Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Sat, 21 Mar 2026 16:45:59 +0400


Ինչպես երևում է, ՔՊ-ում չկա ադեկվատ մեկը, որ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» գլխի գցի, որ չի կարելի սկզբում խոսել ինքնիշխանությունից: Իսկ կարճ ժամանակ անց շուռ տալ խոսույթը 180 աստիճանով: Ու փորձել մարդկանց վախեցնել պատերազմի անխուսափելիության առումով: Եթե, իհարկե, հունիսի 7-ի ԱԺ ընտրությունը շահի ընդդիմությունը: Որովհետև եթե որևէ երկիր ձեռք է բերում ինքնիշխանություն և հետն էլ հարևանների հետ խաղաղություն, ապա դա նշանակում է, որ արդեն չեզոքացվել են անվտանգային սպառնալիքները: Ինչն, ի դեպ, գովազդել է վերը նշված անձը: Նա ասել է, որ մենք ինքնիշխան ենք և արդեն այսօր ապրում ենք խաղաղության մեջ: Իսկ եթե իրոք այդպես է, ապա դա պետք է վկայի խաղաղության ինստիտուցիոնալացման մասին: Ինչն էլ նշանակում է, որ խաղաղությունը չի կարող չեղարկվել ընտրությունների միջոցով պետության ղեկավարի փոփոխության պարագայում:

Բայց քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «հաստատվածը» ոչ թե խաղաղ դրացիություն է, այլ պերմանենտ սառը պատերազմական իրավիճակ, ապա բարդ չէ գիտկցելը, որ վարչապետի աթոռից կառչած անձի ասածը սխալ է: Սխալ է այն առումով, որ Հայաստանն իբրև թե ինքնիշխան պետություն է: Որովհետև եթե այդպես լիներ՝ արևելքից թշնամու պահանջով Անկախության հռչակագիր չէր փորձի չեղարկել: Եվ, ընդհանրապես, մեր ազգային ինքնությանն առնչվող արժեքներ չէր փորձի վերաձևել: Իսկ եթե ստիպված է դա անել, ապա սխալ է նաև, որ թշնամու հետ հաստատվածը խաղաղություն է: Որովհետև այդ դեպքում հարևանը քիթը չէր խոթի իենց չվերաբերող հարցերում: Այսպիսով, հաստատ է, որ գոյություն չունի ո՛չ ինքնիշխանություն և ո՛չ էլ խաղաղություն:

Միակ խնդիրն այն է, որ եթե ինքը չվերընտրվի, ապա սառը պատերազմը կարող է վերափոխվել ռազմական գործողությունների: Քանի որ թշնամու պահանջները հիմնավորելը (ասենք պատմաբաններին մեր բնակավայրերի «ադրբեջանական» անվանումները պեղել հրահանգելը) վկայում է իշխանությունը պահպանելու համար ոչ մի բանի առջև չկանգնելը: Ինքը պատրաստ է պետության հաշվին ամեն զոհողության գնալու: Ու դրանով պահպանելու սեփական իշխանությունն ու ո՛չ իրական խաղաղություն և ո՛չ էլ պատերազմ իրավիճակը: Այսինքն, իր հաստատածը միակողմանի կախվածություն է թշնամուց: Ինչը ձեռք է տալիս մեր թշնամուն, քանի որ վերջինս կարող է խախուտ այդ հավասարակշռությունը խախտել՝ երբ դա իրեն հարմար լինի: Ու քանի որ այդ ամենը հաստատվել է զուտ Նիկոլ-Իլհամ ձևաչափով, ապա խնդրի առկայության դեպքում էլ որևէ մեկը չի փորձի միջամտել:

Շուրջ երեք ամիս անց Ազգային ժողովի ընտրությամբ գործող իշխանությանը հրաժարական պարտադրելը մի վերջին հնարավորությունն է վերականգնելու, նախ, Հայաստանի իրական ինքնիշխանությունը: Այն ինքնիշխանությունը, որ առկա էր նախկինների ժամանակ: Եվ երկրորդ, թշնամու հետ հաստատելու իրական և արժանապատիվ խաղաղություն: Ենթադրում եմ, որ այն կարող է ուղեկցվել ներքին և արտաքին բախումներով, բայց բոլորիս համար էլ ճիշտ կլինի, եթե գործող իշխանությունը չգնա դրան: Որովհետև, նախ, դա առաջին հերթին կախված է հենց գործող իշխանությունից: Երկրորդ, դա կարող է հանգեցնել անկարգությունների, ինչը մեզ բացարձակ պետք չէ: Ճիշտ կլինի նաև, որպեսզի գործող իշխանությունը չպայմանավորվի թշնամու հետ, որպեսզի իր պարտության դեպքում նա նախաձեռնի սահմանային խախտումներ: Որովհետև այն կարող է դուրս գալ վերահսկողությունից և այսօրվա մեր թուլության հետևանքով վերածվի պետականության կորստի: Դա հաստատ պետք չէ նաև այսօր գործող իշխանության ներկայացուցիչներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողացել երկու ժամկետից ավելի կառավարել

Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողացել երկու ժամկետից ավելի կառավարել Sat, 21 Mar 2026 13:45:49 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով