«Հրապարակ»․ ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը
Fri, 20 Mar 2026 08:15:00 +0400

Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբեւեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ՝ մոսկովյան այցերի։ Նրանց որոշ հրապարակումներից հայտնի դարձավ, որ հանդիպում են ունեցել Պետդումայի գործընկերների հետ, մասնակցել են Հանրային խորհրդում կազմակերպված ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին։ Իսկ մյուս կուսակցականները շարունակում են ակտիվ մարզային այցեր իրականացնել։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեեւ վստահեցնում են, որ որոշում չկա, այս պահի դրությամբ 50/50 է։ ՀՀԿ համագումարին՝ ապրիլի 4-ին, թերեւս, կտրվի այդ հարցի պատասխանը։ Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր