«Հրապարակ»․ Ի՞նչ պետք է աներ այս փուլում` ճամպրուկները հավաքեր ու հեռանա՞ր Հայաստանից

«Հրապարակ»․ Ի՞նչ պետք է աներ այս փուլում` ճամպրուկները հավաքեր ու հեռանա՞ր Հայաստանից

Sat, 21 Mar 2026 09:15:13 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն է։

– Նախընտրական քարոզարշավն օրեցօր ակտիվանում է։ Իշխանություններն ընդդիմության մասին խոսելիս ավելի կոշտ բառամթերք են օգտագործում: Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին առաջարկում է «արհամարհել» բառն անսխալ գրել կամ, որպես մարտահրավեր, հարցրել է, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը․ «Ուժեղ տղա եք, ասեք, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը»։ Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին։

– Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, նրա հայտարարությունները չեն կարող զարմացնել նրանց, ովքեր արդեն յոթ-ութ տարի է՝ հետեւում են այդ մարդուն։ Նրա լեքսիկոնին, վարքագծին այս բոլոր հայտարարությունները խիստ համահունչ են, ուրիշ ի՞նչ կարող է նա ասել այս փուլում, հատկապես այն պարագայում, երբ առաջիկա ընտրությունների հետ կապված կանխատեսումները լրիվ այլ բան են ասում եւ Փաշինյանի համար, վստահաբար, բավականին մտահոգիչ են։ Ոչ միայն վերլուծաբաններն են ասում իրենց տեսակետն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը վատ է, այլեւ կան հարցումներ, որոնք եւս փաստում են այդ մասին։ Այն, ինչ կատարվում է ընդդիմադիր դաշտում, ես կարծում եմ, որ բավականին հաջողված է եւ հաջողված էլ զարգացում է ապրում օրեցօր։ Ընդդիմադիր թեւին կարող ենք երկու հատվածի բաժանել՝ մի հատվածը մշտապես եղել է բարիկադների վրա եւ այս ազգակործան պատուհասի գործողությունների դեմ մի քանի շարժումներ է իրականացրել՝ փորձելով իշխանությունից հեռացնել այս դավաճաններին, ինչը բոլորս ենք հիշում։ Եվ մենք ունենք մի ընդդիմադիր թեւ, որը փորձում է հաջողության հասնել տնտեսական հարցերի լուծման ճանապարհով։ Ցանկացած երկրում էլ կա հասարակության մի ստվար զանգված, որին ամենաշատը հետաքրքրում են հենց տնտեսական հարցերը, եւ այն շատ բնական է։

– Իսկ ո՞ր քաղաքական ուժերն են ավելի շատ սոցիալական հարցերին ուշադրություն դարձնում՝ ըստ Ձեզ։

– ԲՀԿ-ն եւ Սամվել Կարապետյանի ուժը։ Նրանք կարողացել են մոբիլիզացնել հասարակության այն հատվածին, որը, լինելով դեմ օրվա իշխանություններին, այդուհանդերձ, կողմ չէ արմատական ընդդիմության պայքարի ճանապարհին։ Ես կարծում եմ, որ մեր հանրության ավելի լայն հատվածը հավաքվելու է այս երկու ուժերի շուրջ։ Ես ուսումնասիրել եմ տարբեր երկրների փորձը եւ կարող եմ վստահաբար ասել, որ նման գաղափարախոսությամբ ուժերը սպասվածից շատ ավելի ձայներ են ստանում, եւ դա շատ բնական է, նորմալ է։ Մեր քաղաքական խճանկարը եւս կարող ենք այդպես նկարել՝ ընտրություններին ընդառաջ։

– Բայց Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թոշակները մի քանի հազար դրամով բարձրացնելով, որոշ բժշկական ծառայություններ անվճար դարձնելով՝ ինքն է ընտրություններում հաղթելու։ Նա անգամ ասաց, որ վստահ է` եթե ՌԴ-ից հայեր գան ընտրության, բացառապես իրեն են ընտրելու։ Այսինքն՝ նա ինքնախաբեությա՞մբ է զբաղվում, կեղծում է անգամ իր ինքնավստահությո՞ւնը։

– Նա ընկալում է իրականությունը, եւ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է վերաբերվում իրականությանը, այն իրականությանը, որը ես նկարագրեցի․․․․ ի՞նչ պետք է նա աներ այս փուլում` ճամպրուկները հավաքեր ու հեռանա՞ր Հայաստանից։ Նրա կեցվածքը շատ բնական է։ Միայն այն հանգամանքը, որ նա չէր նախատեսել թոշակների բարձրացում եւ հանկարծ՝ միանգամից նման քայլ արեց, եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ ՔՊ-ի համար իրավիճակը շատ լուրջ է։ Ի դեպ, դա արեց բավականին աճպարար ձեւով։ Նա խոսում է 10 հազար դրամից, սակայն անգամ 10 հազարով չի կարողացել թոշակները բարձրացնել, եւ հետո՝ ի՞նչ պետք է ասեր այն ղեկավարը, որն ահավոր ամբարտավան արշավ էր սկսել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ, սակայն այժմ նահանջում է։ Արդեն երեք տիրադավ դուրս է եկել այդ շարժումից, իսկ մյուսներն անիծում են այն օրը, երբ կանգնեցին Փաշինյանի կողքին։ Ի դեպ ասեմ, որ առողջապահության ոլորտում իրավիճակը եւս սարսափելի վատ է։ Ամեն ինչ չծրագրված, չմտածված։ Ինձ պատմեցին, որ աչքի խնդիր ունեցող մարդուն, որի վիճակը կրիտիկական է, հերթագրել են, եւ հերթը հասնելու է մի քանի ամսից։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է։ Բժիշկները համատարած դժգոհում են այդ ամենից եւ կարծում են, որ Փաշինյանը հերթական ամբոխահաճո քայլն է արել, առանց որեւէ հիմնավորումների։ Նա գիտի, որ իրավիճակը մտահոգիչ է, եւ այս պարագայում ի՞նչ կարող է անել` միայն պոպուլիզմ, ինչով որ եկել է իշխանության։ Մարզեր կատարած այցերը, մարդկանց հարցերը՝ ուղղված վարչապետին, եւ առհասարակ մարդկանց պահվածքը ցույց են տալիս, որ պոպուլիզմն այլեւս ոչ մի ազդեցություն չի թողնում մարդկանց վրա։ Անգամ չենք խոսում 7-8 տարի առաջվա նրա վարկանիշի մասին, բավական է միայն համեմատել 3-4 տարի առաջվա հետ, եւ ամեն բան պարզ կդառնա։ Եթե նա ծայրահեղ քայլերի չգնա, չի վերարտադրվի։ Արդար մրցակցության պայմաններում այս մարդը չունի շանս։

– Իսկ որո՞նք են ծայրահեղ քայլերը։

– Դրանք այն քայլերն են, որոնք նա իրականացնում է քաղաքական առաջնորդների, հոգեւոր առաջնորդների, ԶԼՄ-ների նկատմամբ եւ այլն։ Նա այդ զենքերն օգտագործելու է՝ բոլոր բնագավառներում ահուսարսափ ստեղծելու համար։ Իր ԵՄ-ի հովանավորները նրան ոչ միայն ֆինանսապես են հովանավորում, այլեւ՝ հայտարարություններով։ Նրանք ցանկանում են, որ Փաշինյանն ամեն գնով հաղթի։ ԵՄ երկրների կեցվածքն այս պարագայում շատ բնական է, նրանք կորցրել են Վրաստանին, եւ տարածաշրջանի իրենց միակ հենման կետը Հայաստանն է մնում։ Նրանք էլ առաջիկայում շոուներ կբեմադրեն Հայաստանում, կխոսեն ԵՄ-ին անդամակցության, վիզաների ազատականացման մասին եւ կփորձեն այս վատ իրավիճակում Փաշինյանին լավ ձեւով ներկայացնել՝ հասարակությանը ներշնչելով, որ նա է հաղթող ուժը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին Fri, 20 Mar 2026 23:15:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով