Պրոթուրքական կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար․ թրքամետ Նատալին հիմնադիրներից է
Sat, 21 Mar 2026 22:17:29 +0400

Այսօր «Հրապարակը» գրել էր, որ Երևանում կայացել է պրոթուրքական կուսակցության համագումարը։ Կուսակցությունը կոչվում է Ժողովրդի ձայնը պետականամետ կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն են թրքասիրությամբ հանդես եկող մի բլոգեր՝ Նատալի Ալեքսանյան անվանումով, որը ապրում է Թուրքիայում, և ոմն Ռոման Նազարյանը, որը Մգեր Արմենիայի հետ պատրաստվում էր Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Մենք գրել էինք, որ երկու տարի առաջ 2024 թվականի մայիսի 20-ին մամուլը հեղեղվել էր տեղեկություններով, որ Երեւանում թուրքամետ կամ գուցե` թուրքական կուսակցություն հիմնադրելու փորձ են արել: Երեւանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձել էր խափանել նշված կուսակցության բացման համագումարը։ «Երեւանում՝ Խուլ ու համրերի կենտրոնում, նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետեւում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առեւտրական Տաթեւիկն է։ Սույն տիկինն ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մգեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- մեզ հետ զրույցում դեռ երկու տարի առաջ ասել էր Խաչատրյանը: Սակայն բարձրացրած աղմուկի ֆոնին կուսակցությունն այդպես էլ չէր հիմնադրվել, իսկ Ռոման Նազարյանն ընդհատակ էր անցել։ Երկու տարվա լռությունից հետո մենք տեղեկացանք, որ թուրքամետ կուսակցությունն արդեն բացվել է, այն կոչվում է Ժողովրդի ձայնը պետականամետ կուսակցություն։ Մեզ պատմեցին, որ պրոթուրքական այս ուժը այսօր՝ ժամը 15։00-ին համագումար է նախատեսել Armenia Marriott Hotel-ի Տիգրան Մեծ դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցության նախագահը՝ Ռոման Նազարյանն է, կուսակցության կարկառուն անդամներն են՝ Վանիկ Նիկոյանը, Սուրեն Օքմինյանը և Ռուսլան Ւսրայելյանը։
Մեր հրապարակումից ժամեր անց տեղեկացանք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը ի դեպ 2024 թվականին նույնպես պայքարում էր պրոթուրքական կուսակցության հիմնադրման դեմ, այսօր կրկին փորձել է ներկա գտնվել կուսակցության համագումարին, սակայն վերջինիս ոստիկանները բերման են ենթարկել։ Մենք զրուցել ենք նրա հետ։
– Ինչո՞ւ էին Ձեզ բերման ենթարկել։ Համացանցում գրառում կար այն մասին, որ ոստիկանները Ձեզ մի քանի ժոմով բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել, քանի որ փորձել եք ներկա գտնվել պրոթուրքական կուսակցության համագումարին։
– Մենք ցանկանում էին համագումարին ներկա գտնվել և հասկանալ, թե քանի հոգի է մասնակցում քվորմանը, քանի որ օրենքը նախատեսում է, որ պետք է քվորում ապահովի 300 անձ, իսկ նախորդ անգամ մասնակիցների քանակը չէր հասել 300-ի, սակայն ինձ այս անգամ արգելեցին մասնակցել դռնբաց համագումարին։ Բայց օրենքը թույլ չի տալիս, որ կուսակցության համագումարը լինի դռնփակ։ Ասեմ, որ նախապես հայտարարված է եղել, որ համագումարը լինելու է բաց բոլորի համար, սակայն մեզ թույլ չտվեցին, ոստիկանները ինձ ապօրինաբար բերման ենթարկեցին, իբրև թե ոստիկանության օրինական պահանջը չկատարելու պատրվակով։ Սակայն ոստիկանները ինձ օրինական որևէ պահանջ չեն ներկայացրել, նրանց պահանջը եղել է խիստ անօրինական։ Ամեն հնարավոր բան արեցին, որպեսզի արտահոսք տեղի չունենա և չբացահայտվի, որ 300 հոգի ներկա չի եղել և քվորում չի ապահովվել։ Պրոթուրքական այդ կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար։
– Իսկ տեղեկություն ունե՞ք, թե Նատալի Ալեքսանյանն ինչ կապ ունի այդ կուսակցության հետ։
– Նա ուղղակիորեն կապ ունի այդ կուսակցության հետ։ 2024 թվականից է դա պարզ, դատարանում անգամ կա գործ, և ապացուցված է այն փաստը, որ Նատալի Ալեքսանյանն անմիջական կապ ունի այս կուսակցության հետ, նա կուսակցության հիմնադիրներից է։
– Երբ գրում ենք, որ այդ կուսակցությունը պրոթուրքական, պրոադրբեջանական է, նրանք հրաժարվում են և պնդում, որ դա այդ տեղեկությունները անհիմն են։ Որտեղի՞ց այն համոզմունքը, որ այս կուսակցությունը ծառայում է թշնամու շահերին։
– Նատալի Ալեքսանյանի հայտարարությունները տալիս են բոլոր հարցերի պատասխանները։ Նրա բոլոր հայտարարությունները հակապետական են։ Չի կարող նման հայտարարություն անող անձը ներկայացնի ՀՀ շահերին, ավելին՝ դրանք միմիայն ադրբեջանաթուրքական շահերրից են բխում։ Այդ կուսակցությունը պրոթուրքական է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր