Եթե վիճակն այդքան լավ է` ինչու եք ազատում ձեր տեղակալներին
Fri, 20 Mar 2026 21:45:06 +0400

Ինչպես կանխատեսել էինք՝ կառավարության 2025թ. տարվա կատարողականի քննարկումները պետական պաշտոնյաները ԱԺ-ում վերածելու են ագրեսիվ քարոզչության եւ նախընտրական «կեցցե մեր իշխանությունը» տրամաբանությամբ հաշվետվությունների: Նախընտրական տրամաբանության մեջ էին անգամ ուժային բլոկի ղեկավարները։ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն իր խոսույթով չէր տարբերվում Վահագն Ալեքսանյանից ու Գեւորգ Պապոյանից, նա այնպիսի ներածական ելույթ ունեցավ այսօր, որից կարելի էր կարծել, թե Հայաստանը դրախտավայր է, ոչ թե երկիր, որտեղ դաժան հանցագործություններ, սպանություններ են կատարվում, կալանավայրերում մարդիկ են մեռնում։ Նա վստահեցնում էր, թե մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, թմրանյութերի իրացման հետ կապված իրավիճակի մասով ընդդիմադիրներն են գույները խտացնում։ Երբ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը փորձեց նրան իրականություն վերադարձնել եւ հիշեցնել, որ իր պաշտոնավարման վերջին ամիսներին մի քանի փոխոստիկանապետեր են պաշտոնանկ եղել, եթե ամեն բան այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան վատ եւ ինչո՞ւ է ազատում իր ենթականերին, ՆԳ նախարարը ագրեսիվ տոնի անցավ եւ կարելի է ասել՝ սկսեց միտինգ անել, որ եթե ՆԳՆ նախարարն այսօր ԱԺ է գալիս, դա արդեն ռեֆորմ է։ Անգամ նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը չդիմացավ եւ Արփինե Սարգսյանին դիվանագիտորեն հասկացրեց, որ տոնը փոխի` ասելով, թե ոչ մեկն իրեն չի մեղադրում, ընդամենը հարցեր են տալիս, որոնց ինքը պետք է պատասխանի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր