«Հրապարակ»․ Բաքվին օգնած հրեա գեներալին Ադրբեջանը քարկոծում է

«Հրապարակ»․ Բաքվին օգնած հրեա գեներալին Ադրբեջանը քարկոծում է

Sat, 21 Mar 2026 09:45:08 +0400


Արագ փոփոխվող աշխարհում եւ բարդ տարածաշրջանում Հայաստանի գոյատեւման միակ ձեւը հզոր լինելն է․ այսպես է ձեւակերպել «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի իրենց կոնցեպցիան Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմի փորձագետ Ցվիկա Հայմովիչը։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով ու սպառնալիքներով, այն արագորեն փոփոխվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է․ «Բայց մենք պետք է մարտահրավերներին հակազդենք աշխատանքով եւ լուծումներով։ Ազգային անվտանգության ծրագիրը կողմնացույց եւ ուղեցույց է մեր որոշումների համար, որն ուղղված է զինված ուժերի ամրապնդմանը։ Ես ավելի քան 30 տարի ծառայել եմ բանակում եւ գիտեմ, թե ինչ է նշանակում պաշտպանել սեփական ժողովրդին ու հողը։ Այսօր սպառնալիքները շատ են, բայց մենք գիտենք, թե ինչ անել, եւ ինչպիսին պետք է լինեն զինված ուժերը, ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի բանակը լինի հնարավորինս հզոր»։

Ըստ գեներալի, անվտանգությունը պահանջում է ուժեղ առաջնորդություն եւ ճիշտ որոշումների կայացում․ «Ուժեղ պաշտպանությունը ստիպում է հակառակորդին զսպվածություն ցուցաբերել։ Գոյատեւելու միակ ճանապարհն ուժեղ լինելն է»։ Նրա ներգրավվածությունն «Ուժեղ Հայաստանի» թիմում որոշակի հարցեր, եթե չասենք՝ տարակուսանք է առաջացրել Հայաստանում՝ այն իմաստով, որ հրեա գեներալն իր կենսագրությունում նաեւ առնչություն է ունեցել Ադրբեջանի հետ։ Բաքվի արձագանքն էլ հիստերիկ է, ինչպես միշտ։ Բայց հիմքը Սամվել Կարապետյանի գործոնն է։ Հայաստան պարբերաբար այցելող քաղաքագետ, ալիեւյան կլանի քարոզչական ներկայացուցիչ Ֆարհադ Մամեդովի շուրթերով, Բաքվի արձագանքն այսպիսին է․ «Հայաստանում քաղաքական լարվածության աճի ֆոնին, Կրեմլին հավատարիմ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է թարմացված «ազգային անվտանգության հայեցակարգ»։ Փաստաթղթում շեշտը դրվում է զինված ուժերի արմատական ամրապնդման, ՀՕՊ համակարգերի արդիականացման եւ պետական սահմանների պաշտպանության նոր մոդելի ներդրման վրա։ Ծրագիրը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վետերան Արթուր Ավանեսյանը, որի դեմքին կան երկրորդ ղարաբաղյան պատերազմի սպիները։ Դատելով ներկայացման մասնակիցների կազմից՝ Կարապետյանի քաղաքական կոալիցիայի միջուկը կազմում են նախկինում ղարաբաղցի անջատողականների զինված ուժերում ծառայած կադրային սպաները։ Սակայն գլխավոր սենսացիան ռազմավարության մշակման գործում օտարերկրյա խորհրդատուի՝ թոշակի անցած Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադի գեներալ Ցվիկա Հայմովիչի ներգրավվածությունն էր։ Հայմովիչը, որը 2015-2018 թվականներին հրամանատարել է Իսրայելի ՀՕՊ ուժերը, այժմ ծառայում է որպես հայկական ընդդիմության՝ ՀՕՊ հարցերով հիմնական խորհրդական»։

Մամեդովի խոսքով, «Նիկոլ Փաշինյանին տապալել ձգտող ընդդիմադիր ուժերը զգուշորեն են գործում։ Խուսափելով բացահայտ ռեւանշիստական հռետորաբանությունից՝ նրանք, այնուամենայնիվ, Ադրբեջանի հետ կնքված ներկայիս համաձայնագրերն անվանում են «անարդար» եւ խոստանում են «երկարատեւ խաղաղության» հասնել ռազմական հզորության ավելացման միջոցով։ Փաշինյանը՝ ինքը, միանշանակորեն, իր հակառակորդներին դասակարգում է որպես «պատերազմի կողմ»։ Նա պնդում է, որ Կարապետյանի հետ համախոհ ուժերի իշխանության գալն անխուսափելիորեն կհանգեցնի լայնածավալ հակամարտության նոր փուլի՝ մի քանի ամիսների ընթացքում։ Այն փաստը, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն իր քարոզարշավը սկսեց ռազմական մանիֆեստով, հաստատում է, որ ռազմական բարեփոխումների համար պայքարը դառնում է առաջիկա ընտրությունների կենտրոնական թեման»։

Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Ցվիկա Հայմովիչը հայտնի դեմք է․ «Ցվիկա Հայմովիչը համաշխարհային դեմք է ավիատիեզերական պաշտպանության ոլորտում։ Նրա ռեզյումեն ներառում է այնպիսի համակարգերի շահագործման ղեկավարումը, ինչպիսիք են «Երկաթե գմբեթը», Arrow-3-ը եւ «Դավթի պարսատիկը»։ Այսօր նա աշխատում է որպես մասնավոր ռազմավարական խորհրդատու, ինչն Իսրայելին պաշտոնապես ազատում է նրա գործունեության պատասխանատվությունից։ Այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանն այս նշանակմանը վերաբերվում է անթաքույց կասկածամտությամբ։ Քննադատները նշում են, որ հենց Հայմովիչն է, որ իր ծառայության ընթացքում վերահսկում էր Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում՝ Barak-8 զենիթահրթիռային համակարգերի եւ ELM-2084 ռադարների մատակարարումը, որոնք վճռորոշ դեր խաղացին հայկական կողմի պարտության մեջ»։

Նաեւ հավելում է․ «Զավեշտական է, որ ներկայիս Հայաստանի կառավարությունը նույնպես փորձում է մերձենալ Իսրայելի հետ՝ անվտանգության հարցերում։ Այնուամենայնիվ, Երուսաղեմը շարունակում է չափազանց զգույշ լինել՝ կարեւորելով Ադրբեջանի հետ իր ռազմավարական գործընկերությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան

«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան Sat, 21 Mar 2026 12:15:16 +0400 Երեւանի ամենահին…

8 րոպե ago

Այսօր էլ կարտոֆիլ են «խեղդում»

Այսօր էլ կարտոֆիլ են «խեղդում» Sat, 21 Mar 2026 12:11:38 +0400 Նիկոլ Փաշինյանն ու Ալեն…

11 րոպե ago

ՔՊ-ում հասկացել են, որ ազդում են մարդկանց նյարդերի վրա. էլ ավտոբուսային պարեր չեն հրապարակի

ՔՊ-ում հասկացել են, որ ազդում են մարդկանց նյարդերի վրա. էլ ավտոբուսային պարեր չեն հրապարակի Sat,…

20 րոպե ago

Արյունոտ շղթա․ ևս մեկ իրանցի ղեկավարի են սպանել

Արյունոտ շղթա․ ևս մեկ իրանցի ղեկավարի են սպանել Sat, 21 Mar 2026 12:00:19 +0400 Իրանի…

22 րոպե ago

Միայն ազգային համախմբմամբ կարող ենք ուղղել մեր մեջքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Միայն ազգային համախմբմամբ կարող ենք ուղղել մեր մեջքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Sat, 21 Mar 2026…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Մի խումբ լրագրողների խնդրալից բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ»․ Մի խումբ լրագրողների խնդրալից բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Sat, 21 Mar 2026 11:45:46 +0400…

37 րոպե ago