«Հրապարակ». Փաշինյանի պահանջը դատավորը մասնակի բավարարել է, որ հաջորդ sms ստացողն ինքը չլինի
Fri, 20 Mar 2026 09:15:48 +0400
Երեկ մենք ստացանք «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատավոր Նելլի Հարությունյանն իսկապես «սողոմոնյան վճիռ» է կայացրել` փորձելով իր վճռով հասկացնել, որ շատ կուզենար մեր օգտին վճռել, բայց իր ձեռքն ու ոտքը կապված են, ի վերջո` հայցվորը ՀՀ վարչապետն է, այն էլ` Նիկոլ Փաշինյանը, որը կարող է մի sms-ով աշխատանքից ոչ միայն նախարար ազատել, այլեւ՝ նույն դատավորների վերադաս համարվող ԲԴԽ նախագահին: Այնպես որ, միանգամայն հասկանալի է այդ վճիռը, որով դատավորը փորձել է «ո՛չ նալին, ո՛չ մեխին» տարբերակով իրավիճակից դուրս գալ: Ըստ այդմ` նա բավարարել է հերքման պահանջը՝ գրելով, որ մեր հարցադրումները ոչ թե հարցեր են, ոչ էլ անգամ քննադատություն, այլ տեղեկատվություն են, որը զրպարտության տարրեր է պարունակում։ Բայց նյութական պահանջը` 1 միլիոն դրամի, ամբողջությամբ մերժել է, փաստաբանի վարձատրության չափն էլ՝ պահանջել էին 200 հազար դրամ, բավարարել է միայն 100 հազարը:
Մենք վճռից մի քանի հատված ենք առանձնացրել, որտեղ արտացոլված է սույն վճիռը:
«Անդրադառնալով նշված արտահայտությունների գնահատողական դատողություններ հանդիսանալու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնված չեն եղել բավարար փաստական հիմքի վրա: Դատարանի գնահատմամբ, հրապարակված տեղեկությունների ճշմարտության եւ հիմնավորվածության համար հրապարակման պահին Պատասխանողը չի ունեցել որոշակի տեղեկություններ, վերջինիս կողմից լրացուցիչ ջանքեր չեն գործադրվել հրապարակված տեղեկությունների ճշմարտացիության եւ հիմնավորվածության պարզմանը: Նշվածը բխում է նաեւ հենց Պատասխանողի կողմից Դատարան ներկայացված դիրքորոշումներից»:
«Ինչ վերաբերում է Պատասխանողի այն փաստարկին, որ Հայցվորն իր ֆեյսբուքյան էջում կատարել է սադրիչ հրապարակումներ, թիրախավորել է եկեղեցուն, հոգեւորականներին, որպիսի իրավիճակում պատշաճ լուսաբանումը, ինչպես նաեւ արժանի քննադատությունն իրականացվել է հոդվածի հրապարակման միջոցով՝ Դատարանն արձանագրում է, որ հրապարակումը եւ դրանում կատարված արտահայտությունները չեն պարունակում քննադատություն Պատասխանողի կողմից որպես «սադրանք» գնահատված հայտարարությունների վերաբերյալ, ավելին՝ դրանք հանդիսանում են Հայցվորի անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալներ, հետեւաբար՝ Դատարանը գտնում է, որ Պատասխանողի դիրքորոշումներում վկայակոչված ՄԻԵԴ նախադեպային որոշումները սույն դեպքում կիրառելի չեն, իսկ Պատասխանողի կողմից ներկայացված «սադրանք» պարունակող գրառումները չեն կարող հանդիսանալ այդ փաստարկները հիմնավորող ապացույցներ»:
«Անդրադառնալով Պատասխանողի այն դիրքորոշմանը, որ հոդվածի ժանրը եւ շարադրանքի ոճն արդեն իսկ ենթադրում են որոշակի քննադատություն, հոդվածի բովանդակությունը կազմված է հարցադրումներից, որպիսի փաստն ընդունվել է նաեւ Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.11.2025թ. հարցազրույցի ժամանակ, ապա Դատարանն արձանագրում է, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները կատարվել են ոչ թե հարցադրման տեսքով, այլ Պատասխանողի պնդումների՝ «պտտվող լուրերի հիման վրա» («Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, (…) Հիմա համառ լուրեր են պտտվում»), որոնք կատարվել են բավականաչափ հաստատական, որպիսի պայմաններում հասարակության միջին վիճակագրական անդամի մոտ կարող է ձեւավորվել համոզմունք, որ նշված պնդումները հիմնված են կոնկրետ, կասկած չհարուցող փաստերի վրա: Ինչ վերաբերում է Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.11.2025թ. հարցազրույցին, ապա Դատարանն արձանագրում է, որ վերջինս նշում է, որ մեջ են բերվել փաստացի տվյալները, դրանք ոչ թե հռետորական հարց են, այլ կոնկրետ տեղեկատվություն է գործողության կամ անգործության վերաբերյալ»:
«Դատարանը, հաշվի առնելով այն, որ նշված ինստիտուտի նպատակը դատական պաշտպանության միջոցով տուժողի խախտված իրավունքների վերականգնումն է, արձանագրում է, որ զրպարտություն համարվող արտահայտությունների փոխհատուցման գումարն իր չափով չպետք է Հայցվորի «հարստացման» միջոց հանդիսանա… հաշվի առնելով, որ Հայցվորը չի ձեռնարկել արտադատական միջոցներ վեճի լուծման նպատակով (հերքում չի պահանջել, որպիսի փաստն ընդունել է նաեւ Հայցվորի ներկայացուցիչը), Պատասխանողի կողմից զրպարտչական տեղեկատվությունը տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով, նյութով կիսվել է 70 օգտատեր, գրառումը մեկնաբանել է 29 օգտատեր, արձագանքել՝ 3 օգտատեր, Հայցվորի ներկայացուցիչը թեեւ նշել է, որ նշված հրապարակումը տարածվել է մի շարք լրատվականների կողմից, սակայն չի ներկայացրել նշված փաստը հիմնավորող ապացույցներ, Պատասխանողը հանդիսանում է զանգվածային լրատվության միջոց, կարեւորելով, որ Դատարանի կողմից ընտրված միջոցը պետք է լինի համաչափ, ողջամիտ եւ արդյունավետ, իսկ արդյունավետության սկզբունքը պահանջում է Դատարանի կողմից այնպիսի պատասխանատվության միջոցի կիրառում, որ իրավախախտում, տվյալ դեպքում` զրպարտություն կատարած անձը հետագայում խուսափի նման գործողություններից, գտնում է, որ Պատասխանողի կողմից … հերքում հրապարակելը պետք է բավարար լինի, որպեսզի նա խուսափի նման գործողությունները կրկնելուց, իսկ մյուս պարագայում էլ համապատասխան հերքման հրապարակումը բավարար կլինի Հայցվորի խախտված իրավունքները վերականգնելու համար… ինչի արդյունքում կվերականգնվի Հայցվորի պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը»:
«Դատարանը հարկ է համարում ընդգծել նաեւ, որ թեեւ Հայցվորի կողմից ներկայացվել է նյութական փոխհատուցման պահանջ, սակայն չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ՝ պահանջվող փոխհատուցման գումարի համաչափության եւ ողջամտության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առ ն ե լ ո վ սույն գործի առանձնահատկությունները, գալիս է այն եզրահանգման, որ Հայցվորի պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու համար համաչափ, ողջամիտ եւ արդյունավետ միջոց է Պատասխանողի կողմից հերքում հրապարակելը, իսկ պատասխանատվության երկրորդ միջոցի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ենթակա է մերժման»:
Վճիռն այնպիսին է, որ ակնհայտ է՝ դատարանը եւս համոզվել է, որ չկա զրպարտություն, եւ հերքման պահանջը բավարարելը բացատրվում է բացառապես նրանով, որ հայցվորը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Մենք, անշուշտ, բողոքարկելու ենք այս վճիռը վերաքննիչ դատարանում: Ինքը` Փաշինյանը, բազմակի անգամ ավելի սուր հրապարակումներ է արել իր «Հայկական ժամանակում», որոնց համար իրեն դատի չեն տվել, կամ տվել է հազարից մեկը:
Արեգ Մարգարյան