Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան
Sat, 21 Mar 2026 10:30:26 +0400

Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանն է ներկայացնում մի չափազանց պրիմիտիվ «մաթեմատիկա»: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ի՞նչ է նա ասում: Եթե ընդդիմությունը գա իշխանության՝ որևէ կոնֆիգուրացիայով, ապա կա հետեւյալ երեք հավանականությունը. Խաղաղության «ռեվիզիայի» արդյունքում կամ կլինի ավելի լավ խաղաղություն, կամ կլինի ավելի վատ խաղաղություն, կամ չի լինի խաղաղություն՝ կլինի պատերազմ:
Հետո ինքն իր այս մաթեմատիկան «բաղդատում» է և եզրակացնում, որ ստացվում է 2 վատ և 1 լավ սցենար, այսինքն ավելի բարձր է վատ սցենարների հավանականությունը:
Կարծում եմ, որ մաթեմատիկոսները կարող են հանգիստ հայց ներկայացնել Փաշինյանի դեմ, անգամ տարրական թվաբանությունն ու տրամաբանությունը բռնաբարելու համար: Որովհետեւ, եթե օրինակ առաջնորդվենք նույնիսկ իր տրամաբանական ելակետերով, ապա կա նաեւ չորրորդ տարբերակը՝ ոչ մի բան չի փոխվում եւ խաղաղություն ասվածը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Հետեւաբար, Փաշինյանի իսկ տրամաբանությամբ չափելիս, բացասական սցենարները չեն գերակշում, այլ հաշիվը 2:2 է:
Բայց, ընդհանրապես պետք չէ հայտնվել այդ «տրամաբանության» ծուղակում, որովհետեւ ռեգիոնալ խաղաղության ու կայունության հարցը չափվում է տասնյակ գործոններով, որոնց ճնշող մեծամասնությունն անգամ Հայաստանի ու Ադրբեջանի դաշտում չէ: Ընդ որում, դա վկայել է Նիկոլ Փաշիննյանը հենց ինքը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասելով, թե «մեզ մնում է միայն աղոթել»:
Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է: Եթե խաղաղությունը քո ձեռքում է, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, էլ ինչու՞ աղոթել, աղոթելու, տագնապելու ի՞նչ կարիք կա:
Սա ակնառու կերպով վկայում է, որ նույն տրամաբանությունն առկա է նաև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում: Այսինքն, իրավիճակը շատ հանգիստ կարող է վատանալ եւ վատթարանալ: Հետեւաբար ընդդիմության իշխանության գալ-չգալը այստեղ չունի որեւէ կապ:
Եվ ավելին, հենց այստեղ է, որ շատ կաևոր է այն բանաձևը, որի մասին խսում են ընդդիմադիր առաջատար ուժերը, այդ թվում առաջնորդող՝ Սամվել Կարապետյանը: Որպեսզի մակրոմիջավայրի վատթարացման պարագայում Հայաստանը լինի հնարավորինս դիմադրունակ ու ճկուն, պետք է կառավարման շատ ավելի մեծ էֆեկտիվություն, հետեւաբար դրան առավել ունակ իշխանություն, որի «հարատեւության» գաղտնիքը ոչ թե ներհասարակական բեվեռացում սրելն է, այլ հակառակը՝ հանրային համերաշխության առավելագույն միջավայրի հասնելը»,-գրել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր