«Հրապարակ»․ Լավ կռվող տղա է, միայն դրականը կարող եմ նրա մասին ասել

«Հրապարակ»․ Լավ կռվող տղա է, միայն դրականը կարող եմ նրա մասին ասել

Fri, 20 Mar 2026 10:45:23 +0400


«Ես 30 տարի ծառայել եմ սահմանին եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր եւ սպա՝ ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքի տակ եղած հայկական Արցախի հողից, Մռավի ու Օմարի ձյան ցրտից։ Ես լավ գիտեմ թշնամու ուժեղ եւ թույլ կողմերը եւ այդ գիտակցությամբ ես հասկանում եմ, որ մեզ պետք է հակառակորդին ճանաչող եւ համապատասխանաբար գործող բանակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը ներկայացնելիս՝ ասել է անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը` Կանդազը։ «Ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե մեդալներից, այլ՝ կամքից։ Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում, մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են տեսնել մեզ բաժանված, թույլ, խոնարհված։ Արտաքին եւ ներքին սպառնալիքները դեռ չեն նահանջել, ո՞վ է մեր թիվ մեկ թշնամին, ոչ թե հարեւանը, այլ մեր պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով, մենք առաջարկում ենք հետեւյալ լուծումները.
1. Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու եւ սահմանների անխոցելիությունն ապահովելու համար: Սահմանագծի ողջ երկայնքով, արհեստական բանականության հիման վրա, սենսորային ցանցերի եւ ինքնավար հարվածային միջոցների տեղակայում:
2. Ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
3. Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային եւ տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
4. Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնելու մեր կախվածությունն այլ երկրներից՝ ճգնաժամային իրավիճակներում, ու, բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։
5. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված, սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն, պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը՝ անպաշտպան է հայ զինվորով, հակաօդային պաշտպանության համակարգերի, որսիչ դրոնների, հակաօդային հրթիռների, ռեպ համակարգերի, խափանման մեթոդների կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։
6. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը, հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես՝ գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելու։ Եղնիկների բանակը՝ առյուծի գլխավորությամբ, կռվում է առյուծի նման, իսկ առյուծների բանակը՝ եղնիկի գլխավորությամբ, փախչում է եղնիկի նման»։

Ընդգծել է, որ բանակը դառնալու է մասնագիտական աճի եւ սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր՝ հիմնված մարդկային արժանիքների ու տաղանդի արժեւորման վրա։ «Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը։ Ուժեղ բանակն է տեւական խաղաղության ամենահուսալի հիմքը։ Անվտանգությունը չի կարող կառուցվել հույսի վրա, այն ունի 2 հենք՝ զինված ուժեր եւ դիվանագիտություն, մեկը մյուսին փոխլրացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք։ Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ։ Ես մի ամբողջ կյանք անցկացրել եմ սահմանին, եղել են դեպքեր, երբ 1 ամսվա ընթացքում օրական քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունն ամենաարդարն էր։ Այսօր ես չեմ կարող հանգիստ քնել, որովհետեւ վտանգված է մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում եմ՝ ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով՝ արդյո՞ք դա ուժեղ կդարձնի Հայաստանը»,- ասել է Ավանեսյանը։

Մենք գեներալ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի այս 6 կետից բաղկացած ծրագրի եւ հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին։ Հակոբյանն ասաց․ «Արթուր Ավանեսյանի մասին լավ կարծիք ունեմ։ Նա դիվիզիայի հետախուզության պետն է եղել, լավ կռվող տղա է։ Միայն դրականը կարող եմ նրա մասին ասել։ Լավ հետախուզության պետ է եղել։ Ինչ վերաբերում է ներկայացված 6 կետերին, ես դրանց ծանոթ չեմ, չեմ էլ ուզում իմանալ դրանց մասին, քանի որ ես քաղաքականությունով չեմ զբաղվում, ուստի ինձ հետաքրքիր չէ։ Իհարկե, եթե փոփոխությունը լինի դրական, լավ կլինի, իսկ եթե՝ ոչ, ապա՝ ոչ, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ կարող ասել, թե որ ուժին եմ հավատում, սակայն կա մի ուժ, որին ես վստահում եմ»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին, թե Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի տարածք։ «Ես այն մարդը չեմ, որի կարծիքը չի կարող լինել փոփոխական, նրան պետք է հարցնել, թե ինչու է մե՛կ մի բան ասում, մե՛կ՝ մի։ Ոչ մի քաղաքական հարց ես չեմ ուզում մեկնաբանել»։

Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն էլ, խոսելով Արթուր Ավանեսյանի եւ նրանց անվտանգային ծրագրի մասին, ասաց․ «Արթուրի հետ հանդիպել եմ, բայց որ ասեմ, թե նրան շատ լավ մոտիկից ճանաչում եմ, չէ, ուղղակի գիտեմ, որ նա լավ կռված տղա է․․․․ ինչ վերաբերում է 6 կետից բաղկացած ծրագրին, ապա, իհարկե, ո՞ր հայ մարդը դրական կարծիք չի ունենա ուժեղ բանակ եւ կայուն դիվանագիտություն առաջարկող ծրագրի մասին։ Դրական եմ վերաբերվում, թեպետ շատ չեմ էլ խորանում, միայն լսեցի, որ պետությանն օգտակար ծրագրեր ներկայացրին։ Սամվել Կարապետյանի գլխին չէր կարելի այդպես սարքել, էն Ռուբեն Վարդանյանին էլ էնտեղ էն օրը գցեցին, մի բարեգործին էստեղ են բանտ մտցրել, մյուսին՝ Բաքվում, չի կարելի էդպես։ Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր։ Սխալ է այդպես։ Անդադար խոսում են միայն նախկինների սխալների մասին, լավ է, որ կամաց-կամաց մարդիկ սկսում են էդ ամենին չհավատալ: Ես չեմ ասում, թե նախկիններն իդեալական էին կամ ոչ մի սխալ չունեին, չէ, բայց, անկախ նրանց արարքներից, նրանք կռվել են, ես կռվի դաշտի մարդ եմ, ի դեպ, տեսել եմ նաեւ, թե 44-օրյայի ժամանակ՝ Ջաբրաիլում ինչքան զենք թողեցին թուրքերին՝ յուղը վրան։ Դա ես չեմ կարող ընդունել։ Նախկինները կարող է մի բան էլ կերել են, մի բան էլ սխալ են արել, բայց երբեք էդքան զենք չեն թողել թուրքին։ 2016 թվականին էլ խփել ենք թուրքին, իսկ 44-օրյա պատերազմը լրիվ այլ թեմա է։ Ստեր էին տարածում, թե էս մի տարածքը հանձնված է` դուրս եկեք, էն մի տարածքը տված է` դուրս եկեք, մի խոսքով․․․․ թուրքին զենք նվիրողները չունեն իրավունք՝ ուրիշի սխալից խոսելու։ Թշնամուն էդքան զենք թողեցին, որ ի՞նչ։ Հիմա էլ Փիլոյան Անդրանիկ անունով մեկը կա, թողեց եկավ Հայաստան, գեներալի կոչում տվեցին։ Դա էլ քիչ էր` տվեցին Ազգային հերոսի կոչում, հետո դատապարտվեց․․․․ լավ, ո՞նց կարելի էր ոչինչ չանողին էդքան կոչումներ տալ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում եւ գլոբալ ռիսկեր

Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում եւ գլոբալ ռիսկեր Fri, 20 Mar 2026 11:38:15 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով