«Ծրագրի արժեքը 660 մլն դրամ է, երկարությունը՝ 3 կիլոմետր». Լեզուն միտք արտահայտելու համար է
Fri, 20 Mar 2026 17:15:29 +0400

Բավական է բացել որեւէ մարզպետարանի կամ համայնքապետարանի կայքը, եւ առաջին իսկ տողերից պարզ կդառնա, որ այստեղ այնքան էլ չեն մտածել, թե ինչ են գրում եւ ինչպես են գրում։ Ահա մի օրինակ Լոռու մարզպետարանի կայքէջից․ «Ծրագրի արժեքը 660 մլն դրամ է, երկարությունը՝ 3 կմ»։
Թվում է՝ պարզ նախադասություն է, բայց սա լեզվական սխալ է։ «Ծրագրի երկարությունը՝ 3 կիլոմետր»․ արդյո՞ք սա պարզապես վրիպակ է, թե՞ մտածողության անփութություն։ Նույն նյութում կարդում ենք․ «Վայելեք օր-օրի ծաղկող Վանաձորը: Երեւանյան փողոցն է` նախկինում եւ հիմա. մարդաբոյ փոսերով եւ ասֆալտապատված, գծանշված»: Ի՞նչ է նշանակում «մարդաբոյ փոսերով եւ ասֆալտապատված»․ սա համեմատությո՞ւն է, հակադրությո՞ւն, թե՞ բառերի պատահական ընտրություն։ Կարդալուց հետո նույնիսկ չես ուզում վայելել «օր-օրի ծաղկող Վանաձորը»: Անփութությունն այստեղ չի ավարտվում։ Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է․ «1 մլն դոլար կամ 395 մլն դրամ», այն դեպքում, երբ ակնհայտ է՝ թվերը չեն համապատասխանում։ Սա արդեն ոչ միայն լեզվի, այլ նաեւ բովանդակության նկատմամբ է անտարբերություն։ Ո՞վ է ստուգում այս նյութերը։ Ո՞վ է պատասխանատու։
Սրանք առանձին «գոհարներ» են՝ ինչ-որ առիթով ինչ-որ մեկի թարգմանած նյութերը, որոնք առանց ջանք գործադրելու մեզ մատուցվում են՝ սեփական լրատվությունն ամբողջացնելու նպատակով: Դրանք ոչ թե հայերեն են, այլ՝ օտար լեզվի բառացի պատճեն՝ հայերեն բառերով։ Օրինակ՝ Վանաձորի համայնքապետարանի կայքէջում կարդում ենք՝ «համաստեղծման հանդիպում բաց տարածք մեթոդով»։ Սա ի՞նչ է նշանակում։ Ո՞նց կարող է տարածքը մեթոդ լինել։ Սա ակնհայտորեն անգլերեն open space method-ի չմարսված փոխադրությունն է։ Բայց նյութ հրապարակողը պարտավոր էր հասկանալ, գաղափարը փոխանցել հայերեն մտածողությամբ։ Փոխարենը՝ ստացել ենք մի նախադասություն, որը ոչինչ չի ասում ընթերցողին։ Նույն նյութից իմանում ենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած այդ անհասկանալի «Բաց տարածք» մեթոդով կայացել է «համաստեղծման հանդիպում՝ «նվիրված Վանաձոր համայնքի Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում գործողությունների ծրագրի վերանայմանը»։
Այս անհեթեթ բառերի շարանից որեւէ բան հասկացա՞ք: Եթե գրողը հասկանում է ինչ-որ բան, ապա նրան հարկավոր էր իմաստը հասկանալի փոխանցել մարդկանց՝ նորմալ հայերեն նախադասություններով, իսկ վերահսկողը պիտի ընթերցեր՝ մինչեւ լուրը հրապարակման թույլատրելը, մինչեւ «Նախաձեռնության շրջանակում գործողությունների ծրագրի վերանայումը»։
«ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից», «նախարարության կողմից». այս՝ «կողմից» կցված ձեւերը ոչ միայն տգեղ են, այլեւ խախտում են լեզվի բնական հոսքը։ Սա ուղղակի տառացի պատճենն է ռուսական շարադասության։ Ահա՝ «կողմից» եւ «շրջանակում» բառերն ինքնըստինքյան դառնում են լեզվական մոլուցքի ապացույց: Ժամանակակից պաշտոնական լեզվում առանձնահատուկ «սեր» կա նաեւ «շրջանակում» բառի նկատմամբ։ Գրում են․ «պարգեւատրվել է նախարարության կողմից», «իրականացվել է համայնքի կողմից»: Ինչո՞ւ այս ծանր, արհեստական կառույցները, երբ կարելի է գրել պարզ ու հայերեն․ «նախարարությունը պարգեւատրեց», «համայնքն իրականացրեց»։ Նույնը «շրջանակում»-ի դեպքում է․ այն դարձել է գրեթե յուրաքանչյուր նախադասության պարտադիր հավելում․ «ծրագրի շրջանակում», «նախաձեռնության շրջանակում», «հանդիպումների շրջանակում»։ Մինչդեռ շատ դեպքերում այն պարզապես ավելորդ է կամ կարելի է փոխարինել բնական «ծրագրով», «այս ծրագրի ընթացքում», «հանդիպումների ժամանակ» ձեւերով։ Կա նաեւ մեկ այլ խնդիր՝ երկար, ծանր, դատարկ նախադասություններ։ Օրինակ՝ «հանդիպումների արդյունքները կամփոփվեն եւ կդառնան ռազմավարական առաջնահերթությունների հիմքը՝ միտված համայնքի սոցիալական կայուն զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը»։ Առաջին հայացքից՝ լուրջ միտք է։ Բայց իրականում բառերի կույտ է, որտեղ կոնկրետ ասելիք չկա։ Ի՞նչ արդյունքներ։ Ի՞նչ առաջնահերթություններ։ Ի՞նչ գործողություններ։ Նույնը կարելի է տեսնել «միջազգային ֆորումների» մասին նյութերում, որտեղ նախադասությունները լցված են «ներառականություն», «ներգրավվածություն», «ցանցային փոխգործակցություն» բառերով, բայց ընթերցողը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Այս ոճը պատահական չէ՝ համակարգային խնդիր է. երբ պաշտոնական կայքում հայտնվում է՝ «դրամաշնորհի կողմից տրամադրվել է գումար», հարց է առաջանում՝ արդյո՞ք գրողը չի հասկանում, որ «կողմից»-ը կարող է լինել միայն անձ կամ կազմակերպություն, ոչ թե «դրամաշնորհ»-ը։
Մեկ այլ «գոհար» կարդանք․ «Մասնակիցների համոզմամբ՝ նման ձեւաչափով համատեղ աշխատանքը նպաստում է համայնքային կառավարման բացությանը եւ համայնքի զարգացման համար ստեղծում բնակիչների եւ տեղական իշխանությունների համատեղ պատասխանատվության մշակույթ»։ Հմայվե՞ նք «Կառավարման բացությանը» բառակույտով, սիրով ընդունե՞նք գրեթե ոչինչ չասող այս նախադասության «կառուցիկությունը»: Թող գրողները եւ մեր ընթերցողները որոշեն:
Երբ նույն տեքստում բառերը կցվում են իրար, թվերը չեն համընկնում, նախադասությունները չեն կառուցվում, հասկանալի չեն, նշանակում է՝ ոչ ոք չի խմբագրել, ոչ ոք չի կարդացել եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Իսկ այդ նյութերը կարդում են հազարավոր մարդիկ։ Լեզուն պարզապես հաղորդակցման միջոց չէ։ Դա պետականության, մշակույթի եւ մտածողության արտահայտություն է։ Երբ պաշտոնական մակարդակում այն աղավաղվում է, ազդում է ոչ միայն ընթերցողի ընկալման, այլեւ հասարակության ընդհանուր լեզվամտածողության վրա։ Եթե մենք անտարբեր ենք մեր լեզվի նկատմամբ անգամ պաշտոնական հարթակներում, ապա ինչպե՞ս կարող ենք պահանջել լեզվական մշակույթ հասարակությունից։ Լավ, ճիշտ գրելն «ավելորդ ճոխություն» չէ, դա նվազագույն հարգանք է ընթերցողի հանդեպ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր