Երբ Ադրբեջանի տաղավարի դիմաց հայերեն ասմունքեց, լքեցին այն
Mon, 23 Mar 2026 15:45:54 +0400
Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության հրավերով Համահայկական գրողների միության պատվիրակությունը օրերս մասնակցել է Մինսկում արդեն 33 տարի անցկացվող գրքերի ցուցահանդեսին և տարբեր երկրներից ժամանած գրողների համաժողովին։ «Մեզ սիրում են, հարգում են, գնահատում են ու արժևորում։ Հատկապես բելառուսների սերն ու հարգանքը, անսահման ջերմությունը չափ ու սահման չուներ։ Քանի որ իրենք էլ ավանդապաշտ են ու շատ հայրենասեր, գնահատել գիտեն հին ազգերի ավանդույթներն ու անցած ճանապարհը։ Միայն նշեմ, որ բելառուս գրողներից շատերը ստեղծագործություններ ունեն գրված մեր հայրենիքի մասին։ Դա ջերմ բարեկամության արդյունքում է ծնվել։ Տարբեր երկրներից ժամանած գրողների հետ շփվեցինք՝ նրանց համակրանքը շահելով, քանի որ գիտակցում էինք՝ մենք մեր երկրի դեմքն ենք և որքան լավ ներկայանանք, այնքան բարձրացնելու ենք մեր երկրի պատիվը։ Մեր առաքելությունը, կարծում եմ, գերազանց կատարած վերադարձել ենք։ Մոտ քառասուն երկրներ ունեին տաղավարներ, այդ թվում և Ադրբեջանը, որի տաղավարում Արցախի ու Զանգեզուրի, Շուշիի մասին կեղծ տեղեկություններով լեցուն գրքեր էին։ Նրանք աշխատում են, թեև կեղծ, բայց մարդկանց ներկայացնում են, որ այդ տարածքներն իրենցն են։ Անգամ Զանգեզուրը։ Նմանների հետ խաղաղության մասին խոսելը զավեշտալի է ուղղակի։ Պետք է հստակ պահանջներ դնել այդ արհեստական պետություն կոչվածի առջև։ Եվ մենք խաղաղության թեզերով չպիտի կերակրվենք ու կորցնենք մեր աչալրջությունը»,-պատմում է բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը՝ ընդգծելով, որ այսօր հայ ժողովրդին առաջին հերթին համախմբվել է պետք, միմյանց սիրել, հանդուրժել, ինչպես Մինսկում էին մարդիկ իրար սիրում ու խաղաղ ապրում… «Պետք է ուժեղանանք, որ կարողանանք պահպանել մեզ ու մեր տարածքները։ Կապ չունի, թե մարդ որտեղից է՝ գյումրեցի, արմավիրցի, երևանցի, արցախցի, բոլորս հայ ենք, պիտի իրար սիրենք, միասին պահենք մեր հայրենիքը, մեր հողը, ուժեղանանք, ամուր կամք դրսևորենք, որ կորցրածն էլ վերադարձնենք ու բոլորս միասին խաղաղ, արժանապատիվ ապրենք»։
Միջոցառման մանրամասների մասին hraparak.am-ը հետաքրքրվեց Գրողների միությունից, որտեղից փոխանցեցին. «Շատ գեղեցիկ, կազմակերպված, անչափ հագեցած միջոցառումների շարք էր…։ Գլխավոր նպատակը՝ շփումներ ու գրական կապեր այլ երկրների գրողների, մշակութային գործիչների հետ։ Ձեռք բերեցինք լավ բարեկամներ, գրական կապեր հաստատեցինք բազմաթիվ երկրների գրողների հետ։ Հաճելի հանդիպումներ ունեցանք մեզ արդեն հարազատ դարձած գրողների՝ Ալեքսանդր Կառլյուկևիչի, Անատոլի Ավրուտինի, Միխայիլ Պոզդնակովի, Վալենտինա Դրաբիշևսկայայի և շատ ու շատ այլ գրողների հետ։ Նրանցից շատերն ունեն ստեղծագործություններ՝ նվիրված մեր հայրենիքին։ Ահա, թե որքան կարևոր են գրական կապերը։ Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց արդի հայ գրողներին և ժամանակակից հայ գրականության զարգացման հիմական ուղղությունները, ինչը մեծ հետաքրքրություն արթնացրեց գրական համաժողովի մասնակիցների շրջանում։ Բացառիկ ջերմությամբ ընդունվեց բանաստեղծուհի, «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Սուսաննա Ղազարյանի ասմունքը՝ տարբեր երկրներից ժամանած գրողներ իրենց տաղավարներ էին հրավիրում հայ բանաստեղծուհուն՝ ունկնդրելու նրա «ԱՐՑԱԽԱԿԱՆ» շարքը։ Բազմաթիվ տաղավարների մեջ բնական է, անհնար էր չնկատել ադրբեջանցիների տաղավարը, որ լցված էր՝ Արցախի, Զանգեզուրի, Շուշիի մասին գրքերով։ Այսինքն, ադրբեջանցիները հիմա էլ Զանգեզուրն են իրենցը ներկայացնում աշխարհին՝ կեղծ տեղեկատվություն տարածելով։ Իհարկե, ցավն ու զայրույթն ասես միախառնվել էին, բայց երբ Սուսաննա Ղազարյանը նրանց տաղավարին դեմ դիմաց սկսեց հայերեն ասմունքել, նկատեցինք՝ թե ինչպես թողեցին իրենց տաղավարն ու հեռացան։ Ինչպես կասեր ժողովուրդը՝ գող, սիրտը դող… Հատուկ շնորհակալություն Բելառուսի Տեղեկատվության նախարարությանը, Գրողների միությանը և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս մեծ իրադարձության իրագործմանը»։