Պուտինը ծնկի է իջել․ հայուհի էլ կա մեդալակիրների մեջ
Fri, 20 Mar 2026 09:30:24 +0400
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշաններով է պարգևատրել Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին։
Մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար Բարեկամության շքանշաններ են ստացել դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը (Ոսկե մեդալակիր) և նրա ուղեկցորդ մարզիկ Սերգեյ Սինյակինը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան, դահուկորդ Իվան Գոլուբկովը։
«Վերջին 12 տարում առաջին անգամ մենք նաև կարողացանք տեսնել, թե ինչպես է պարալիմպիկ պատվո հարթակի վերևում կրկին բարձրանում մեր հարազատ ռուսական դրոշը, և առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ լսեցինք Ռուսաստանի օրհներգը՝ ձեր շնորհիվ»,-ասել է Պուտինը։
Դահուկավազքի չեմպիոն Իվան Գոլուբկովին պարգևատրելիս Պուտինը ծնկի է իջել։
Պետական պարգևների են արժանացել նաև նրանց մարզիչները։
2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում՝ մարտի 6-ից 15-ը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցել են ազգային դրոշով և օրհներգով։ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում խաղերին մասնակցել են վեց մարզիկներ, նվաճել է 12 մեդալ, որոնցից 8–ը՝ ոսկե։