա՝ ձախ, սա՝ աջ կենտրոնամետ, սա՝ ծայրահեղ աջ, մյուսը՝ ծայրահեղ ձախ, սա՝ եվրոպամետ, սա՝ արեւմտամետ, սա՝ ռուսամետ, սա՝ թուրքամետ, սա՝ «վաբշե» ադրբեջանամետ: Ինչպես սուպերմարկետում, որն ուզում ես՝ ընտրիր: Մյուս կողմից էլ՝ ոչ բոլոր ընտրողներն այնքան «զահլա» ունեն, որ հա՛մ գնան ընտրության, հա՛մ էլ չարչարվեն՝ թացն ու չորն իրարից զատելու համար: Հաճախ ընտրությունների չեն էլ գնում, որպեսզի սխալ ընտրություն չկատարեն: Պատահում է, չէ՞, որ սուպերմարկետից մի զիզի-բիզի երշիկ ես բերում տուն, ու կինդ սկսում է փնովել ընտրությունդ՝ էս հիմարությանն ինչքա՞ն փող ես տվել…
Ամերիկացիներն այս իմաստով շատ պրագմատիկ են: Ունեն երկու հիմնական կուսակցություն՝ Հանրապետական եւ Դեմոկրատական: Ընտրությունը շատ մեծ չէ, բայց լավ է, որ սխալվելու հավանականությունն ընդամենը 50 տոկոս է: ԽՍՀՄ-ի ժամանակ ընդհանրապես լավ էր: Շատ ուզենայիր էլ՝ չէիր սխալվի: Բյուլետենի մեջ մի կուսակցություն էր՝ Կոմկուսը: Կար նաեւ մի այսպիսի օրինաչափություն՝ որքան քիչ էին կուսակցությունները, այնքան մեծ էր ընտրության մասնակիցների թիվը: Միակուսակցական ԽՍՀՄ-ի ժամանակ, օրինակ, ընտրություն չի եղել, որին այդ հսկա երկրի չափահաս բնակչության 90-96 տոկոսը մասնակցած չլինի: Եվ, պատկերացրեք, այնքան լավ էր կազմակերպված ամեն ինչ, որ ընտրատեղամասերում նույնիսկ հերթեր չէին գոյանում:
Ինչեւէ, մենք այսօր ԱԺ ընտրությունների ենք գնում քաղաքական ուժերի հարուստ ներկապնակով: Ինչքան քաղաքական մեռել կա հանրապետությունում, հարություն է առել ու, ինչպես պատահի, գնում է ընտրության… Մեկը մյուսի ցուցակով, մեկը մյուսի ավտոբուսով, մեկը մյուսի տապանով, մեկը մյուսի տակ, մեկը մյուսի վրա… Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Միակ նախընտրական դաշինքի մասին բան չունեմ ասելու, մարդիկ ազնվորեն խոստովանեցին, թե ովքեր են դաշինքում: Բայց դուք տեսեք, թե մնացած կուսակցություններն ինչ են անում: Ինչ բառ ասես՝ մտածել են, որ դաշինքները փաթեթավորեն որպես կուսակցություն ու այդպես ներկայանան… Է՛լ բլոկ, է՛լ կոնսոլիդացիա, է՛լ սատարում, է՛լ գաղափարական հենքի վրա համագործակցություն: Դե արի, Պողոս ջան, հա՛մ գնա ընտրության, հա՛մ սխալմամբ մի հիմար բան ընտրիր, հա՛մ էլ վերջում ք.քն ընկիր քո ընտրության ձեռը:
Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանն աչքի է ընկնում քաղաքական ուժերի ու դեմքերի այսպիսի բազմազանությամբ: Ես չէի ասի՝ Պողոսը:
Պողոսն ի՞նչ կարող է անել, երբ տեղից վերկացողն իրեն վարչապետի թեկնածու է հռչակում: Մեռնեմ օրենքին, ինչպես ասում են: Դեմոկրատիա է, քաղաքական ազատություններ… Ո՞ւմ կարող ես ասել՝ մի գնա ընտրությունների: Բայց երանի թե ամեն ինչ պայմանավորված լիներ ոչ թե օրենքի ու դեմոկրատիայի, այլ պետության ու ժողովրդի պահանջներով: Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի ու դեմքերի դավանած արժեքների հանդեպ, ուզում եմ հարցնել՝ քանի՞ գրոշ արժեն դրանք, եթե այս պահին չեք կարողանում ծառայեցնել պետության ու ժողովրդի շահերին եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու գործին: Իշխանափոխության հարց եք, չէ՞, դրել, կարելի է, չէ՞, ասել, որ դա է միակ օրակարգը… Բա էլ ո՞ւմ է պետք ընդդիմադիր դաշտի այս բազմազանությունը:
Իշխանությունը պարզ խնդիր է դրել՝ հեռացրեք ինձ, եթե կարող եք, այլապես ես քանդելու, ոչնչացնելու եմ ամեն ինչ, որովհետեւ այս երկրի, այս անկախության, այս ժողովրդի թշնամին եմ: Մենք եկել՝ ընդդիմադիր դաշտում իրար անուն ենք դնում՝ ես սրա հետ չեմ գնա, նրա հետ կգնամ, ես սրա հետ կոնսոլիդացվում եմ, բայց նրա հետ չեմ կոնսոլիդացվում, ես ուզում եմ տապանով գնալ, ես նախընտրում եմ ավտոբուսը, մեկը թեւերն է թափահարում օդում, էն մյուսը՝ նախընտրում ՔՊ-ից մարդ պոկելով գնալ իշխանափոխության: Իշխանությանն էինք ասում «դուռդոմ», մինչդեռ, հարգելի ընդդիմություն, անհրաժեշտություն է առաջացել ընդդիմության դաշտը վերանայելու:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր